Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը դռնփակ ռեժիմով քննարկել է համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը

04.10.2018

ևս 15 լուսանկար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետը նշել է, որ կառավարությունն այսօրվա նիստում դռնփակ ռեժիմով կքննարկի համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը: «Այն մենք կքննարկենք դռփակ ռեժիմով, որովհետև օրենքը նախատեսում է, որ Ազգային ժողովի հանձնաժողովի նիստում քննարկումը պետք է լինի դռնփակ: Տրամաբանական չի լինի, եթե կառավարության նիստում դռնբաց քննարկվի, հետո ԱԺ հանձնաժողովի նիստում՝ դռնփակ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:


Օրենսդրական նախաձեռնություններ. հոկտեմբերի 11-12-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր



Հավանության է արժանացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծով առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովով, որին կմասնակցեն ավելի քան 40 երկրների ղեկավարներ: Ըստ այդմ՝ գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերը՝ հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով: Օրինագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ, առաջարկություններ: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է դրույթը առավել նպատակահարմար ձևակերպել և առաջարկել «չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում» նախադասությունը շարադրել հետևյալ կերպ՝ «բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ»:
Վերոնշյալ օրինագիծն ընդունելու նպատակով կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է ԱԺ նախագահին հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմամբ: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է առանձին հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսելով որպես հանցագործության առավել վտանգավոր տեսակ՝ նախատեսել առավել խիստ պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարելու հրապարակային կոչերի, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե առաջացրել է այդ հանցանքները կատարելու իրական վտանգ: Արդյունքում՝ կքրեականացվեն ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարում պետության քրեական քաղաքականության խստացմանը, այդ հանցագործությունների կանխմանը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:

Գործադիրը հավանություն է տվել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներակայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ օրինագծի ընդունումը հնարավորություն կտա զգալիորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները՝ մասնակիորեն լուծելով դրանց գերբեռնվածության խնդիրը։ Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխության համաձայն՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: Գործադիրի առաջարկության համաձայն, մասնավորապես, նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե դրա ընդունման արդյունքում ինչպես վարվել այն դատապարտյալների հետ, որոնց պատժի վերահաշվարկի արդյունքում կստացվի, որ դատարանի կողմից սահմանված պատժից ավելի ժամկետով «գտնվել են» քրեակատարողական հիմնարկում:

«Պարոն Մարուքյանի առաջարկած նախագծի հիմնական շարժառիթը ՔԿ-ների բեռնաթափումն է, որը ինչ-որ ձևով կապ ունի համաներման հետ: Եվ քանի որ համաներում հայտարարելու ենք, կարծում եմ՝ այդ խնդիրը լուծվում է: Մանավանդ, որ մեզ մոտ իսկապես հիմա կալանքի կիրառման պրակտիկան փոխվել է. ավելի քիչ թվով մարդիկ են կալանավորվում և ՔԿ-ների գերբեռնվածության խնդիրն էլ լիարժեք լուծված է: Նպատակը, որը դրված է նախագծում, կարծում եմ՝ լուծում ենք, և հավելյալ բարդություններ առաջացնելու խնդիր չկա»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:


Արտոնություններ՝ հերթական ներդրումային ծրագրերին


Կառավարության որոշմամբ բավարարվել է «Սահլևս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը գործում է Կոտայքի մարզում, մասնագիտացված է մշակող արդյունաբերության բնագավառում. ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայիչների արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացել ավելի քան 1 020 մլն ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 20 աշխատատեղ՝ 160 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի մոտ 1 մլրդ 109 մլն ՀՀ դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Պրինտարմ դավեստ» ՍՊԸ-ն: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տպագրության ոլորտում։ Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է տպագրության ոլորտում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացել 840 750 հազար ՀՀ դրամի ներդրում, ստեղծել 5 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 3 450 մլն ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Մեկ այլ որոշմամբ «Սևանի շաքարի գործարան» ՓԲԸ-ին տրվել է ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն: Հիմնավորման համաձայն՝ արտադրության ծավալները զգալի քանակով նվազելու արդյունքում գործարանը 2009 թվականից ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը։ Այժմ, ընկերությունը նախատեսում է վերազինել և արդիականացնել շաքարավազի արտադրության գործարանը: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել 3,78 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, ստեղծել 95 նոր աշխատատեղ` 129 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

 

Այլ որոշումներ.  6 մարզպետներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից


Կառավարությունն ընդունել է Աշոտ Սիմոնյանին՝ Արագածոտնի, Հրանտ Մարգարյանին՝ Լոռու, Արագած Սաղաթելյանին՝ Վայոց ձորի, Գագիկ Միրիջանյանին՝ Արմավիրի, Իշխան Սաղաթելյանին՝ Գեղարքունիքի, Կարեն Համբարձումյանին՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշումներ:

Նիկոլ Փաշինյանն նշել է, որ վերոնշյալ որոշումների ընդունումը պայմանավորված է վերջին օրերի քաղաքական իրադարձություններով: «Վերջին օրերի քաղաքական իրադարձությունները տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ և եղել են հրապարակային: Նաև մի շարք նախարարներ են ազատվել աշխատանքից: Ուզում եմ նախկին նախարարներին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Կադրային որոշումները կայացվել են քաղաքական հայտնի իրադարձությունների բերումով և ուզում եմ մեր բոլոր գործընկերներին մաղթել հաջողություն»,- ասել է կառավարության ղեկավարը:

Ներկայումս գործող 9 օպերատորներից բացի, պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հնարավորություն կտրվի նաև «Յունիբանկ» ԲԲԸ-ին: Այդ նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Արդյունքում կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը:
Վարչապետը հորդորել է ապահովել պատճաշ իրազեկում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների վերաբերյալ, քանի որ կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տեղյակ չեն, որ բանկերում այդպիսի ծառայություններ են մատուցվում:


 

← Վերադառնալ