Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

16.01.2019

Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Լյուքսեմբուրգի Մեծ դքսության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։

Մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության մեջ, հույս ունեմ, որ մեր երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և մեր ժողովուրդների միջև եղած կապերի ամրապնդման։

Համոզված եմ՝ վստահությունը, որ ստացել եք Ձեր հայրենակիցների կողմից, թույլ կտա Ձեզ շարունակել բարեփոխումների ուղին՝ ի շահ Հայաստանի հասարակության և տնտեսության»:

* * *
 

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի արդյունքներով։

Նոր խորհրդարանի կազմավորմամբ անցած տարի սկսված քաղաքական անցումը հասավ իր ավարտին՝ խաղաղ պայմաններում և սահմանադրական նորմերին համապատասխան։ Դեկտեմբերի 9-ի ընտրությունների իրականացումն ու արդյունքները վկայում են հայ ժողովրդի ձգտումը ժողովրդավարության և բարգավաճման։

Եվրոպայի խորհուրդը կաշխատի նոր կառավարության հետ այս նպատակներին հասնելու համար։ Ես վստահ եմ, որ ժողովրդավարական ինստիտուտներին և իրավունքի գերիշխանությանը շարունակական հանձնառությունը, որ երկիրը ցույց է տվել վերջին տարիներին, կշարունակվի՝ ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների։

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարևոր պարտականությունների կատարման գործում»:

* * *

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

«Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և հաջողության բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Շատ ջերմ հիշողություններ ունեմ հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում մեր երկկողմ հանդիպման հետ կապված: Հուսով եմ, որ մեր երկու երկրները կշարունակեն համագործակցության և երկխոսության հիանալի ավանդույթը:

Ընդունեք, խնդրեմ, պարոն վարչապետ, հարգելի գործընկեր, իմ խորին հարգանքի հավաստիքը»,-նշված է ուղերձում:

* * *

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյան շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Չինաստանի համար Հայաստանը բարեկամական համագործակցության ավանդական գործընկեր է: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերություններում պահպանվում է առողջ և կայուն զարգացման դինամիկա, շարունակաբար ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, շոշոփելի արդյունքներ են ձեռք բերվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման գործում: Պատրաստ եմ պահպանել Ձեզ հետ սերտ աշխատանքային շփումներ և ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների անշեղ զարգացման, բոլոր ոլորտներում գործնական համագործակցության ամրապնդման համար՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Ցանկանում եմ Ձեզ նորանոր հաջողություններ այս բարձր պետական պաշտոնում»:

* * *

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Վալերի Սեմերիկովի ուղերձում, մասնավորապես, նշված է. «Խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքները վերահաստատում են, որ Հայաստանի ժողովուրդը Ձեր կողմից հայտարարված ժողովրդավարական խորը բարեփոխումների ուղղության հետ հույսեր է կապում և պատրաստ է մասնակցել դրա իրականացմանը՝ հանուն սեփական երկրի լավ ապագայի: Վստահ եմ, որ հենվելով այդ աջակցության վրա՝ Ձեր գլխավորած կառավարությունը կհասնի զգալի առաջընթացի ՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:

Հույս ունենք շարունակել և ակտիվացնել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ ՀԱՊԿ ձևաչափում՝ կազմակերպության հետագա զարգացման և ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության ապահովման ներուժի բարձրացման ուղղությամբ՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու նպատակով:

Հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և մեծ հաջողություններ՝ ի շահ Հայաստանի և նրա ժողովրդի»:

← Վերադառնալ