Մամլո հաղորդագրություններ

Կառավարությունը Դդմաշենի կամրջի վերանորոգման համար 12,5 մլն դրամ կհատկացնի

20.08.2020

ևս 5 լուսանկար



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակին:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Դդմաշենի մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջով երթևեկության անվտանգության ու անընդհատության ապահովման համար: Ըստ հիմնավորման՝ մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր, չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում:

Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նշված կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն։ Ըստ նախարարի՝ կամրջի վերանորոգման համար նախատեսվում է հատկացնել 12,5 մլն դրամ, որը գոյացել է Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքում:


Օրենսդրական նախաձեռնություն. առաջարկվում է սոցիալական գովազդն ազատել հարկումից

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ հարկային օրենսգրքում, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Գովազդի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Հիմնավորման համաձայն՝ կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացման, տարածքային զարգացման անհամաչափությունները մեղմելու, ինչպես նաև վարչատարածքային բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես՝ կիրականացվեն լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ առողջության առաջնային պահպանման, միջհամայնքային և միջբնակավայրային ճանապարհների պահպանության ու շահագործման, հանրակրթական դպրոցների շենքերի պահպանության ու շահագործման, սոցիալական համալիր ծառայությունների կազմակերպման ու իրականացման ոլորտներում։ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդը ազատել հարկումից, դատարկ վահանակների և գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեդադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին: Նախագծերով առաջարկվում է սոցիալական գովազդն ազատել հարկումից: Առաջարկվող փոփոխություններով այդ վահանակների տեղադրման թույլտվությունների տրամադրումը և տուրքի գանձումը կկատարվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։ Առաջարկվում է նաև սահմանել նորմ, որի համաձայն ՀՀ կառավարությունը կհաստատի ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է նախագծի կարևորությունը հատկապես տարածքային համաչափ զարգացման առումով և նշել, որ այն լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված քայլերից մեկն է:

Հարցի առնչությամբ ծավալվել է շահագրգիռ քննարկում, մասնավորապես, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է մի շարք դիտարկումներ: Քննարկման արդյունքում որոշվել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախագիծ կներկայացնի թեմային առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:

Դրամաշնորհի միջոցները կուղղվեն COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում համապատասխան բժշկական պարագաների և սարքերի ձեռքբերմանը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվող դրամաշնորհի միջոցներն Առողջապահության նախարարությունը կնպատակաուղղի նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում համապատասխան բժշկական պարագաների և սարքերի ձեռքբերմանը` բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Ինչպես նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, դրամաշնորհի գումարը կազմում է 2 մլն ԱՄՆ դոլար: «Այդ գումարով ձեռք կբերվեն միջոցներ՝ ուղղված COVID-19-ի դեմ պայքարին: Խոսքը պաշտպանիչ անձնական միջոցների, մանրէաբանական լաբարատորիաների սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, բժշկական սարքավորումների և այլ պարագաների մասին է: Սա Ասիական զարգացման բանկի առաջին օգնությունը չէ մեր երկրին, մինչ օրս տրամադրվել է բազմակողմանի օգնություն»,-ասել է նախարարը:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարությունը բավարարել է «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: 2018 թ. հիմնադրված ընկերությունը Կոտայքի մարզում զբաղվում է կենդանիների, ձկների, ընտանի թռչունների համար համակցված կերերի արտադրությամբ։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել համակցված կերերի արտադրության համար սարքավորումներ, գործարանի կառուցման համար շինարարական պարագաներ, հումքի և պատրաստի արտադրանքի փոխադրման համար բեռնատար թամբային քարշակներ և կիսակցորդներ։ Ընկերությունը նախատեսում է կառուցել կերերի արտադրության համար գործարան։ Եղվարդի համակցված կերերի գործարանը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 5 մլրդ դրամի չափով ներդրում` ցանկում ներկայացված ներմուծվող ապրանքների ձեռքբերման համար, իսկ մնացած մասը գործարանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 5․7 մլրդ, որից 4․9 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ մնացած մասը նախատեսվում է պահեստավորել: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 185 նոր աշխատատեղ` 140-150 հազ․ դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրի որոշմամբ ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից կօգտվի «Մհեր Գասիա» ՍՊԸ-ն: 2012 թ.-ին հիմնադրված ընկերությունը զբաղվում է բժշկական պարագաների (մեկանգամյա օգտագործման ստերիլ և ոչ ստերիլ պարագաներ բժշկական հաստատությունների համար) արտադրությամբ։ Ընկերությունը նպատակ ունի արտադրելու որակական ցուցանիշներով բարձր արտադրանք, որը սպառողնեի համար կլինի ավելի մատչելի: 2020 թ. սկզբին ընկերությունը ձեռք է բերել արտադրական նշանակության տարածք՝ նախատեսելով արտադրել բժշկական դիմակներ, սանիտարահիգենիկ վիրահատական հատուկ նշանակության հագուստ: Ընկերությունն արդեն իսկ կատարել է 75 մլն դրամի կապիտալ ներդրում և ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 11.8 մլն դրամի չափով ներդրում հումքի ձեռքբերման համար։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 450 մլն դրամ, որից 320 մլն դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ երկրներ, իսկ մնացած մասը կիրացվի ՀՀ տարածքում։ Արդյունքում ընկերությունում 3 տարվա ընթացքում կստեղծվի 30 նոր աշխատատեղ` 150-180 հազ․դրամ միջին աշխատավարձով:
 

← Վերադառնալ