Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ

Հայ ժողովրդի համախմբման բացառիկ հնարավորությունն այժմ մեր ձեռքերում է. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցարույցը ֆրանսիական «Libération» օրաթերթին

13.06.2018

«Libération»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ թավշյա հեղափոխությունից ի վեր ցանկանում է սփյուռքին հայրենիք վերադարձնել։

Աշխարհը նրան բացահայտեց՝ ուսապարկը մշտապես մեջքին, բարձրախոսը ձեռքին, վարչապետ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ Երևանի փողոցներում պայքարելիս։ Թավշյա հեղափոխությունից և իշխանության խաղաղ անցումից մեկ ամիս անց Նիկոլ Փաշինյանը զբաղեցրեց իր պաշտոնը. այժմ արդեն մշտապես փողկապով է։ Նա նախատեսում է խորհրդարանական ընտրություններ անցկացնել մինչև 2019 թ., և ուրեմն, իր առջև մեկ տարի կա՝ համոզելու համար։ Կառավարական իր թիմը ձևավորելուն և առաջին խոշոր ռեֆորմները նախաձեռնելուն զուգընթաց՝ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է ունեցել «Լիբերասիոնի» ( Libération) և «Աժանս Ֆրանս պրեսսի» ( l'AFP) հետ։

Ձեր ազգակիցներն ի սկզբանե Ձեզ ճանաչել են որպես լրագրողի, ակտիվիստի, ընդդիմադիր պատգամավորի և հեղափոխականի։ Ինչպե՞ս եք տանում Ձեր փոխակերպումը այժմ պետական գործչի։

Բոլոր հեղափոխություններն էլ անհրաժեշտ պահին կանգնում են ընտրության առաջ․ կա՛մ ամրապնդել այն, կա՛մ անվերապահորեն հետամուտ լինել դրա շարունակությանը։ Դա է տարբերությունը Ֆիդել Կաստրոյի և Չե Գևարայի միջև։ Հայկական նախադեպի պարագայում՝ որոշողը ես չէի, այլ ժողովուրդը, ով արդեն քայլ էր արել առաջ։ Շարունակելով նախկին իմ գործունեությունը՝ ես ջուրը գցած կլինեի բոլոր սպասելիքները։ Միասին մենք հանրային քննարկման դրեցինք առկա խնդիրների մի ամբողջ ցանկ։ Այժմ աշխատելու և դրանք լուծելու ժամանակն է։

Կաշառված, անարդյունավետ և ոչ թափանցիկ դատական համակարգի բարեփոխմանն առնչվող հարցը Ձեր բարձրացրած խնդիրներից մեկն էր։ Պե՞տք է սպասել այնպիսի շոկային թերապիայի, ինչպես հարևան Վրաստանում 2003թ․-ի հեղափոխությունից հետո։

Նման թերապիայի կարիք չկա։ Վերջին տարիների ընթացքում միջազգային եկամուտներից հարյուր հազարավոր դոլարներ ծախսվել են դատաիրավական համակարգի կատարելագործման ուղղությամբ։ Այդ աշխատանքների արդյունքը դրական է և օրենսդրական աշխատանքների 90%-ն արված է։ Սակայն այդ բոլոր ջանքերն ի վիճակի չէին փոփոխելու առանցքային պրոբլեմը․ Բաղրամյան 26-ից դատավորներին արձակած ուղիղ հրամանները։ Ես նման հեռախոսային զրույցներ չեմ ունենում։ Եւ ուրեմն, հարցը լուծված է. կաշառված դատավորները պարզապես կձերբակալվեն։ Նրանք, ովքեր մնացել են ակաշառ, կշարունակեն գործել ազատության և անկախության պայմաններում, իսկ բարեփոխումներն ի կատար կածվեն իրենց սովորական հունով։

Ձեզ նախորդող ղեկավարը հետևում էր «փոխլրացման» սկզբունքի վրա հիմնված միջազգային քաղաքականությանը: Հայաստանը Եվրասիական միության անդամ է մի շարք երկրների, ի թիվս որոնց՝ նաև Ռուսաստանի հետ։ Նա նաև ստորագրել է համապատսխան համաձայնագիր Եվրամիության հետ։ Միջազգային քաղաքականության մեջ և՞ս դուք կշարունակեք նման քաղաքականությունը։

Իշխանափոխության քաղաքական գործընթացը միջազգային համատեքստում չի եղել։ Աշխարհաքաղաքական բեկման մասին խոսք լինել չի կարող։ Տարբերությունները զգալի կլինեն միայն Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Մենք նպատակ ունենք պաշտպանել մեր երկրի ինքնավարությունը, անկախությունը, համազգային շահերը: Մենք արևմտամետ չենք, մենք ռուսամետ չենք, առհասարակ որևէ կողմ մենք միտված չենք, մենք հայամետ ենք։

Դուք խոստացել եք ձեռնամուխ լինել տնտեսական մենաշնորհներից և օլիգարխիայից մաքրման գործին։ Ենթադրելի է, որ դա չի բխում Ռուսաստանի շահերից, օրինակի համար՝ այնպիսի խոշոր ընկերություններ կտուժեն, ինչպես՝ «Գազպրոմը», «Ռոսնեֆտը»։ Ուրեմն Ձեր վարած ներքին քաղաքականությունը ներգործություն կունենա արտաքինի վրա։

Ասում են՝ Գազպրոմի մենաշնորհային լինելը «բնական» է գազի հայկական շուկայում։ Բայց մենք հնարավորություն ունենք նաև Իրանից գազ ներկրելու։ Ուրեմն մոնոպոլիայի մասին խոսք լինել չի կարող։ Մենք մտահոգ ենք նաև գազի չափազանց բարձր գներով։ Մեր ռուս գործընկերները հասկանում են մեր մոտեցումները և բաց են քննարկումների համար։ Ռոսնեֆտը ևս նավթի ներկրման մենաշնորհ չունի։ Նույնը վերաբերում է նաև երկաթուղիներին, բանկերին և այլն։ Ռուսական իշխանությունները հարգում են մեր ինքնիշխանությունը․ դա ապացուցվեց հեղափոխության օրերին որևէ տեսակի միջամտության բացակայությամբ։ Մեր նպատակն ամենևին ամենայն ռուսականն արմատախիլ անելը չէ։ Հակառակը, մենք ցանկություն ունենք հնարավորինս շատ միջազգային ներդրումներ բերելու, լինեն դրանք ռուսական, ֆրանսիական, եվրոպական, ամերիկյան, թե այլ։

Հայկական սփյուռքը կազմում է գրեթե 6 միլիոն մարդ։ Շատերը ներդրում ունեն տնտեսական և մշակութային ծրագրերում, սակայն չեն ապրում երկրում։ Դուք հայտարարել եք հայրենադարձության մեծ նախագծի մասին։ Ինչպե՞ս եք հասնելու դրա իրականացմանը։

Դա ռազմավարական նպատակ է, որ իմ կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», կազմել է երկար ժամանակ։ Ես համարում եմ, որ մեր հայրենակիցների մեծամասնությունը կարող է իր օգուտը բերել ոչ միայն երկրի տնտեսական, մշակութային զարգացմանը, այլ նաև կառավարմանը և հանրային կազմակերպմանը։ Թավշյա հեղափոխությունից հետո՝ ժողովրդավարական և ոչ բռնի, մենք ունենք ազգային համախմբման բացառիկ հնարավորություն։ Թեպետ կան իրավական որաշակի խոչընդոտներ արտասահմանում բնակվող հայերի մասնակցությունն ապահովելու հարցում։ Նրանց ներգրավվածությունը հեշտացնելը և խթանելը կլինի հենց առաջին քայլը մեծ հայրենադարձության կազմակերպման ճանապարհին։

← Վերադառնալ