Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
Սինձո Աբեն, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը Ճապոնիայի հուսալի գործընկերն է, որը կիսում է այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, և երկու երկրները սերտորեն համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ասպարեզում:
«Վստահ եմ՝ Ձեր ղեկավարությամբ մեր երկրների հարաբերությունները հետագա ընդլայնման և զարգացման մեծ ներուժ ունեն: Հույս ունեմ, որ Ճապոնիայի և Հայաստանի, ինչպես նաև մեր ժողովուրդների միջև կապերը կշարունակեն խորանալ և ամրապնդվել:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ՝ ի շահ Հայաստանի հետագա բարգավաճման», - ասված է Ճապոնիայի վարչապետի ուղերձում:
***
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:
Մաղթում եմ, որպեսզի Ձեր ակտիվ աշխատանքը պատասխանատու պաշտոնում նպաստի Հայաստանի համակողմանի զարգացմանը և միջազգային ասպարեզում հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև լավ նպատակների իրականացմանը:
Վստահ եմ, որ Աստանայի և Երևանի՝ բարեկամության և ըմբռնման վրա հիմնված փոխշահավետ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել հանուն մեր ժողովուրդների զարգացման:
Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություն պատասխանատու պաշտոնում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», - ասված է Ղազախստանի նախագահի ուղերձում:
***
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Դմիտրի Մեդվեդևը ՌԴ կառավարության և իր անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, մաղթել քաջառողջություն և հաջողություններ պատասխատանու պետական գործունեության մեջ: ՌԴ կառավարության նախագահը համոզմունք է հայտնել, որ միջկառավարական մակարդակով ռուս-հայկական փոխգործակցության ակտիվացումը կնպաստի առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների և մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, բարենպաստ պայմաններ կստեղծի հեռանկարային նախաձեռնությունների իրականացման համար, ինչպես նաև կխթանի ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն ներուժի լիարժեք բացահայտումը:
***
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:
«Ձերդ գերազանցություն,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Հուսով եմ, որ Ձեր վերանշանակումը կնպաստի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային ոլորտներում մեր զարգացող հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն», - ասված է Իրանի նախագահի ուղերձում: