Մամլո հաղորդագրություններ
Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության ձևավորման գործընթացին
- 1670x1113px - 504 Կբ
- 1670x1113px - 753 Կբ
- 1670x1113px - 537 Կբ
- 1670x1113px - 686 Կբ
- 1670x1113px - 572 Կբ
- 1670x1113px - 651 Կբ
- 1670x1113px - 553 Կբ
- 1670x1113px - 598 Կբ
- 1670x1113px - 528 Կբ
- 1670x1113px - 562 Կբ
- 1670x1113px - 595 Կբ
- 1670x1113px - 633 Կբ
- 1670x1113px - 512 Կբ
- 1670x1113px - 532 Կբ
- 1670x1113px - 565 Կբ
ևս 12 լուսանկար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննակումը վարչապետն անդրադարձել է կառավարության ձևավորման գործընթացին:
«Գիտեք, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է, և զուգահեռ մենք նաև կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր ենք քննարկում: Օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների 2/3-րդը: Մենք կգնանք այդ ճանապարհով՝ կառավարության անդամների 2/3-րդը կնշանակվի, 1/3-րդը չի նշանակվի, քանի դեռ մինչև վերջին դետալը չենք հստակեցրել կառավարության կազմի, կառուցվածքի փոփոխությունների հետ կապված հարցերը: Մի բան ակնհայտ է՝ նախարարությունների թիվը կրճատվելու է և ուղղակի այս պրոցեսը պետք է տանել մաքսիմալ անցնցում, սահուն և կանխատեսելի ճանապարհով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ պատճառով կգնան այսպիսի «ճանապարհային քարտեզով»:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվածները չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից
2019 թ. հունվարից բարձրացել են կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, ինչը կանդրադառնա բազմաթիվ ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքի վրա: Մասնավորապես, կենսաթոշակի նվազագույն չափը, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանվել են 25500 դրամ։ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական պաշտպանության բավարար մակարդակ ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ սահմանվում է, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018 թ. դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019 թ. ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի կառնվեն 2018 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով: Արդյունքում՝ վերոնշյալ անձիք նպաստների չափերի բարձրացման պատճառով, չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից:
Առաջիկայում կմեկնարկի նոր էլեկտրակայանի կառուցման գործընթացը
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, Արմփաուեր ՓԲԸ-ի և Ռենկո Ս.Պ.Ա-ի միջև կնքված շրջանակային համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին: Ըստ հիմնավորման՝ Երևանի տարածքում՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ ի գործող ՋԷԿ-ի հարևանությամբ, կառուցել գազային վառելիքով աշխատող կոմբինացված ցիկլով 250ՄՎտ հզորությամբ նոր էլեկտրակայան: Ուղղակի պայմանագիրը նախատեսում է մի շարք կարգավորումներ, մասնավորապես՝ կառավարությունը համաձայնություն է տալիս, որ կառուցապատողը ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ ֆինանսավորող կողմերի հանդեպ ունեցած իր պարտավորությունների կատարման ապահովում տրամադրի վերջիններիս՝ ֆինանսական փաստաթղթերին համապատասխան և կնքելով նրանց հետ համապատասխան պայմանագրեր: Կառավարության ներկայացուցիչների պահանջով պայմանագրում նախատեսվել է նաև պարտավորություն, որ կառուցապատողը կառավարությանը ներկայացնի ֆինանսավորող կողմերի հետ կնքված պայմանագրերի պատճենները՝ դրանց ստորագրման օրվանից հաշված 10 օրվա ընթացքում: Արդյունքում՝ ծրագրի ֆինանսավորմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ կմտնեն, ինչը հնարավորություն կտա կառուցապատողին սկսել ծրագրի իրականացման գործընթացը։ Ծրագրի իրականացման համար կներդրվի 250 մլն ԱՄՆ դոլար։ Շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, որում կներգրավվի 1000-1200 մարդ։ Կայանի շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ: 50-70 աշխատող արդեն կայանի շինարարության ընթացքում կգործուղվեն Գերմանիա՝ Siеmens ընկերությունում համապատասխան վերապատրաստում անցնելու և որակավորում ստանալու համար։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նշել է, որ պայմանագրով Հայաստանի Հանրապետության շահերը տնտեսական առումով լիարժեքորեն պաշտպանված են:
Օրենսդրական նախաձեռնություններ. նպաստավոր պայմաններ կստեղծվեն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու համար
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու հետ։ Օրինագծով առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարծիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։ Արտոնությունը կգործի մինչև 2022թ.-ը: Օրենքի նախագծով նախատեսվում է նպաստավոր պայմաններ ստեղծել երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև ՀՀ էներգետիկ կախվածության նվազեցման համար։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդները) կիրառման ավելացումը կնպաստի նաև խցանումների նվազմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը։
Օրինագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, ներկայացվել են տեսակետներ և առաջարկություններ:
«Աշխարհը գնում է այդ ճանապարհով և ակնհայտ է, որ 20,30 տարի հետո տրանսպորտային միջոցների կեսից ավելին լինելու են էլեկտրոմոբիլները: Մենք ուզում ենք այդ տեխնոլոգիայի ներկրումը խթանենք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ցանկացած տեխնոլոգիա իր հետ հարակից ինչ-որ արդյունքներ է բերում և պետք է մտածել դրանք կառավարելու մասին:
Վարչապետն անդրադարձել է նաև երկրում առկա աղբի, կրպակների, ավտոմեքենաների կարկասների խնդրին: «Ընդհանուր առմամբ ես այսպիսի բանաձև ունեմ՝ մեր երկրի, այսպես ասած, իրավիճակը լիարժեք կարող ենք համարել, որ փոխվել է, եթե կարողանանք երեք բանից ազատվել: Մեկը աղբն է, որը ամենուրեք է, երկրորդը կրպակներն են, որոնք չգիտես երբ, ինչպես, ում կողմից, ինչի համար են տեղադրված ամենուրեք, և երրորդը ավտոմեքենանների կարկասներներն են: Եթե կարողանանք այս երեք հարցը լուծել վիզուալ մակարդակում, կնշանակի, որ մեր երկրում իսկապես ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել»,- նշել է կառավարության ղեկավարը:
Գործադիրը հավանություն է տվել 2018 թ. սեպտեմբերի 12-ին Ալմաթայում ստորագրված ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», ինչպես նաև 2018 թ. հոկտեմբերի 19-ին Երևան քաղաքում ստորագրված ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնություններին:
Հանրապետությունում կներդվի ջրախնայող տեխնոլոգիաների հայեցակարգ
Կառավարությունը հաստատել է ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը: Ըստ այդմ՝ ներկայացվում են ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը և ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, առաջարկվող լուծումներն ու առավելությունները, ինչպես նաև նպատակների իրականացմանն ուղղված միջոցառումները: Հայեցակարգի ներդրումը հիմք կհանդիսանա շտկելու տարիներ շարունակ ոչ ռացիոնալ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում ջրային ռեսուրսների վերականգնման համար՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության հետագա կայուն զարգացումը, բնական ռեսուրսների վերականգնման և ողջամիտ օգտագործման պահանջները, մարդկանց առողջության վրա վնասակար ազդեցության նվազեցումը:
Այլ որոշումներ
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառության շրջանակի ընդլայնումը, ինչպես նաև մինչև 2018 թ. հունվարի 1-ը գործող հարկային օրենսդրության մասով կառավարության 2017 թ. մարտի 30-ի համապատասխան որոշմամբ սահմանված կարգավորումները հանելը: Որոշմամբ առաջարկվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու նպատակով սահմանված՝ ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի հետ կապված չափանիշը առնվազն 95 տոկոսի փոխարեն սահմանել առնվազն 90 տոկոս:
Քաղաքացիների հետ նվիրատվության պայմանագրերի կնքումն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ կառավարության 2011 թ. հուլիսի 14-ի որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքի Զինվորական ավանի ժամանակավոր կացարանների բնակիչների նվիրատվությամբ տրամադրվել էր իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Նույն որոշմամբ նախատեսվել էր դրույթ, ըստ որի նշված բնակիչների հետ պետք է կնքվեր նվիրատվության պայմանագիր՝ ութամսյա ժամկետում: Պայմանագրեր կնքվել են 21 բնակելի տարածքների բնակիչներից 18-ի հետ, իսկ 3 բնակելի տարածքների բնակիչների հետ տարբեր պատճառներով չեն կնքել: Կառավարության այսօրվա որոշումը հնարավորություն կտա նվիրատվության պայմանագրեր կնքել նաև մնացած բնակիչների հետ:
Գործադիրի որոշումներով Վահե Ղալումյանը ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի, իսկ Կարեն Սարուխանյանը՝ ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնից: