Մամլո հաղորդագրություններ

ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վստահության աստիճանը մեծանում է. Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է ՊԵԿ ստորաբաժանումների գործունեությանը

09.04.2019

ևս 17 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ այցելել է ՊԵԿ ստորաբաժանումներ:

Կառավարության ղեկավարը նախ եղել է Արարատյան մաքսատուն-վարչությունում՝ ավտոմաքսատանը, որտեղ կատարվում են տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողնման համապատասխան գործառույթները: Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խիստ անբավարար է գնահատել մաքսատան մարքությունը և հանձնարարել սեղմ ժամկետներում տարածքը բերել պատշաճ վիճակի: «Սա խայտառակ կեղտոտ տարածք է և անթույլատրելի վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ»,- նշել է վարչապետը և հանձնարարել տարածքում իրականացնել նոր գծանշումներ և քաղաքացիների համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տևել է շուրջ 15 րոպե: «Հետագայի համար մաքսատան աշխատակիցների հետ ֆիքսել ենք 20 րոպե ժամանակահատվածն ու հանգել պայմանավորվածության: Ըստ այդմ, մեքենան պետք է 20 րոպեում մաքսազերծված լինի»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը զրուցել է նաև մաքսազերծման գործընթացում գտնվող քաղաքացիների հետ, հետաքրքրվել մաքսազերծման ընթացքից և խնդիրներից: Քաղաքացիներից մի քանիսը բողոքել են ավտոմեքենաների պետհամարանիշների տրամադրման խնդրից: Նիկոլ Փաշինյանը տեղում կապ է հաստատել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ և տեղեկացրել, որ խնդիրը պայմանավորված է վերջին տարիներին ներկրվող ավտոմեքենաների թվաքանակի ավելացմամբ: «Մեքենաների ներկրման ծավալները կտրուկ մեծացել են: Կանխատեսել են, որ ավելի պետք է լինի, բայց այժմ նախատեսվածից էլ ավելի է: Պետհամարանիշների համար նախատեսված թիթեղների նոր խմբաքանակն այսօր կհասնի հանրապետություն»,- նշել է վարչապետը:


Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն՝ ծանոթացել վերձինիս հիմնական գործառույթներին և իրականացվող նախագծերին: Մասնավորապես, կառավարության ղեկավարին են ներկայացվել ՊԵԿ սերվերային ենթակառուցվածքը, տվյալների մշակման կենտրոնը:

Վարչապետը եղել է Կոմիտասի 35 հասցեում գտնվող հարկ վճարողների սպասարկման սրահում, ծանոթացել ստորաբաժանման գործունեությանը, վերլուծության գործառույթ իրականացնող բաժնի աշխատանքներին: Կառավարության ղեկավարը եղել է ՊԵԿ ուսումնական կենտրոնի լսարանում, որտեղ պարբերաբար անցկացվում են վերապատրաստումներ և քննություններ, հետևել հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցների վերապատրաստման դասընթացին:

Այցի շրջանակում կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Մոնիտորինգի բաժնի, Հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի գործունեությանը:

ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար կազմի հետ և նշել. «Կարիք չկա ասելու, թե մեր ծրագրերի իրականացման և երկրի զարգացման համար ինչ կարևոր ու առանցքային նշանակություն ունի Պետական եկամուտների կոմիտեն: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք գտնել կառավարություն-ՊԵԿ-հանրություն աշխատանքի ճիշտ բալանսավորված այն նիշը, որը բոլորի համար հարմարավետություն կստեղծի և հնարավորություն կտա, որ մենք մեր ծրագրերն իրականացնենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ վերջին 10 ամիսների ընթացքում կատարած աշխատանքի համար, որովհետև եկեք խոստովանենք, որ հեշտ ժամանակներ չեն եղել: Ուզում շնորհակալություն հայտնել, որ այն խնդիրները, որոնք ի սկզբանե ես դրել եմ, դրանց լուծման մեկնարկը կարծես սկսվում է և մենք լավատեսորեն ենք տրամադրված: Իհարկե, պարզ է, որ ՊԵԿ-ի աշխատանքը մեծապես պայմանավորված է տնտեսության ընդհանուր վիճակով, բայց ստվերի կրճատումը մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է և ուղղություն, որը վստահություն է ներշնչում պետական կառավարման մարմինների աշխատանքի և ընդհանրապես ապագայի նկատմամբ:

Երբ երկու օր առաջ տնտեսական բլոկի ներկայացուցիչներով Դիլիջանում քննարկում էինք անցկացնում, կային տարբեր գաղափարներ, որոնք քննարկում էինք: Կան նաև շատ տարբեր մարտահրավերներ, որոնց հետ պետք է առերեսվենք: Բայց այդ ողջ քննարկման արդյունքում անընդհատ մի տերմինի էինք բախվում՝ հարկեր-ՀՆԱ ցուցանիշին: Այս առումով, իհարկե, այդ ցուցանիշն ապահովելու կարևոր գործառույթը, առաջամարտիկը ՊԵԿ-ն է: Եվ կարևոր եմ համարում ու կարծես դա նկատելի է, թեկուզ ոչ մեծ ծավալներով, թեկուզ ոչ անառարկելիորեն, բայց ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքը փոխվում է, վստահության աստիճանը մեծանում է, և ուզում եմ, որ ՊԵԿ-ի իմիջի փոփոխությունն անընդհատ և լավ տեմպերով շարունակվի:

ՊԵԿ ասելով՝ մարդկանց մոտ պետք է բոլորովին ուրիշ ասոցիացիաներ առաջանան: Հույս ունեմ, որ այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ջանքերի համար, որ ներդրվում են այդ ուղղությամբ: Իհարկե, հատկապես այստեղ այս շեշտադրումն անելը շատ կարևոր է, որովհետև այսօր, ըստ էության, ՊԵԿ-ը թվայնացման ոլորտում կարծես մեր պետական կառավարման համակարգի առաջամարտիկն է, իսկ թվայնացումը նույնպես մեր կառավարության համար առաջնահերթություն է: Դա հնարավորություն պետք է տա, որ պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը և մակարդակն էականորեն բարձրանան: Անպայման այդ ուղղությամբ պետք է գնանք առաջ:

Պարոն Անանյան, աշխատանքային քննարկումների ընթացքում այս մասին խոսել ենք, և կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է իմանան, որ մեր աշխատանքային քննարկումների մթնոլորտը վերջին 10 ամիսների ընթացքում բարելավվել է, այդ քննարկումների մեջ լարվածությունը վերանում է, և ես դրա համար ցանկանում եմ Ձեզ և ներկաներին շնորհակալություն հայտնել: Ցանկանում եմ սա արձանագրելով՝ բոլորիս քաջալերել, որպեսզի մենք այս պրոցեսը վստահ և հաստատակամ շարունակենք, որովհետև իսկապես սա այն կարևոր անկյունաքարերից է, որի վրա պետք է մեր ապագան կառուցենք»:

* * *

Արարատյան մաքսատուն-վարչությունում (ավտոմաքսատուն) կատարվում են տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողնման համապատասխան գործառույթները: Գործընթացը իրականացվում է ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության կազմում գործող փաստաթղթային հսկողության, բացթողնման, գանձումների համակարգման և հաշվառման բաժիններում: Ստորաբաժանումն ունի 38 աշխատակից: Ունենալով 6-օրյա աշխատանքային գրաֆիկ՝ նրանք օրական իրականացնում են շուրջ 300 տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպում և բացթողում: Սպասարկման որակի բարելավման և աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով մի շարք միջոցառումներ են իրականացվել վերջին շրջանում: Մասնավորապես, հերթերի կառավարման համար ներդրվել է քաղաքացիների ավտոմատ հերթագրման համակարգ: Մաքսային ձևակերպումների ժամանակ չի պահանջվում ՀՀ ոստիկանության կողմից տրամադրվող տրանսպորտային միջոցի զննության տեղեկանքը, ինչպես նաև վնասակար գազերի արտանետումների քանակի վերաբերյալ փորձարկման արձանագրությունը: Հերթերից խուսափելու համար տրանսպորտային միջոցների ձևակերպումները և համապատասխան գործառույթներն իրականացվում են նաև ՀՀ բոլոր մաքսատուն-վարչություններում: Ի դեպ, 3-րդ երկրներից ներմուծված տրանսպորտային միջոցների համար 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ տարածքում ևս գործելու են ԵԱՏՄ միասնական դրույքաչափերը:

