Շնորհավորական

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ

04.07.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի՝ ազատության, հավասարության և ժողովրդավարության ոգով տոգորված վեհ գաղափարները հոգեհարազատ են նաև հայ ժողովրդին, ինչի լավագույն ապացույցն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դրա արդյունքում հաստատված քաղաքական և հասարակական նոր իրողությունները թույլ են տալիս որակական նոր մակարդակի բարձրացնել նաև մեր հարաբերությունները:
Մենք պատրաստակամ ենք անելու հնարավորը՝ երկկողմ հարաբերությունների շարունակական ամրապնդման և ընդլայնման նպատակով, ինչի համար ամուր հիմք են ընդհանուր արժեհամակարգը, արմատավորված փոխադարձ հարգանքն ու վստահության մթնոլորտը:
Բարձր ենք գնահատում այն պատկառելի աջակցությունը, որը Միացյալ Նահանգները շարունակում է ցուցաբերել Հայաստանում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգության համակարգի հզորացման, խաղաղապահ կարողությունների ընդլայնման և բազմաթիվ այլ բնագավառներում: Այսօր առավել քան երբևէ այդ աջակցությունն արդիական է մեր երկրի համար:
Չափազանց կարևորում ենք Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում:
Գոհունակությամբ պետք է նշեմ նաև ԱՄՆ-ում բնակվող ստվար հայ համայնքի առանձնահատուկ դերը, որն իր գործուն կառույցներով և անվերապահ նվիրվածությամբ հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանը ամուր կերպով շաղախում է մեր երկրների բարեկամությունը»:

← Վերադառնալ