Մամլո հաղորդագրություններ

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ

03.05.2018

Հարգելի զանգվածային լրատվական միջոցների աշխատակիցներ, լրագրողներ,

Շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ և մաղթում, որ ձեր միտքն ու գրիչը մշտապես ուղղված լինեն Հայաստանի հզորացմանը։

Մենք բոլորս պարտավոր ենք ամեն մեկս մեր տեղում անել հնարավոր ամեն ինչ՝ մեր երկիրն ավելի լավը, ավելի ուժեղ դարձնելու գործում, և այս պրոցեսում դուք շատ մեծ առաքելություն ունեք:

Դուք եք այն ուժը, որը պարտականություն ունի ոչ միայն հասարակությանը հուզող հարցերը և խնդիրները բարձրաձայնելու, այլ նաև հայրենասեր և իր երկրի ապագայի համար անհանգիստ քաղաքացու կերպարի ձևավորման գործում, քանի որ ի վերջո ամեն ինչի հիմքում կայծն աչքերում մարդն է:

Քաղաքական ուժերի, իշխանության և ընդդիմության, քաղաքացիական հասարակության հետ մեկտեղ դուք էլ եք պատասխանատու մեր երկրում ավելի հանդուրժող միջավայր ձևավորելու հարցում՝ մի միջավայր, որտեղ մենք կլսենք և կընկալենք դիմացինի կարծիքը, անգամ եթե համաձայն չենք դրա հետ, ավելի բարի կլինենք, իրար ավելի սիրով և հարգանքով կվերաբերվենք: Նման հանդուրժող միջավայր ձևավորելը բոլորիս պարտքն է:

Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ և բոլորիդ գարնանային լավ տրամադրություն եմ մաղթում:
 

← Վերադառնալ