Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շնորհովարական ուղերձներ է ստանում՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

14.01.2019

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ:

Շվեդիայի վարչապետի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Շվեդիայի կառավարության անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Շվեդիան Հայաստանի բարեփոխման գործընթացի կողմնակիցն է և ակնկալում է հետագա համագործակցություն, այդ թվում նաև՝ Արևելյան գործընկերության շրջանակում: ԵՄ-Հայաստան նոր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կխորացնի մեր հարաբերությունները և կոնկրետ արդյունքներ կարձանագրի Հայաստանի և Եվրոպական միության ժողովուրդների համար»:

* * *

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Մեծարգո պարոն Վարչապետ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ` Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով:

2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած քաղաքական զարգացումները հանգուցալուծվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններով, որոնց արդյունքում մեր ժողովուրդը արտահայտեց իր մեծ վստահությունը Ձեզ և Ձեր ղեկավարած քաղաքական ուժին:

Այսօր Դուք կրկին ստանձնում եք ՀՀ Վարչապետի պատասխանատու պաշտոնը՝ բարվոք լուծման առաջնորդելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները և կյանքի կոչելու լուսավոր ապագայի հանդեպ մեր ժողովրդի հույսերն ու ակնկալիքները:

Ի խորոց սրտի մաղթում ենք, որ Ամենակալ Տերը զորակից լինի ու հաջողություններ պարգևի Ձեզ՝ Ձեր բարձր և պատասխանատու առաքելության մեջ՝ ի խնդիր մեր հայրենիքի անշրջելի առաջընթացի և մեր ժողովրդի շեն ու բարօր կյանքի:

Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Ձեզ` շնորհելով կենաց արևշատ օրեր և ամենայն բարիք»,-ասված է Վեհափառի ուղերձում:

* * *

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Բելառուսի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ կարևոր քաղաքական ընտրարշավի՝ խորհրդարանի նոր կազմի ընտրությունների հաջող ավարտի և Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Բելառուսի և Հայաստանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա և կնպաստի մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։

Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պետական պաշտոնում»։

* * *

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ։

Հուսով եմ, որ, վերստանձնելով այս բարձր ու պատասխանատու պաշտոնը, Դուք և Ձեր ղեկավարած կառավարությունը կշարունակեք անել հնարավորը Հայաստանի Հանրապետության զարգացման, երկրի ու ժողովրդի պաշտպանունակության ու անվտանգության համակարգի զորացման, տնտեսական առաջընթացի ապահովման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ:

Համոզված եմ, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները համատեղ ուժերով հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության աստիճանը շարունակաբար բարձրացնելու և համընդհանուր խնդիրները լուծելու ուղղությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ»։

* * *

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։


«Ձերդ գերազանցություն,

Թույլ տվեք Վրաստանի կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ բարեկամ Հայաստանը կարող է հաջողությամբ իրականացնել առաջադեմ բարեփոխումներ, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում հետագա զարգացմանը և կայունությանը: Վրաստանի կառավարության անունից ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել մեր աջակցությունն այս կարևորագույն գործում:

Հույս ունեմ, որ մեր երկրների միջև առկա կապերը, որոնք հիմնված են ավանդական բարիդրացիական հարաբերությունների վրա, ապագայում ավելի կխորանան և կամրապնդվեն:

Ձերդ գերազանցություն,

Ցանկանում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները»,- ասված է ուղերձում:

← Վերադառնալ