Շնորհավորական
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։
Հազարամյա պատմություն և յուրահատուկ ժառանգություն ունեցող երկրի՝ Ռուսաստանի պատմության մեջ այս նշանակալի օրը խորհրդանշում է համակարգային փոփոխությունները քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, միջազգային հարթակում պետության դերի և հեղինակության ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը։
Մենք Հայաստանում արժևորում ենք մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամական կապերը, որոնք հուսալի հիմք են դարձել զարգացնելու միջպետական հարաբերությունները ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հունով։ Խորին համոզմունք ունեմ, որ կառուցողական փոխգործակցության հետագա ընդլայնումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափում, ինչպես նաև փոխշահավետ ծրագրերի համատեղ առաջմղումը տնտեսության և մշակութային-հումանիտար ոլորտներում լիարժեք համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին։
Համոզված եմ, որ վերջերս կայացած մեր հանդիպումը Սոչիում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում ևս մեկ քայլ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման և հարստացման համար՝ ի նպաստ մեր ժողովուրդների և պետությունների, ի շահ Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման։
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում։