Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք

24.08.2018

ևս 6 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:
Արարողակարգի համաձայն, երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-գերմանական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին:

***

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ

Մեծարգո´ տիկին կանցլեր,
Հայաստանի Հանրապետության մեծարգո´ նախագահ,
Գերմանիայի դաշնային հանրապետության պատվիրակության հարգելի´ անդամներ,
Հայաստանի Հանրապետության պետական այրեր,
Հարգելի հյուրեր,
Այսօր հիրավի հիշարժան օր է Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների պատմության համար, որովհետև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերը պատմության մեջ առաջին անգամ այցելում է Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի մամուլն արդեն հասցրել է այցը որակել որպես պատմական և ես համաձայն եմ այդ որակման հետ: Դրա հետ համաձայն եմ որպես կանխավարկած, բայց հիմա՝ բանակցություններից հետո, համաձայն եմ նաև որպես արդյունք, որովհետև մենք չափազանց կարևոր և արդյունավետ բանակցություններ ունեցանք տիկին կանցլերի հետ: Եվ համոզված եմ, որ հետևողականորեն և սկզբունքորեն մեր բոլոր պայմանավորվածությունները կետ առ կետ իրականություն կդարձնենք, ինչը կնշանակի նոր էջ մեր երկրների հարաբերությունների համար: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ միջպետական հարաբերություններն այս այցի արդյունքներով հնարավորություն ունեն ամրապնդվել մարդկային հարաբերություններով, որովհետև տիկին կանցլերն իր փորձով և մարդկային հատկանիշներով դրական մթնոլորտ էր ստեղծում և տրամադրում բաց ու անկեղծ խոսակցության: Այդ ոճն առավել արդյունավետ է և առավել հաճելի: Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Այդ ներուժը գալիս է մեր երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքից, նաև ավելի երկարաժամկետ պատմության ընթացքից և ես համոզված եմ, որ մեր կառավարությունն ամեն ինչ կանի, որ մինչ այս եղած պոտենցիալը բազմապատկվի և մենք ունենանք առավել մեծ, առավել տպավորիչ արդյունքներ ու մեր հարաբերությունները զարգանան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանում Գերմանիայի նկատմամբ առանձնահատուկ, էմոցիոնալ և քաղաքական վերաբերմունք է ձևավորվել այն բանից հետո, երբ 2016 թվականի հունիսին Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց: Ողբերգական ցնցումների միջով անցնելով, մեր ժողովուրդն այսօր իր ապագայի վերաբերյալ լավատես է առավել քան երբևէ և ես ուրախ եմ, որ տիկին կանցլերը և Գերմանիայի պատվիրակության մեր գործընկերները միանգամից Հայաստանում նկատել են այդ լավատեսությունը և պատրաստակամ են աջակցելու այդ լավատեսությանը, ինչն ինքնին նշանակում է, որ մեր երկրների բարեկամությունը քաղաքական մակարդակում, տնտեսական մակարդակում և մարդկային մակարդակում շարունակելու է խորանալ: Ուզում եմ բաժակ բարձրացնել հայ-գերմանական հարաբերությունների նոր էջի համար, այդ հարաբերությունների մեջ լավատեսության մեծացող պաշարի համար և այն վճռականության համար, որ մենք ունենք մեր երկրների հարաբերություններում նոր էջ բացելու իմաստով: Բարով եք եկել Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունը սիրով սպասում էր Ձեզ, և հույս ունեմ, որ այդ սիրո և լավատեսության մթնոլորտը մեզ կուղեկցի ոչ միայն Ձեր՝ այստեղ գտնվելու ընթացքում, այլև Ձեր հեռանալուց հետո՝ երկար ու երկար տարիներ, և նոր հիմք կստեղծի մեր փոխադարձ այցելությունների համար, մեր փոխադարձ հարաբերությունների համար և փոխադարձ լավատեսության համար: Շնորհակալ եմ: Կեցցե´ հայ-գերմանական բարեկամությունը:


Անգելա Մերկելի բաժակաճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գերմանիայի կանցլերի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ

Մեծարգո´ պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան,
Մեծարգո´ պարոն նախագահ,
Հարգելի´ պատգամավորներ,
Տիկնայք և պարոնայք,
Թույլ տվեք իմ և իմ պատվիրակության անունից շնորհակալություն հայտնել այսօր մեզ ցուցաբերված բարձր ընդունելության և ջերմ վերաբերմունքի համար: Ուրախ ենք հյուրընկալվելու մի քաղաքում, որն ունի 2800 տարվա պատմություն և հարուստ է մշակութային և պատմական մեծ պաշարով: Այսօր ես և իմ պատվիրակությունն այցելել ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ մեր մտածմունքներն ուղղված են եղել դեպի հայ ժողովրդի մեծ ցավը, որը նա կրել է 1915 թվականին: Ես առիթ ունեցա եղևնի տնկել ծառուղում և տպավորված ենք Ծիծեռնակաբերդ ունեցած մեր այցից: Հուսով եմ, որ Հայաստանը նայում է դեպի ապագա և դրա վառ ապացույցներից մեկն իմ՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելությունն էր, որտեղ շփվեցի երեխաների հետ: Գարնան ամիսներին մենք ուշադրությամբ հետևում էինք Հայաստանում ծավալվող իրադարձություններին, հետևում էինք, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները, հատկապես երիտասարդները վճռականորեն տրամադրված խաղաղ ցույցերի միջոցով իրականացնելու և արտահայտելու իրենց քաղաքական կամքը: Մենք՝ Գերմանիայի Դաշնային կառավարության ներկայացուցիչներս, պատգամավորները, պատվիրակության տնտեսական ոլորտի ներկայացուցիչները և առհասարակ գերմանական կողմը ցանկանում է ձեզ ուղեկից լինել այդ խիզախ փոփոխությունների ճանապարհին և ցանկանում է աջակից գործընկեր լինել հայաստանյան հետագա զարգացումների ուղղությամբ: Մենք գիտենք, թե որքան են մարդիկ սիրում խոսել, բայց մենք երկուստեք կարևորեցինք գործը և այսօր մեր առանձին հանդիպման ընթացքում մեզ հաջողվեց ուղենշել և որոշակիացնել այն բոլոր ոլորտները, կետերը, որտեղ մենք կարող ենք ավելի խորացված համագործակցել միմյանց հետ: Մենք կարող ենք հաջողությամբ շարունակել խորացնել համագործակցությունը կրթության, գիտահետազոտական, տնտեսական և բազմաթիվ այլ ոլորտներում: Գերմանիան կարող է Հայաստանին աջակցություն ցուցաբերել նաև Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն արդյունավետ կիրարկելու ճանապարհին: Եվ որպեսզի մենք չմոռանանք մեր պայմանավորվածությունների մասին՝ ես Ձեզ՝ պարոն վարչապետ, հրավիրեցի հյուրընկալվել Գերմանիայում, որպեսզի կարողանանք արձանագրել ձեռքբերված առաջընթացը և շարունակել աշխատել հետագա զարգացման ուղղությամբ: Ուստի թույլ տվեք, հայտնելով իմ գոհունակությունը, բաժակ բարձրացնել և խմել հայ-գերմանական բարեկամության, հայ-գերմանական համագործակցության հետագա զարգացման համար:
 

← Վերադառնալ