Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներածական խոսքը ասուլիսի ժամանակ
- 1670x1113px - 718 Կբ
- 1670x1113px - 713 Կբ
- 1113x1670px - 652 Կբ
- 1670x1113px - 782 Կբ
- 1670x1113px - 365 Կբ
- 1670x1113px - 611 Կբ
- 1670x1113px - 659 Կբ
- 1670x1113px - 649 Կբ
- 1670x1113px - 546 Կբ
- 1670x1113px - 580 Կբ
- 1670x1113px - 536 Կբ
- 1670x1113px - 612 Կբ
- 1670x1113px - 614 Կբ
- 1670x1113px - 624 Կբ
- 1670x1113px - 613 Կբ
- 1670x1113px - 580 Կբ
- 1670x1113px - 541 Կբ
- 1670x1113px - 735 Կբ
- 1670x1113px - 616 Կբ
- 1670x1113px - 615 Կբ
ևս 17 լուսանկար
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Ուրախ եմ ձեզ տեսնելու համար:
Սա մեր երրորդ ասուլիսն է, հանդիպումն այս ձևաչափով, եթե չեմ սխալվում, և այս ընթացքում ես հնարավորինս խուսափեցի հընթացս հարցերին պատասխանել, որպեսզի մեր այս հանդիպումն ավելի պահանջված լինի: Մինչ ձեր հարցերին պատասխանելու փուլին անցնելը ցանկանում եմ երկու կարճ նկատառում անել և կիսվել մի նորությամբ, որն այսօր առավոտյան եմ ստացել.
2019 թվականի փետրվարին 2018 թվականի փետրվարի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում հիպոթեկային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով: Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում հիպոթեկային վարկավորման աճը կազմել է 145 տոկոս՝ փետրվարը փետրվարի նկատմամբ: Ընդհանրապես այսօրվա դրությամբ երկրում հիպոթեկային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է 30 տոկոսով, և մասնագետների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է: Ես ուզում եմ նկարագրել այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան իրական կյանքի վրա. սա նշանակում է, որ առաջիկայում մենք ունենալու ենք շինարարության պահանջարկ: Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր՝ ոչ միայն շինարարության ոլորտում, այլև շինանյութերի արտադրության ոլորտում և ընդհանրապես սպասարկման ոլորտում և այդպես շարունակ: Սա, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշ է, որն իր հերթին, բնականաբար, բերելու է գործազրկության կրճատման, նոր աշխատատեղերի բացման:
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաև, որ այս պահի դրությամբ Հայաստանում առկա է, կառավարության հետ առնվազն քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2,7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալով: Այդ ծրագրերից 42-ը՝ 774 մլն ԱՄՆ դոլարի ծավալով, ըստ էության, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, մյուսները գտնվում են ակտիվ քննարկման փուլում: Սա նշանակում է, որ երկրում նաև որոշակի ներդրումային հետաքրքրությունների աճ ունենք:
Հաջորդը, որ կցանկանայի նախաբանում ասել՝ գիտեք, որ մարտի 23-ին երկրում տեղի է ունենալու համապետական մաքրության օր, և հույս ունեմ՝ այդ օրը մենք բոլորս կմասնակցենք համապետական մաքրության այդ գործողություններին: Ես ինքս էլ անձամբ, բնականաբար, մասնակցելու եմ և կփորձեմ թերևս մասնակցել նախապես չհայտարարված որևէ բնակավայրում: Հույս ունեմ՝ մեր քաղաքացիները նույնպես ակտիվ կմասնակցեն: Ցանկանում եմ ասել, որ վիզուալ առումով երկրում ամենամեծ պրոբլեմներից մեկն աղբի համարատածության պրոբլեմն է: Մի անգամ կառավարության նիստում առիթ եմ ունեցել ասելու՝ կհամարեմ, որ երկրում իսկապես հեղափոխական մասշտաբի փոփոխություններ են տեղի ունեցել, դա, իհարկե, խնդրի վիզուալ կողմը կլինի, որը բազմաթիվ բովանդակային նրբությունների մասին կվկայի, եթե մենք մեր երկիրը, մեր չնաշխարհիկ երկիրը կարողանանք ազատել աղբից և այլ թափոններից, մասնավորապես՝ ավտոմեքենաների, տարբեր կրպակների թափոններից: Ուրախ եմ, որ այս գործընթացն արդեն սկսվել է:
Ընդհանուր առմամբ կառավարության գործունեության մանրամասներին առիթ կունենանք առաջիկայում անդրադառնալու՝ Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցի քննարկման ընթացքում: Դրա համար այսօր ես այլ մանրամասների չեմ անդրադառնում և ուրախ եմ այս առիթի համար:
Ցանկանում եմ ասել, որ եկել եմ այստեղ՝ ձեր բոլորին հարցերին պատասխանելու և հույս ունեմ, որ այս քննարկման ընթացքում կհնչեն բոլոր հնարավոր հարցերը, որովհետև նախկին ասուլիսների փորձից ես գիտեմ, որ կան դեպքեր, երբ, օրինակ, լինում են թեմաներ, որոնք, այսպես ասած, համացանցում մեծ իրարանցում և փոթորիկներ են անում և ասուլիսի ժամանակ, չգիտեմ ինչու, այդ թեմաներով հարցեր չեն հնչում: Հույս ունեմ, որ այսօր բոլոր հնարավոր հարցերը կտաք՝ արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, անձնական, ոչ անձնական, բոլոր հարցերը՝ ամեն ինչի մասին, որովհետև այս ասուլիսների ձևաչափի կարևորագույն նպատակն է, որպեսզի ես անձամբ, կառավարությունը, մենք բոլորս, իմ ընտանիքը լինենք 100 տոկոս թափանցիկ և հաշվետու մեր հանրության առաջ:
Հավաստիացնում եմ, որ չկա որևէ հարց, որը ես չէի ցանկանա, որ հնչի, և չկա որևէ հարց, համոզված եմ ասում, որի պատասխանը ես չունեմ: Այնպես որ, եթե որևէ մեկը հարցը չի տալիս՝ մտահոգվելով, որ ես, հնարավոր է, այդ հարցի պատասխանը չունեմ, խնդրում եմ՝ մի մտահոգվեք, հանգիստ առաջադրեք ձեր հարցերը:
Շնորհակալություն»:
Այնուհետև Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնց թվում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:
«Tert.am» լրատվական կայք, Տիգրանուհի Մարտիրոսյան - Հարցս վերաբերում է արցախյան հիմնահարցի կարգավորմանը: Առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպելու եք Իլհամ Ալիևի հետ: Դա լինելու է հանդիպո՞ւմ, թե՞ բանակցություն, և Ձեր հայտնի հայտարարությունից հետո, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, Ձեր ընդդիմախոսների կողմից այն մասին շատ է խոսվում, որ Դուք հրաժարվում եք պատասխանատվությունից, մյուսները ողջունում են Ձեր այն միտքը, որ Դուք չեք կարող բանակցել Արցախի փոխարեն: Ի վերջո Հայաստանն ինչքա՞ն է պատրաստ սպասել, Ադրբեջանի կողմից դեռ դրական ազդակներ այդ մասով ամեն դեպքում չկան, եթե Ադրբեջանը չհամաձայնի Արցախի վերադարձին բանակցային սեղան՝ ի՞նչ է անելու Հայաստանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Սպասելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա և դիվանագիտական գործընթացում պետք է պարզապես հետևողականորեն աշխատել: Այն, ինչ հրապարակային ասվում է, նորություն չէ ո´չ Մինսկի խմբի համանախագահների, ո´չ ադրբեջանցի մեր գործընկերների համար, որովհետև այն, ինչ ասել ենք այս ընթացքում բոլոր շփումների ժամանակ՝ առնվազն այդ թեման, օրակարգը ես առաջադրել եմ: Դա նույն օրակարգն է, ինչը ձևավորվել է 2018 թվականի մայիսին: Եվ այդ օրակարգի սպասարկումը մենք շարունակում ենք: Եվ ուզում եմ արձանագրել մի կարևոր նրբություն: Ես ինչպես արդեն Ստեփանակերտում հայտարարեցի` սա մեր կողմից ո´չ քմահաճույք է, ո´չ նախապայման: Մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր գործընկերների հետ և փորձելու ենք այս քննարկումը շարունակել փաստարկների դաշտում, որովհետև բանակցությունը բանակցություն է նրանով, որ մենք իրար լսում ենք:
Համենայն դեպս, Հայաստանը ցուցաբերել է այդ ընդունակությունը՝ լսել դիմացինին, փորձել հասկանալ դիմացինին և նույնն ակնկալում է նաև իրենցից: Այնտեղ, որտեղ մեր գործընկերները համարում են, որ մեր դիրքորոշումը կարող է գնահատվել չափից դուրս կարծր, մենք կարող ենք այդ դիրքորոշումը մեղմացնել, բայց նույն ակնկալիքը մենք պետք է ունենանք նաև մեր գործընկերներից, որովհետև խոսակցությունը հակառակ դեպքում տեղի չի ունենա: Իմիջայլոց, նմանատիպ առաջին հայտարարությունը ես արել եմ ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու 2018 թվականի մայիսին և նաև վարչապետ ընտրվելուց հետո հաջորդ օրը գտնվել եմ Ստեփանակերտում՝ նույն հայտարարությունն արել եմ այնտեղ: Այս հայտարարությունների շարքը մարտահրավերներ չեն, դրանք երկխոսության հրավեր են, երկխոսության գործընթաց են և այդ երկխոսությունն իրականում նոր չի սկսվել: Այդ երկխոսությունը սկսվել է Դուշանբեում, շարունակվել է Սանկտ Պետերբուրգում, տեղի է ունեցել Դավոսում, հաջորդը չգիտեմ որտեղ տեղի կունենա: Եվ մենք չենք պատկերացնում մի ռեժիմ, որ կողմերից որևէ մեկն ասի, որ ես երկխոսությունից հրաժարվում եմ: Դա տրամաբանական մոտեցում չի լինի, բնականաբար մենք էլ երկխոսությունից չենք հրաժարվի, այդ երկխոսության ընթացքում սեղանին կդնենք մեր փաստարկները և ուշադիր կլսենք մեր գործընկերների հակափաստարկները: Եվ կարծում եմ, որ կառուցողական և արդյունավետ լուծումը կամ շարունակությունը հենց այս տրամաբանության շրջանակում պետք է լինի:
«Ազգ», Մարիետա Խաչատրյան – Եվ շատ փոքրիկ ճշտում կխնդրեի Արցախի հարցի հետ կապված, եթե Ալիևն անընդհատ ասում է Ձեր մի դրույթը չեն ընդունում հենց նախապես, նշելով, թե Արցախի վերադարձը ձևաչափի փոփոխություն է, այդ դեպքում հետագայում եթե դուք շարունակելո՞ւ եք պնդել այդ հակափաստարկը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Արցախի հարցի հետ կապված, ամենատարօրինակ և սխալ մեկնաբանությունը, որ արվում է այդ թեմայի վերաբերյալ հետևյալն է. ասվում է, որ սա բանակցային ձևաչափի փոփոխության առաջարկ է: Միայն Ալիևը չի ասում, Հայաստանում էլ կան մարդիկ, որ ասում են: Եվ ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ, դա բանակցային ֆորմատի վերականգնման առաջարկ է, և որպեսզի իմ ասածը մերկապարանոց չհնչի, ես ուզում եմ մեկ-երկու փաստ ներկայացնել:
Փաստ առաջին՝ երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է 1992թ., պոտենցիալ մասնակիցների թվում Եվրոպայում անվտանգության և խաղաղության հանձնաժողովի ընդունած փաստաթղթում, որը հետագայում վերանվանվեց ԵԱՀԿ, հստակ ընդգծված է եղել, որ Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչներ հրավիրվելու են համաժողովին որպես շահագրգիռ կողմեր: Սա ընդհանրապես բանակցային գործընթացի դեռ սաղմնային վիճակն է:
Հաջորդը՝ 1994թ. մայիսին հրադադարի պայմանագիրը կնքել է երեք կողմ և այդ պայմանագրում, որը կնքվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովի, Հայաստանի պաշտպանության նախարար Սարգսյանի և ԼՂՀ բանակի հրամանատար Բաբայանի կողմից, շատ հստակ գրված է, որ ստորագրում են հակամարտող կողմերը: Այսինքն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը ստորագրել է փաստաթուղթ Հայաստանի պաշտպանության նախարարի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Իմիջիայլոց, ասեմ, երբ ես վարչապետ ընտրվելուց հետո մի հարցազրույցում կամ ելույթում ասել էի, որ հակամարտության կողմերն են Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը, Հանրապետականները մի այնպիսի աղմուկ էին բարձրացրել, իրենք ասում են՝ ոնց, Հայաստանը ոնց է հակամարտության կողմ, մինչդեռ փաստաթուղթը, որտեղ հստակ գրված է, որ Հայաստանը հակամարտության կողմ է, ստորագրել է իրենց կուսակցության ղեկավարը:
Հաջորդը՝ 1994թ. դեկտեմբերի 21-ին ընդունվեց ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթաժողովի հռչակագիրը, որի երկրորդ գլխի ենթաբաժիններից մեկը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այդ պարբերությունում համաժողովի մասնակցող պետությունները ողջունում են հակամարտող կողմերի կողմից հրադադարի մասին համաձայնագիրը: Այսինքն, ԵԱՀԿ-ն այս փաստաթուղթն ընդունել է որպես իր գործողությունների հիմք:
Հաջորդը՝ սա մեկը մյուսի շարունակությունն է, այսինքն պրոցեսի զարգացումն է: Հաջորդը՝ Բուդապեշտի փաստաթղթին հաջորդեց ԵԱՀԿ գործող նախագահ պարոն Լազլո Կովաչի ամփոփումը: Այդ փաստաթուղթը ԵԱՀԿ ավագ խորհրդի 1995թ. մարտի 31-ին Պրահայում կայացած հանդիպման արդյունքների գործող նախագահի ամփոփումն էր: Եվ այդ պարբերության մեջ ասվում է հետևյալը. ԵԱՀԿ գործող նախագահն այդ ամփոփման մեջ վերահաստատել է հակամարտության վիճակի վերաբերյալ ԵԱՀԿ նախորդ որոշումները, նշելով հակամարտության կողմ հանդիսացող երկու պետությունների և հակամարտության այլ կողմի մասնակցությունը (Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցային ողջ գործընթացում և Մինսկի համաժողովում): Այսինքն, սա է բանակցային ֆորմատը, որը միջազգայնորեն համաձայնեցվել է և ճանաչվել է: Եվ հետևաբար, նրանք, ովքեր ասում են, որ իմ ասածը նշանակում է բանակցային ֆորմատի փոփոխություն, լավ տեղեկացված չեն բանակցային