Մամլո հաղորդագրություններ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներին

27.01.2019

ևս 6 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամներին:

«Ողջունում եմ հարգելի գործընկերներ: Հարգելի պարոն Տեր-Խաչատուրյան, ուրախ եմ մեր ծանոթության համար, ուզում եմ շնորհավորել անձամբ Ձեզ և Բյուրոյի մյուս ընտրված անդամներին, մաղթել ամենայն հաջողություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, և ընդհանրապես մեր ժողովրդի: Իհարկե, ես միշտ ասել եմ, որ շատ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի գործունեությունը և կարևոր համարում հետագա գործունեությունը: Մեր կառավարությունը միտված է և հակված է լայն ու արդյունավետ համագործակցություն ունենալ Դաշնակցության հետ, որովհետև հասկանալի է, որ մենք շատ հարցերում նույն տեսակետը չունենք, բայց պակաս չեն հարցերը, որոնց վերաբերյալ առնվազն մեր ընկալման վեկտորները համընկնում են: Այնպես որ, ուրախ եմ այս առիթի համար, նաև համոզված եմ, որ ընթացիկ հարցեր քննարկելու հնարավորություն կունենանք: Կրկին անգամ շնորհավորում եմ անձամբ Ձեզ և Բյուրոյի մյուս անդամներին ընտրության կապակցությամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

«Շնորհակալություն պարոն վարչապետ: Նախ ցանկանում եմ անձամբ շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ, նաև շնորհակալություն հայտնել դեռևս մեր ժողովից առաջ հրավեր ուղղելու համար, որպեսզի հանդիպեք Բյուրոյի նոր անդամներին: Ուրախ եմ, որ հնարավորություն կա ունենալ բաց զրույց: Ինչպես առհասարակ նշում ենք մեր կարգախոսներում՝ մեր նպատակն է ունենալ հզոր հայրենիք և սփյուռք, վստահ եմ, որ այդ ուղղությամբ կան բավական ոլորտներ, որտեղ կկարողանանք համագործակցել՝ ի շահ մեր ազգային առաջնահերթությունների: Մենք միշտ պետության կողքին ենք՝ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև մեր հայապատկան հողերում ապրող հայերի իրավունքների ջերմ պաշտպանն ենք»,- իր հերթին նշել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի անդամները վարչապետին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների և հետագա ծրագրերի մասին:

 

← Վերադառնալ