Երևանում և մարզերում գտնվող Հարկ վճարողների սպասարկման 20 բաժինները հարկ վճարողներին մատուցում են տարաբնույթ ծառայություններ՝ իրականացնելով հարկային պարտավորությունների հաշվառման, իրազեկման, տեղեկանքների տրամադրման, հարկային գործերի պահպանման և սպասարկման այլ գործառույթներ: Ընդ որում, հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է «մեկ պատուհան» սկզբունքով, ինչը նշանակում է, որ տարբեր վայրերում գտնվող սպասարկման կենտրոնները մատուցում են համանման ծառայություն՝ անկախ հարկ վճարողի գրանցման վայրից:

Վերլուծության գործառույթ իրականացնող բաժինները կատարում են կամերալ ուսումնասիրություններ, ինչպես նաև այլ վերլուծություններ, որոնք հիմք են հանդիսանում ռիսկային գնահատված հարկ վճարողների մոտ հսկողական աշխատանքների նախաձեռնման համար: Վերլուծություններ իրականացվում են նաև ՊԵԿ մոնիտորինգի կենտրոնի կողմից, որտեղ ի տարբերություն վերլուծությունների բաժինների, դրանք իրականացվում են ինքնաշխատ եղանակով: Ընդ որում, հարկային մարմնի կողմից ներկայումս կատարվում են աշխատանքներ, որոնց արդյունքում՝ երկարաժամկետ հատվածում նախատեսվում է վերլուծական աշխատանքներն ամբողջությամբ կենտրոնացնել մոնիտորինգային կենտրոնում՝ նվազագույնի հասցնելով մարդակային գործոնը:

Հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցների վերապատրաստման գործընթացն իրականացնում են ինչպես հարկային մարմնի լավագույն մասնագետները, այնպես էլ հրավիրված մասնագետներ: Վերապատրաստումների ավարտից հետո հարկային ծառայողներն անցնում են գրավոր թեստավորում, որի արդյունքները հետագայում հիմք են ընդունվում ատեստացիաների ժամանակ:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության սերվերները պարունակում են ավելի քան 60 տերաբայթ ծավալով տեղեկատվություն, իսկ մեկ օրվա ընթացքում մշակվում են ավելի քան 4 մլն. տեղեկատվական միավորներ, որոնք համալրվում են հարկ վճարողներից, ՊԵԿ աշխատակիցներից և այլ մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա: Սերվերային ենթակառուցվածքների և գործող համակարգերի մոնիթորինգի համակարգն ապահովում է հեռահար կառավարում (remote management)՝ իրական ժամանակում արտացոլելով հարկային և մաքսային համակարգերի կարգավիճակների վերաբերյալ տեղեկատվություն: Սերվերների և ցանցի ցանկացած հանգույցի խափանման կամ այլ խնդրի դեպքում մոնիթորինգային համակարգը ստանում է ազդանշան, իսկ համապատասխան մասնագետը՝ ծանուցում 24/7 ռեժիմով՝ հաշվի առնելով մաքսատներում համակարգերի շուրջօրյա աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գործառույթների կարևոր ուղղություններից է ներդրված ընթացակարգերի ավտոմատացումը և էլեկտրոնային կառավարման համակարգերի միջոցով հավաքագրվող տեղեկատվության արդյունավետ վերլուծությունը և դրա հիման վրա հարկային ու մաքսային վարչարարության օպտիմալացումը: Այս առումով, կարևորելով համաշխարհային տեխնոլոգիական նորարարությունները և թվային զարգացման ուղղությունները, նախաձեռնվել են միջոցառումներ՝ ապահովելու վերլուծությունների իրականացումը մեծ ծավալի տվյալների (Big Data) մեխանիզմների կիրառմամբ: Վերլուծական հնարավորությունների ընդլայնման արդյունքում կստեղծվի նորագույն մոտեցումներին համապատասխան տարբեր կառուցվածք ունեցող տվյալների շտեմարանների համադրմամբ ռիսկերի վերլուծության և կառավարման ժամանակակից գործիքակազմ: Վերլուծությունների արդյունքները նախատեսվում է կիրառել նաև ռիսկի պրոֆիլների և չափանիշների մշակման համար։ Ներդրված ռիսկերի կառավարման համակարգերը հանդիսանում են կոռուպցիոն մեխանիզմների և հնարավոր կողմնակալ մոտեցումների բացառման գլխավոր երաշխիք: Այսօր ռիսկային հարկ վճարողների ընտրությունն ու ստուգումների կազմակերպումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ռիսկերի չափանիշների հիման վրա մշակված տեղեկատվության արդյունքներով, իսկ մաքսային զննումների տեսակարար կշիռն ռիսկերի կառավարման համակարգի արդյունքում 2018թ. IV եռամսյակում կազմել է 7.5%, այն դեպքում, երբ 2017թ.-ի նույն ժամակահատվածում՝ կազմել էր 18.5%: Նախատեսվում է կատարելագործել ռիսկերի կառավարման համակարգը՝ ներդնելով «խելացի» ռիսկերի կառավարման (Smart Risk Management) համակարգ՝ արհեստական բանականության (Artificial Intelligence) և մեքենայական ուսուցման (Machine learning) մոտեցումների կիրառմամբ:

ՊԵԿ մոնիտորինգի բաժինը ստեղծվել է 2017թ.-ի ապրիլին և գործում է Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության կազմում: Բաժինն իրականացնում է հսկիչ-դրամարկղային մեքենաների, հաշվարկային փաստաթղթերի միջոցով իրականացված գործարքների և պետական բյուջե կատարված վճարումների ամենօրյա մոնիտորինգ: Իրացման շրջանառությունները, ծախսերը և դրանցից առաջացող հարկերը ձևավորվում են հիմնականում նշված գործարքների արդյունքում, որոնք, նախապես մշակված չափորոշիչների կիրառմամբ մշտադիտարկվում են բաժնի աշխատակիցների կողմից: Բացառապես էլեկտրոնային ծանուցումների միջոցով հարկ վճարողները նախ տեղեկանում են իրենց գործունեության հետ կապված ռիսկերին, որից հետո կարող են ինչպես էլեկտրոնային, այնպես էլ նախընտրած այլ եղանակով ներկայացնել բացատրություններ՝ ծանուցմամբ ներկայացված ռիսկերի վերաբերյալ: Ռիսկերի գնահատման չափանիշները պարբերաբար կատարելագործվում են՝ պայմանավորված նաև հարկ վճարողների կողմից ներկայացված բացատրություններով և հիմնավորումներով: Ծանուցման արդյունքում վարքագիծը չփոխած և բացատրություն չներկայացրած հարկ վճարողների ցանկերն ուղարկվում են համապատասխան ստորաբաժանումներին՝ հսկողական միջոցառումներ իրականացնելու և ռիսկերը ստուգելու նպատակով: Բաժնի կողմից կիրառվում են ՀԴՄ-ների մասով 9, հաշվարկային փաստաթղթերի մասով 8 ռիսկի չափանիշներ, իսկ եկամտային հարկի հայտարարագրման ռիսկերի վերհանման նպատակով մշակված 17 չափանիշները գտնվում են ծրագրավորման փուլում:

Պետական բյուջե կատարված վճարումները նույնպես ամենօրյա մոնիտորինգի են ենթարկվում, համադրվում են ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում առկա տեղեկատվության հետ, առաջացած տարբերությունները, և հայտնաբերված խնդիրները վերլուծվում են և տրամադրվում են համապատասխան ստորաբաժանումներին՝ արագ լուծում տալու համար: Բյուջե կատարված վճարումների վերաբերյալ մշակված տվյալները տարբեր տեղեկանքների տեսքով տրամադրվում են համապատասխան ստորաբաժանումներին՝ իրենց գործառույթներում կիրառելու, ինչպես նաև պաշտոնական կայքում հրապարակելու համար:

Բաժնում վերլուծվում են նաև հարկ վճարողների կողմից սխալներով փոխանցված վճարումների վերաբերյալ դիմումները, որոնք առկա տվյալների հիման վրա ճշտվում, նույնականացվում և հաշվառվում են համապատասխան ՀՎՀՀ-ներով: 2019թ.-ի ընթացքում նման եղանակով ճշգրտվել են 441 վճարումներ:

Ըստ նոր սերնդի ՀԴՄ-ներով հայտարարագրված ցուցանիշների` 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին տպվել է շուրջ 86 միլիոն կտրոն, ՀԴՄ-ներով իրացված վաճառքի գումարը կազմել է շուրջ 372.4 մլրդ դրամ, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածում՝ համապատասխանաբար՝ շուրջ 65 մլն կտրոն և 317.3 մլրդ դրամ: 2019թ. առաջին եռամսյակում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ 31.9%-ով աճել է տպված կտրոնների քանակը, իսկ ՀԴՄ-ներով իրացված վաճառքի գումարի աճը կազմել է 17.4%:

2019 թվականի առաջին եռամսյակում դուրս է գրվել ավելի քան 5 միլիոն 38 հազար հաշվարկային փաստաթուղթ, որոնցով իրացման ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 800.4 մլրդ դրամ, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում՝ համապատասխանաբար՝ ավելի քան 3 միլիոն 793 հազար և շուրջ 749.2 մլրդ դրամ: Այսինքն` հաշվարկային փաստաթղթերի քանակն ավելացել է 32.8 %-ով, իսկ դրանցով իրացման ընդհանուր արժեքը` 6.8 %-ով:

Ընդհանուր առմամբ, նոր սերնդի ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով հայտարարագրված իրացման ընդհանուր արժեքը 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է մոտ 1 տրիլիոն 173 միլիարդ դրամ` 2018թ. նկատմամբ աճելով շուրջ 10%-ով (2018-ի առաջին եռամսյակում եղել է շուրջ 1 տրիլիոն 66 միլիարդ դրամ):

ՀԴՄ-ների և հաշվարկային փաստաթղթերի ռիսկերի վերաբերյալ 2019-ի առաջին եռամսյակում ուղարկվել է 2.438 ծանուցում (հարկ վճարողների կողմից ներկայացվել է 660 բացատրություն), իսկ 2018-ին՝ 1.981 ծանուցում (ներկայացվել է 513 բացատրություն):

Հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնն ունի 12 աշխատակից, աշխատանքային ժամերն են` երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09:00-ից 18:00-ը, իսկ շաբաթ օրը` ժամը 10:00-ից 16:00-ը, հեռախոսահամարն է` 060-54-44-44: Կենտրոնը հեռախոսազանգերն ընդունում է բազմաալիքային հեռախոսահամարով:

Հեռախոսազանգերի կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների որակի գնահատման համար 2017 թվականի ապրիլից գործարկվել է «Հետադարձ կապի համակարգ» ծառայությունը, որը հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում հեռախոսազանգից հետո գնահատել տվյալ հարցման արդյունքում կենտրոնի աշխատակցի տրամադրած պատասխանի որակը: Հարցմանը մասնակցած հարկ վճարողների 76%-ը դրական է գնահատել կենտրոնի աշխատանքը, իսկ 24%-ը` բացասական:

2018 թվականի ընթացքում ՀԶԿ ստացվել է 206 065 հարցադիմում հարկային (80%) և մաքսային (20%) հարաբերությունները կարգավորող օրենսդրության և վարչարարության վերաբերյալ: Հարցադիմումներից 205 320-ը ստացվել են հեռախոսակապի, իսկ մնացած 745-ը՝ էլեկտրոնային փոստի միջոցով: Հարկ վճարողների կողմից 2018 թվականի ընթացքում ստացվել են նաև 668 դիմում-բողոք և 13 առաջարկություն: Բողոքներից 441-ը վերաբերել են ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտումներին (մասնավորապես` խոսքը վերաբերում է քաղաքացիներին ՀԴՄ կտրոն չտրամադրելուն), իսկ մնացած բողոքները վերաբերել են չգրանցված աշխատողներին, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև ելակետային տվյալներ չներկայացնելուն:

2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀԶԿ ստացվել է 63 082 հարցադիմում հարկային (80%) և մաքսային (20%) հարաբերությունները կարգավորող օրենսդրության և վարչարարության վերաբերյալ: Հարցադիմումներից 62 777-ը ստացվել են հեռախոսակապի, իսկ մնացած 305-ը՝ էլեկտրոնային փոստի միջոցով: Հարկ վճարողների կողմից 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել են նաև 191 դիմում-բողոք և 7 առաջարկություն:

 

← Վերադառնալ