Լեռնային Ղարաբաղ

Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արցախում մասնակցել են եռատոնին նվիրված միջոցառումներին

09.05.2020 - 09.05.2020

ևս 56 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին:

Ստեփանակերտի օդանավակայանում վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՀ գործող նախագահ Բակո Սահակյանը և ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը` տիկնանց հետ:

Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

ՀՀ վարչապետն ու տիկին Հակոբյանն այնուհետև այցելել են հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Այնուհետև երկու հայկական հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին՝ հարգելով նրա հիշատակը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հետ այցելել է նաև Ստեփանակերտի նորակառույց թաղամասի կաթսայատուն, որն աշխատում է պելետային համակարգով: Վարչապետը ծանոթացել է կաթսայատան աշխատանքին և պելետներով թաղամասի ջեռուցման հնարավորություններին:

* * *

Ստեփանակերտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առանձնազրույցը:

Ողջունելով Վարչապետ Փաշինյանին` Բակո Սահակյանը նշել է. «2018 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Դուք այցելել էիք Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայությունն այս օրը յուրովի է արժևորում եռատոնը: Մենք հերթական անգամ Ձեզ հետ միասին խոնարհվեցինք մեր մարտիրոսված հայրենակիցների շիրիմների առաջ: Այս օրը մենք օգտագործում ենք նաև մեծարելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են նվիրել, իրենց կարողությունները ներդրել մեր հայրենիքն ազատագրելու համար:

Այսօր էլ մարդկանց մի մեծ բանակ շարունակում են մասնակցություն ունենալ մեր հայրենիքի շենացման և զարգացման գործում: Ավանդույթի համաձայն մենք նաև օգտագործում ենք մեր հանդիպումները` իմի բերելու նախորդ շրջանի կատարած աշխատանքների արդյունքները, պարտադիր կերպով այցելություն ենք իրականացնում նաև Զինված ուժեր: Այսօր էլ մենք Ձեզ հետ միասին կլինենք Արցախի Հանրապետության Զինված ուժերում և ավելի քան համոզված եմ, որ այս վերջին շրջանում մեր կատարած աշխատանքները, տված առաջադրանքները լրացուցիչ ապացույցը կլինեն, որ մեր հայրենիքը պաշտպանված է, մեր հայրենիքի պաշտպանները բարեխղճորեն կատարում են իրենց հայրենական պարտականությունները` դրանով իսկ լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով մեր ապագային ուղղված աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար:

Մենք Ձեզ հետ կլինենք նաև տնտեսության մի քանի հատվածներում, որտեղ մեր համատեղ աշխատանքների շրջանակներում նույնպես արձանագրել ենք համեստ արդյունքներ: Համոզված եմ, որ այսօրվա մեր աշխատանքները լրացուցիչ հիմք կհանդիսանան հետագայում մեր հավաքական ներուժի գործադրման և մեր ընդհանուր աշխատանքներին ավելի մեծ արդյունավետություն հաղորդելու համար: Ուրախ եմ ողջունել Ձեզ և շնորհավորում եմ եռատոնի կապակցությամբ»:

Իր խոսքում Վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, շնորհավորում եմ բոլորիս եռատոնի կապակցությամբ և առանձնահատուկ Շուշիի ազատագրման օրվա առիթով: Արդեն երրորդ տարին մենք միասին այս փառահեղ տոնը նշում ենք Ստեփանակերտում և կարծում եմ` սա շատ լավ ավանդույթ է և իր մեջ ունի նաև բովանդակություն:

Արցախում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ և ուզում եմ նաև այդ առիթով շնորհավորել Ձեզ: Առաջիկայում նորընտիր նախագահի պաշտոնամուտն է լինելու, բայց ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքերն ասել Ձեզ այս ընթացքում մեր համատեղ աշխատանքի համար: Համոզված եմ, որ մենք դեռ շատ երկար քննարկելու, աշխատելու, այս ընթացքում նախանշած ծրագրերն իրականացնելու հնարավորություններ և առիթներ կունենանք:

Ուզում եմ արձանագրել, որ չնայած կորոնավիրուսի այս համաճարակին` Արցախը և Ստեփանակերտը գտա բարձր տրամադրությամբ: Մեր միասնական ու ազգային խնդիրն այն է, որ ամեն մայիսի 9-ը Արցախում, Հայաստանում և ընդհանրապես հայության շրջանում լինի առավել տոնական, ապագային մեր հայացքը լինի առավել լավատեսական, այսօրվա մեջ լինենք առավել վստահ: Ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի, որովհետև մեր ժողովուրդն ունի հսկայական ներուժ, այդ ներուժի մի չնչին մասն է իրականում իրացված և օգտագործված, և մայիսի 9-ը, Շուշին մեզ առավել մեծ վստահություն են տալիս մեր ուժերի, մեր ապագայի, մեր այսօրվա նկատմամբ: Մենք բոլորս հավաքական և միասնական պարտք ունենք մեր նահատկների առաջ: Պետք է պատվով կատարենք այդ պարտքը և այդ պարտքը տասնապատկված վերադարձնենք նրանց սերունդներին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի կառավարությունների միջև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել են պաշտպանական բանակի մի քանի զորամասեր և սահմանապահ դիրքեր:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը:

Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցել զինվորների հետ:

Այնուհետև նրանք եղել են ՊԲ զորամասերից մեկում, որտեղ միայն մի քանի օր է, ինչ ներդրվել է սննդի նոր կարգը: Վարչապետը ծանոթացել է զինծառայողներին տրամադրվող սննդի տեսականուն, որակին և ընդգծել, որ նոր սննդակարգի ներդրման գործընթացը զինված ուժերում հաջողությամբ ընթացքի մեջ է: Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը և հավելել, որ այդ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

* * *

Հայաստանի և Արցախի ղեկավարներն այցելել են նաև գյուղատնտեսական նշանակության տարածքներ և բուսական յուղի արտադրությամբ զբաղվող ընկերություն:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել կաթիլային ոռոգման համակարգով եգիպտացորենի ցանքատարածքներն ու նռան այգիները: Պատասխանատուները վարչապետին մանրամասներ են ներկայացրել կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, դրա արդյունավետության և Արցախում այդ համակարգով գործող ցանքատարածքների ու այգիների ընդլայնման ուղղությամբ նախատեսվող ծրագրերի մասին:

ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է Արցախում ժամանակակից գյուղատնտեսության զարգացմանը միտված շարունակական քայլերը և կարևորել կառավարությունների միջև այս ուղղությամբ սերտ համագործակցությունն ու համատեղ միջոցառումների իրականացումը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում գործող բուսական յուղի արտադրամաս` ծանոթացել վերջինիս գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ արտադրությունը կազմակերպվում է տեղական հումքից` գերմանական ժամանակակից սարքավորումներով: Արտադրանքի ողջ ծավալն իրացվում է Արցախում և Հայաստանում: Ընկերությունն ունի 70-ից ավելի աշխատակից և նախատեսում է ներդրումային նոր ծրագրերի արդյունքում առաջիկայում ընդլայնել գործունեությունը:

← Վերադառնալ