Շնորհավորական
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Ամերիկայի Անկախության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:
Միացյալ Նահանգների անկախության հռչակումը մեծ ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա՝ ներշնչանքի աղբյուր հանդիսանալով ազատության ու ժողովրդավարության ձգտող բազմաթիվ ժողովուրդների համար: Հպարտ ենք, որ ամերիկահայ համայնքն իր ուրույն ներդրումն է ունեցել ԱՄՆ-ի զարգացման և բարգավաճման գործում՝ հանդիսանալով մեր երկու երկրները կապող կարևոր կամուրջ:
Անցած մեկ տարվա ընթացքում աննախադեպ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում: Ժողովրդավարությունը վերահաստատվեց մեր երկրում: Վերացան խոսքի ազատության սահմանափակումները: Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորվեց նոր կառավարություն, որը վճռական քայլեր է ձեռնարկում օրենքի գերակայության հաստատման և ժողովրդավարության նվաճումներն ամրապնդելու ուղղությամբ: Այսօր առաջնային են արդարադատության համակարգի բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարը:
Մենք մեծապես գնահատում ենք անկախությունից ի վեր Հայաստանին տրամադրվող ամերիկյան ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: Այն մշտապես կարևոր նշանակություն է ունեցել մեր երկրի զարգացման համար: ԱՄՆ-ի օժանդակությունն այսօր ևս թույլ կտա առավել սահուն ու արագ իրականացնել բարեփոխումները և անշրջելի դարձնել ժողովրդավարությունը Հայաստանում:
Գոհունակությամբ ցանկանում եմ նշել Երևանում վերջերս կայացած Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը: Այն դարձավ մեր երկրների միջև ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունների առաջընթացի վկայությունը: Հայաստանը շահագրգռված է կատարելագործել այդ հարաբերությունները և զարգացնել երկկողմ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում:
Մեծապես կարևորում եմ ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի հասնել խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և անվտանգության:
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ` մաղթելով խաղաղություն, հետագա առաջընթաց և բարօրություն»: