Մամլո հաղորդագրություններ
Վարչապետը «Վեոլիա»-ի փոխնախագահի հետ քննարկել է ՀՀ-ում ֆրանսիական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին:
Վարչապետը կարևորել է «Վեոլիա» ընկերության գործունեությունը մեր երկրում և հույս հայտնել, որ ՀՀ կառավարության և ընկերության միջև կձևավորվի սերտ համագործակցություն՝ ջրային արդյունավետ քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողական քայլեր իրականացնել ջրի կորուստների ծավալները նվազեցնելու ուղղությամբ և հավելել, որ դա կնպաստի նաև սակագնային արդյունավետ քաղաքականությանը:
Մալիկա Գենդուրին վստահություն է հայտնել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո ՀՀ նոր կառավարության հետ կծավալվի փոխշահավետ համագործակցություն, ինչը կնպաստի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը, ստանձնած պարտավորությունների կյանքի կոչմանը: «Վեոլիա»-ի փոխնախագահն ընդգծել է, որ ՀՀ կառավարության հետ համատեղ կկարողանան գտնել բոլոր խնդիրների լուծումները:
Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է քարտեզագրել ջրի կորուստների աշխարհագրական բաշխվածությունը և ճշտել սպառած ջրի դիմաց կուտակած պարտքի չափը՝ այդ թվում «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատներինը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որպեսզի ընկերությունը հետևողական լինի և բարձրացնի գործունեության արդյունավետությունը՝ ուշադրության տակ պահելով ոչ միայն անապահով և խոցելի խավերին, այլ հատկապես՝ վճարունակ, բայց անպարտաճանաչ սպառողներին: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Վեոլիա ջուր»-ն ավելի շատ ներդրումներ իրականացնի և իր համար ապահովի ավելի մեծ եկամուտներ: Վստահեցնում եմ, որ մեր կառավարության գործունեության ընթացքում չեք բախվի վարչապետի շահերին, այլ կբախվեք միայն քաղաքացիների շահերի պաշտպանությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ֆրանսիական ընկերությանն առաջարկել ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր խնդիրներն ու կներկայացնի դրանց լուծման հստակ առաջարկություններ: