Մամլո հաղորդագրություններ

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն

10.11.2018

ևս 10 լուսանկար

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ:

Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Փարիզի Օրսե թանգարանում բացված «Պիկասո. կապույտ և վարդագույն» խորագիրը կրող ցուցահանդես, շրջայցի ընթացքում ծանոթացել հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասոյի վաղ շրջանի ստեղծագործություններին: Ցուցահանդես էին այցելել նաև Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա ժամանած մյուս պատվիրակությունների ղեկավարները:

«Պիկասո. կապույտ և վարդագույն» ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 18-ին և տևելու է մինչև հունվարի 6-ը: Ցուցահանդեսում ներկայացված է հանրաճանաչ նկարչի վաղ շրջանի ավելի քան 300 ստեղծագործություն՝ տարբեր հավաքածուներից: Ցուցադրված են նաև Պիկասոյի մի շարք հայտնի կտավներ, որոնք Օրսե թանգարան են բերվել աշխարհի տարբեր երկրներից:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նաև մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի անունից մասնակից պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների պատվին տրված ճաշին:

Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին:
 

← Վերադառնալ