Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

09.05.2018

ՀՀ ԱԺ հատուկ նիստում ընտրվելուց և Հանրապետության նախագահի հրամանագրով վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը օտարերկրյա պետությունների ղեկավարներից, ՀՀ պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ է ստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով շնորհավորագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:


Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասված է.

«ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձեզ Մեր շնորհավորանքներն ու օրհնությունը:
Պատասխանատու այս պաշտոնին Դուք կոչվում եք երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում՝ հանրային լայն շրջանակների աջակցությամբ, քաղաքական ընդարձակ խորհրդակցությունների արդյունքում:
Լիահույս ենք, որ նախանձախնդիր ու հետևողական ջանքերով պիտի նպաստեք մեր երկրում կայունության հաստատմանը և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը՝ հանուն մեր հայրենիքի զորացման ու առաջընթացի»:

***

 Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը:

«Սիրելի՛ Պրն. Փաշինյան,

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից Հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով և ազգային վառ ապրումներով ողջունում ենք Ձեր ընտրությունը որպես Վարչապետ Հայաստանի Հանրապետության։

Արդարև, դուք այս հույժ պատասխանատու պաշտոնը ստանձնում եք Հայաստանի պատմության ներկա ճշտորոշիչ հանգրվանում։ Մենք մոտիկից հետևեցինք Ձեր առաջնորդությամբ տեղի ունեցած ժողովրդային շարժմանը և հայրենիքում ընկերային արդարություն հաստատելու Ձեր խոստմանը։ Գնահատեցինք Ձեզ, երբ մեր ժողովրդի զավակներին հեռու պահեցիք բռնարարքներից ու արյունահեղությունից, և սիրո ու համախոհության ոգին դարձրիք մղիչ ուժը ժողովրդային շարժման։

Սիրելի՛ Պրն. Վարչապետ,

Ժողովրդի թեկնածու լինելը մեծ պատիվ է ու միաժամանակ՝ ծանր պարտավորություն։ Մեր սպասումն է, որ Ձեր տված խոստումները բարոյական արժեքների ու մարդկային իրավունքների ամուր պահպանմամբ հանձնառության ու կյանքի վերածեք։ Մեր սպասումն է, որ հայրենի մեր ժողովրդին, Արցախի ու մեր ազգի գերագույն շահերն ու ձգտումները քաղաքական նկատառումներից վեր նկատեք, և մեկ հայրենիքի ու ազգի անխախտ ու անխախտելի սկզբունքը՝ Հայաստան-Սփյուռք գործակցությանը նոր ծավալ ու որակ տալով, Ձեր կյանքի ու գործի մղիչ ուժը դարձնեք։

Հայրենիքին ծառայելը սոսկ քաղաքական գործունեություն չէ, այլ էապէս առաքելություն, ազգաշինության ու հայրենակերտման առաքելություն։ Դուք այս վեհ ու նվիրական առաքելությանն է, որ պատրաստվում եք լծվել։

Ջերմորեն ողջունում ենք Ձեր ընտրությունը։ Պիտի մնանք զորակից Ձեզ ու Ձեր գլխավորած կառավարությանը, և միշտ ու գործնապես մասնակից՝ հայրենաշինության առաքելությանը։

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ զորեղ պահի Ձեզ, որպեսզի կարողանաք հաջողությամբ իրագործել Ձեր հայրենանվեր ծրագրերը»,-ասված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ուղերձում:

***


Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է.

«Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ամրապնդմանը»:

***

Հանրապետության վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի քաղաքականությունը՝ ուղղված կայուն զարգացմանն ու երկրի բնակչության սոցիալական բարեկեցության բարձրացմանը:

Նուրսուլթան Նազարբաևի շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է. «Վստահ եմ, որ երկու երկրների միջև ձևավորված բարեկամության և փոխըմբռնման հարաբերությունները հետագայում ևս ավանդական գործընկերության ոգուն համապատասխան կծառայեն որպես Հայաստանի և Ղազախստանի միջև փոխգործակցության ընդլայնման վստահելի հիմք՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:

***

Վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը: Ուղերձում ասված է.
«Հայաստանի խորհրդարանի այսօրվա որոշումը ցույց է տալիս, որ մեր կազմակերպության օգնությամբ իրականացված սահմանադրական բարեփոխումները սկսում են կյանքի կոչվել: Այս գործընթացը պետք է շարունակվի հայ ժողովրդի ցանկություններին համապատասխան:
Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության վրա հիմնված այս շատ կարևոր գործընթացում»:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը:

«Ես սրտանց մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի Հանրապետության նորանշանակ կառավարության ղեկավարման դժվարությունները հաղթահարելու գործում:
Մենք շահագրգռված ենք Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության հետագա ակտիվ զարգացմամբ՝ ի նպաստ մեր երկրների տնտեսական բարգավաճման և փոխադարձ առևտրի աճի: Մենք մեծապես աջակցում ենք Հայաստանի և Եվրոպական Միության միջև երկխոսությանը, որը նպատակ ունի ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը ձեր երկրում: Մենք ողջունում ենք 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչումը, ինչը հաղորդում է նոր ուժեղ ազդակ վերոնշյալ նպատակներին հասնելու գործին»,-ասված է Լիտվայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

 ***

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Ազգային ժողովի ընտրությամբ Հայաստանի նոր վարչապետ դառնալու կապակցությամբ:

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն առաջին անգամ հաստատել են հարաբերություններ 25-ից մի փոքր ավելի տարիներ առաջ, և մեր գործընկերությունը զարգացել է հաստատատուն, նշանակալի կերպով այդ ժամանակահատվածում: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին Կոսովոյում և ԱՖղանստանում և մենք ձգտում ենք պահպանել սերտ քաղաքական երկխոսություն ու նշանակալի աստիճանի պրակտիկ համագործակցություն ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում:
Որպես Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ՝ ես ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր կառավարության հետ և հանդիպել Ձեզ Երևան կամ Բրյուսել առաջիկա այցի ժամանակ:»,-ասված է Ջեյմս Ապատուրայի  շնորհավորական ուղերձում:

 ***

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր քաղաքական փորձը և համաժողովրդական աջակցությունը թույլ կտան Ձեր գլխավորած կառավարությանը կարճ ժամանակահատվածում իրականացնել ներկայացրած բարեփոխումները, որոնց արդյունքը կդառնա Հայաստանի բազմակողմ զարգացման հզոր ցատկը, միջազգային հարթակում իր դիրքի հետագա ամրապնդումը: Այդպիսի ստեղծագործ գործունեության հաջողության երաշխիքը հայ ժողովրդի միասնությունն ու համախմբվածությունն է, նրա պատրաստակամությունը ակտիվորեն ներգրավվելու մեր երկրի արդիականացման գործին:
Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկն է, անընդհատ հատուկ ուշադրություն է հատկացրել իր գործունեության կատարելագործման անհրաժեշտությանը՝ առաջ քաշելով կարևոր նախաձեռնություններ՝ ուղղված անվտանգության, այդ թվում՝ Կովկասի տարածաշրջանում հավաքական անվտանգության ապահովմանը:
Հարգելի՛ Նիկոլ Վովայի, այս նշանակալի օրը ընդունեք քաջառողջության, բարեկեցության և Ձեր բարձր պատասխանատու պաշտոնում մեծ հաջողությունների լավագույն բարեմաղթանքները»,-ասված է Յուրի Խաչատուրովի շնորհավորական ուղերձում:

***

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Հարգելի՛ պարոն Փաշինյան,

Թույլ տվեք անձամբ իմ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից շնորհավորել Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ ձեր քաղաքական և պրոֆեսիոնալ փորձը, ինչպես նաև հասարակական վստահության և աջակցության բարձր մակարդակը կծառայեն հայկական տնտեսության, սոցիալական ոլորտի և պետականության զարգացմանը:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ակտիվ և կարևոր անդամ է: Մեր միության հաջողությունն ու մրցունակությունը մեծապես կախված է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական բարգավաճումից: Վստահ եմ, որ ներդրումը, որը կունենա Հայաստանը մեր միության զարգացման և ամրապնդման գործում, միայն աճելու է:

Հարգելի՛ պարոն Փաշինյան, օգտվելով առիթից, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հաղթանակի օրվա առթիվ, տոնի, որը միավորում է մեր ինտեգրացիոն միավորման բոլոր ժողովուրդներին և պետություններին»,-ասված է Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Վարչապետին ուղղված շնորհավորանքները շարունակվում են:

← Վերադառնալ