Մամլո հաղորդագրություններ

Այն պաշտոնյան, որը կոռուպցիոն որոշումներ է կայացնում՝ պետք է սպասի իրավապահ մարմինների արագ արձագանքին. վարչապետը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետին

11.05.2018

ևս 7 լուսանկար

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին և կոլեգիայի անդամներին է ներկայացրել ոստիկանության նորանշանակ պետ Վալերի Օսիպյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած այն աշխատանքների համար, որոնք բխել են Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության շահերից: «Ուզում եմ ձևակերպել այն խնդիրները, որը ես դնում եմ ՀՀ ոստիկանության առաջ. առաջինն, իհարկե, իրավակարգի և օրինականության ամբողջական և անվերապահ պահպանումն է, երկրորդը՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանությունը: Այս խնդիրների մեջ ես ուզում եմ առանձնացնել մի քանի ենթախնդիրներ. առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունում քրեածին ակտիվությունը պետք է հասնի աննախադեպ ցածր մակարդակի, հաջորդը՝ մենք բոլորս պետք է դուրս գանք քաղաքացիներին անընդհատ և հնարավոր բոլոր առիթներով տուգանելու գործելակերպից, որովհետև նման գործելակերպով մենք, իմ կարծիքով, խաթարում ենք մթնոլորտն երկրում: Պարոն Օսիպյան, անհրաժեշտ է շատ արագ հասկանալ, թե ինչ որոշումներ պետք է կայացնենք, որպեսզի այս խնդիրը հնարավոր լինի երաշխավորել նաև դե յուրե», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պատժելու քաղաքականությունը պետք է փոխարինել կանխարգելելու արդյունավետ քաղաքականության, որը չպետք է ընկալվի որպես չնկատելու քաղաքականություն: Վարչապետն ավելացրել է, որ ոստիկանությունը Երևանի քաղաքապետարանի հետ պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի քաղաքացիներին խցանումներից, անհարմարություններից զերծ պահելու համար:

«Հաջորդ ուղղությունը, որ ցանկանում եմ մատնանշել՝ դա կոռուպցիայի դեմ պայքարն է: Հայաստանի Հանրապետությունում առաջինն ոստիկանական համակարգում պետք է բացառվի որևէ կարգի կոռուպցիա և այստեղ մենք կարող ենք չնկատելու քաղաքականությունը փոխարինել պատժելու քաղաքականությամբ: ՀՀ-ում կոռուպցիան պետք է ընդհանրապես արմատախիլ արվի: Այն, ինչ վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքական առումով տեղի ունեցավ ՀՀ-ում՝ շատերը գնահատում էին որպես անհնար մի բան: Հետևաբար, եթե մենք սկսել ենք իրականություն դարձնել անհնարինը, ուրեմն պետք է նույն տեմպով շարունակենք նաև կոռուպցիայի դեմ պայքարը, և ես ակնկալում եմ, որ ՀՀ-ում այլևս չի լինի լուր այն մասին, որ ճանապարհային որևէ տեսուչ կաշառք է վերցնում: Այն պաշտոնյան՝ ոստիկանության, թե որևէ այլ ոլորտի, որը կաշառք է վերցնում, կոռուպցիոն որոշումներ է կայացնում, պետք է սպասի իրավապահ մարմինների շատ արագ արձագանքին: Այդպիսի խնդիր ձևակերպել եմ նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առջև»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետական մարմինների ամենակարևոր գործառույթը հետևյալն է. առավել հարմարավետ դարձնել քաղաքացիների կյանքը, Հայաստանում ապահովել սիրո և համերաշխության մթնոլորտ:

«Ըստ էության, ստացվել է այնպես, որ նաև քաղաքական իրադարձությունների բերումով քաղաքացիները, հատկապես ընդդիմադիր տրամադրված քաղաքացիները և ոստիկանությունն երբեմն եղել են գծի տարբեր կողմերում: Ակնկալում եմ, որ մենք այդ գծերը կջնջենք, մանավանդ, որ վերջին մեկ ամսվա քաղաքական իրադարձությունների ժամանակ այդ գծերը սկսել էին ջնջվել, և ես ցանկանում եմ ոստիկանությանը հատուկ շնորհակալություն հայտնել վերջին մեկ ամսվա իրադարձությունների ընթացքում, առավել ևս վերջին 10-15 օրվա ընթացքում, հնարավոր օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանների բերումով մաքսիմալ զսպվածություն ցուցաբերելու համար»,- նշել է վարչապետը:
Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար և կարևորել ոստիկանության համակարգում բարեփոխումների շարունակությունը: Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել Վալերի Օսիպյանի մասնագիտական կարողությունները և մաղթել նրան արդյունավետ աշխատանք:

Իր հերթին, Վալերի Օսիպյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին մեծ վստահության համար և համոզմունք հայտնել, որ այն խնդիրները, որոնք դրվել են ոստիկանության առջև ՝ բարձր մակարդակով կիրականացվեն:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Կադրային քաղաքականության մեջ պետք է բացառել պատկերավոր ասած կլանային մոտեցումը և ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողական առաջխաղացման սկզբունքը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ծառայությանը, Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին: Կարծում եմ, բոլորս լավ հասկանում ենք, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ ոստիկանությանը շարունակելու են ընկալել որպես մի սուբյեկտ, որը կանգնած է փշալարերի այն կողմում: Մեր և ձեր ամենակարևոր խնդիրն է շատ արագ ՀՀ քաղաքացիներին ի ցույց դնել, որ ոստիկանության և ժողովրդի միջև փշալարեր, վահաններ, հատուկ միջոցներ չկան և ոստիկանությունը ծառայում է Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին: Սա է քաղաքական խնդիրը, որ մենք շատ արագ պետք է լուծենք»,- եզրափակել է կառավարության ղեկավարը:
 

← Վերադառնալ