ֆորմատի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթ, Նաիրա Հովհաննիսյան – Շարունակելով արցախյան հակամարտության թեման, Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Դուք նշել էիք, որ առաջիկայում կարևորագույն նպատակը պետք է լինի երեք հիմնական սկզբունքների և վեց տարրերի պարզաբանումը: Ինչպե՞ս եք դա պատկերացնում և այժմ՝ այս իրավիճակում, որքանո՞վ են այդ սկզբունքներն ընդունելի կամ, առհասարակ, ընդունելի՞ են, թե ոչ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես հենց դա նկատի ունեմ: Որպեսզի հասկանանք ինչ վերաբերմունք ունենք այդ սկզբունքների նկատմամբ, պետք է հասկանանք ինչ են դրանք նշանակում, որովհետև մենք ունենք տեքստ և ունենք տեքստի տասնյակ մեկնաբանություններ, ընդ որում այդ մեկնաբանություններն արվում են պետական մակարդակով: Ես իմ խոսքում ասացի, որ շատ կարևոր է հասկանալ՝ ինչ մեկնաբանության վրա ենք հիմնվելու հետագա բանակցությունների ընթացքում, որովհետև այն մեկնաբանությունները, որոնք տալիս է Ադրբեջանը հայտարարված սկզբունքների վերաբերյալ, մեզ համար անընդունելի է: Մենք կարող ենք, իհարկե, մեր մեկնաբանությունն անել, բայց մենք չենք գնում այդ ճանապարհով, որովհետև մեր խնդիրը լեզվակռվի մեջ չէ:
Մենք ուզում ենք, որ համանախագահները, Ադրբեջանի ներկայացուցիչները, Հայաստանի ներկայացուցիչները, Ղարաբաղի ներկայացուցիչները միասին հասկանանք, այդ սկզբունքներն ինչ են նշանակում, ինչ կարող են նշանակել գործնականում: Օրինակ, այդ սկզբունքներն Ադրբեջանը մեկնաբանում է հետևյալ կերպ, թե դա նշանակում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս: Սա մի մեկնաբանություն է, իսկ կարո՞ղ է լինել մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի անկախ պետություն, իսկ կարո՞ղ է լինել մեկնաբանություն, որ Ղարաբաղը պետք է լինի Հայաստանի մաս և այլն և այդպես շարունակ:
Այսինքն, քանի դեռ բոլորս չենք համաձայնեցրել խոսակցության հնարավոր շրջանակը, թե մենք ինչի մասին ենք խոսում, մենք իրար չենք հասկանա: Իմիջիայլոց, այս խնդիրները, որ ձևակերպել եմ, ինչո՞ւ ես դրա մասին չէի խոսում 2018թ. մայիսին, շատ պարզ պատճառով, որովհետև այս ընթացքում այս անհրաժեշտությունը ծագել է Ադրբեջանի նախագահի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների, միջազգային այլ գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքում: Կան ամենատարբեր մեկնաբանություններ՝ մի մասը հրապարակային, մի մասը ոչ հրապարակային:
Այո, կան միջազգային գործընկերներ, ես չեմ կարող հիմա նրանց վրա հղում անել, որոնք ասում են, որ այդ սկզբունքները նշանակում են, որ Ղարաբաղն ակնհայտորեն չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մեկ ուրիշն ասում է՝ ոչ, ակնհայտորեն նշանակում է, որ չի կարող լինել Ադրբեջանի կազմից դուրս: Երրորդը՝ երրորդ բանն է ասում, չորրորդը՝ չորրորդ բանը: Ես նոր մարդ եմ բանակցություններում և ուզում եմ հասկանալ, թե ով է ճիշտ, ով սխալ:
Ես մի այսպիսի գաղտնիք էլ բացեմ, վարչապետ ընտրվելուց հետո Արտաքին գործերի նախարարի հետ մենք հանդիպում ենք ունեցել Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, մենք խնդրել ենք իրեն, որ գա և մեզ որոշակի տեղեկություններ հաղորդի: Այս գործընթացը շարունակվում է, ես օրինակ որ ասում էի, ասում էին՝ ի՞նչ եք խոսում Ալիևի հետ, բոլոր հնարավոր դավադրությունների սցենարները, հավաստի աղբյուրները հանդիպումից առաջ պատմել էին, թե ինչ է տեղի ունեցել: Ես ասել, եմ, որ խոսքը ավելի շատ գնացել է բանակցային գործընթացի պատմության մասին, որովհետև ես՝ որպես նոր մարդ բանակցային գործընթացներում, ունեմ բազմաթիվ հարցեր և նույնիսկ երկրների ղեկավարների հետ եմ այդպիսի հարցեր քննարկել, որ այս դրվագում կան այսպիսի մեկնաբանություններ, հիմա այսպիսի մեկնաբանություններից ո՞րն է ճիշտը, այս դրվագի հետ կապված կան այսպիսի տեղեկություններ, այդ տեղեկություններից ո՞րն է ճիշտը:
Ասում են, որ այստեղ իրականում եղել է այսպես և ոչ թե այսպես, որովհետև ինձ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում: Այո կան մարդիկ, որ ասում են, որ պետք չէ հասկանալ, եկել ես, նստի սկսի այս կետից ու շարունակի, բայց պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում ամեն ինչը, ամեն բառը, ամեն փուլը: Այս ամենը, ինչի մասին խոսում ենք, ոչ թե քմահաճույք է, այլ անհրաժեշտություն, որովհետև այո, ես բնականաբար, ստացել եմ հսկայական տեղեկատվություն, բայց այդ հսկայական տեղեկատվությունը ևս նոր հսկայական տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն է առաջ բերում, որովհետև այս գործընթացը շատ բարդ գործընթաց է, ինքն ունի բազմաթիվ նրբություններ: Երբ մեկն ուզում է բանակցություններում ներգրավված լինել, ինքը պետք է տիրապետի ամբողջ տեղեկատվությանը, հասկանա այդ պրոցեսի ողջ նրբությունը:
Իլհամ Ալիևն արդեն քանի տարի բանակցությունների պրոցեսի մեջ է, համանախագահները՝ դա իրենց աշխատանքն է, միակ մարդը, որ նոր է, դա ես եմ և ես, բնականաբար, պետք է այդ հարցերն ունենամ: Կարծում եմ, ոչ մեկը չի ակնկալում, որ ես պետք է գամ ու ասեմ՝ ինձ ոչ մի բան հետաքրքիր չէ: Պարզ չէ, շատ բան կա, որ պարզ չէ: Երկխոսությունը դա է, երկխոսությունն ի՞նչի համար է, եթե բոլորին ամեն ինչ պարզ է, էլ երկխոսության իմաստը ո՞րն է: Երկխոսության նպատակը հենց բազմաթիվ հարցեր պարզաբանելն է և առաջիկա հանդիպումը, իհարկե, նաև առնվազն մեր ընկալմամբ, նվիրված կլինի այդպիսի մի շարք պարզաբանումների, որն արդեն պաշտոնապես արձանագրել ենք, որովհետև այնքան հակասական տվյալներ կան՝ ի՞նչ է տեղի ունեցել Կազանում, ի՞նչ է նշանակում այն հայտարարությունը, ի՞նչ է տեղի ունեցել Վիեննայում, ի՞նչ է տեղի ունեցել Քիվեստում:
Եթե բոլորը միաձայն ասեն, որ Կազանում եղել է այս, Քիվեստում եղել է այս, Վիեննայում եղել է այս, ոչ մի հարց չէր ծագի, բայց ինչքան մարդ, այնքան մեկնաբանություն, թե ինչ է եղել: Ուստի ծագում են հարցեր: Եվ այդ հարցերը պետք է պարզաբանվեն: Որպես բանակցային գործընթացում նոր ներգրավված մարդ, պարտավոր եմ այդ բոլոր հարցերի պատասխաններն ունենալ և հույս ունեմ, որ մեր գործընկերներն ինձ կաջակցեն, որպեսզի ես այդ հարցերի պատասխանները ստանամ: