Շնորհավորական

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

23.01.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն:

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:

Թավշյա հեղափոխությունն ըստ արժանվույն պսակվեց ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրություններով: Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական փոփոխությունները աննկատ չեն անցել:

Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում և վստահ եմ, որ մեր երկրները կշարունակեն համագործակցել կառուցողական ոգով:

Բարձր եմ գնահատում մեր համագործակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) շրջանակում: Համոզված եմ, որ այն կհանգեցնի դրական արդյունքների: Ակնկալում եմ այս և նաև այլ հարցեր քննարկել Ձեզ հետ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ՝ հաղթահարելու այն բոլոր մարտահրավերները, որոնց Դուք կհանդիպեք թավշյա հեղափոխության ձեռքբերումների ամրապնդման ճանապարհին», - նշված է ուղերձում:

* * *

Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկիի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժան պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ ընդունեք, խնդրեմ, շնորհավորանքներս և ամենայն հաջողության բարեմաղթանքներս:

Լեհաստանը ողջունում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Համոզված եմ, որ Ձեր գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը կգործադրի հնարավոր ամեն ջանք՝ ամրապնդելու երկրի դիրքը միջազգային ասպարեզում, ապահովելու նրա անվտանգությունը, ինչպես նաև շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները:

Ես նաև վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները նշանակալի դինամիկա կհաղորդեն մեր երկկողմ հարաբերություններին` ստեղծելով բարենպաստ մթնոլորտ նոր նախաձեռնությունների և գործողությունների համար: Հայաստանի Հանրապետությունն այն երկիրն է, որի հետ միավորված ենք լավ համագործակցության և բարեկամության պատմական կապերով: Վստահ եմ, որ մեր հարաբերությունները շարունակելու են զարգանալ և ամրապնդվել:

Մաղթում եմ Ձեզ բազում հաջողություններ, ինչպես նաև ակնկալում եմ մեր հանդիպումը մոտ ապագայում»:

* * *

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պելլեգրինիի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, ստեղծագործական ուժ և քաջառողություն այդ պատասխանատու գործունեության մեջ:

Վստահ եմ, որ հայ-սլովակյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ բարեկամության, փոխըմբռնման հիման վրա և ի բարօրություն մեր ժողովուրդների, որոնց միավորում են ամուր պատմական, մշակութային և մարդկային կապերը»:

 
***

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերի շնորհավորական ուղերձում նշված է. 

«Ձերդ գերազանցություն,

Շվեյցարիայի կառավարության անունից շատ ուրախ եմ հղելու Ձեզ իմ անկեղծ շնորհավորանքները վերջերս ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Օգտվելով այս հնարավորությունից՝ կուզենայի արտահայտել իմ վստահությունը, որ մեր երկրների միջև գոյություն ունեցող համագործակցային և բարեկամական կապերը կշարունակվեն ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ բազում հաջողություններ այս կարևոր պաշտոնում Ձեր նոր պարտականությունների իրականացման մեջ, ինչպես նաև Ձեր երկրի և ժողովրդի խաղաղ և բարգավաճ ապագայի համար։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

 
***

Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հղել Ձեզ իմ շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Ակնկալում եմ համագործակցել Ձեզ հետ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման և համագործակցության նոր ուղիներ փնտրելու ուղղությամբ։

Մալթան ողջունում է Հայաստանում ընթացող բարեփոխումները, ինչպես նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում ընթացող դրական զարգացումները՝ ներառյալ ԵՄ-Հայաստան ‹‹Գործընկերության առաջնայնություններ 2017-2020›› փաստաթղթի ստորագրումը։ Մալթայի կողմից 2018թ. սեպտեմբերի 29-ին վավերացված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ միասին այս առաջնայնությունները կամրապնդեն մեր հանձնառությունը՝ դրական արդյունքներ արձանագրելու այն ոլորտներում, որոնք կբարելավեն մեր ժողովուրդների կյանքը։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

* * *

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության վարչապետ Լի Նակ-Յեոնը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Կորեայի Հանրապետության կառավարության և քաղաքացիների անունից ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Հավատում եմ, որ վերջերս կայացած ընրություններում Ձեր համոզիչ հաղթանակն արտացոլում է Հայաստանի քաղաքացիների աջակցությունը Ձեր ներկայիս պետական կառավարմանը, ինչպես նաև հայ ժողովրդի ձգտումը փոփոխություններին և բարեփոխումներին։

Հուսով եմ, որ մեր տնտեսական համագործակցությունը կզարգանա Ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագրի հիման վրա, որը ստորագրել են անցյալ տարվա հոկտեմբերին մեր կառավարությունները, և անհամբեր ակնկալում եմ Ձեզ հետ սերտ համագործակցություն՝ երկկողմ հարաբերությունների առաջընթացն ապահովելու համար։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջության, Ձեր նոր նախաձեռնություններում շարունակական հաջողություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանն անսահման առաջընթաց»։

* * *

Սինգապուրի վարչապետ Լի Հսյան Յոնգի շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի վարչապետ Փաշինյան,

Սինգապուրի կառավարության անունից իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու համար:

Սինգապուրն ու Հայաստանը բարեկամական կապեր ունեն: Սինգապուրում գործում է փոքր, բայց բարգավաճ հայ համայնք՝ ավելի վաղ հաստատված հայերի հետնորդները։ Ակնկալում եմ առաջիկայում մեր առևտրային և ներդրումային կապերի խորացում՝ Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև Ազատ առևտրի համաձայնագրի միջոցով, որի շուրջ ներկայում ընթանում են բանակցություններ։

Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանը կբարգավաճի։ Մաղթում եմ Ձեզ և կառավարությանը շարունակական հաջողություն»։

* * *

Իսրայելի Պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի պարոն վարչապետ,
Իսրայելի կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ ջերմ շնորհավորանքներս վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարության կազմավորման կապակցությամբ: Ցանկանում եմ Ձեզ հաջողություն ձեր երկրի ղեկավարումը շարունակելու գործում:

Վստահեցնում եմ Ձեզ, որ հակված եմ աշխատել Ձեր և Ձեր կառավարության հետ՝ ուսումնասիրելով բոլոր ճանապարհները, որով մենք կարող ենք հետագայում ընդլայնել Իսրայելի և Հայաստանի միջև համագործակցությունը համատեղ հետաքրքրության բազմազան ոլորտներում»:

 

← Վերադառնալ