Շնորհավորական

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

22.06.2021

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, որոնք ԵԱՀԿ կողմից բնորոշվել են որպես «մրցակցային և լավ կազմակերպված»:

Լիտվայի նախագահը հաջողություն, հաստատակամություն և նվիրվածություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին պատասխանատու գործունեության մեջ՝ նշելով. «Նիկոլ Փաշինյանը գլխավորելու է նոր ձևավորվող կառավարությունը, նրան տրվել է Հայաստանի ժողովրդի մանդատը՝ ղեկավարելու երկիրը որպես վարչապետ: Պատերազմից հետո քաղաքական կայունությունն առանձնակի կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար: Մենք սատարում ենք Հայաստանի ժողովրդի՝ խաղաղ, ապահով և կայուն երկրում ապրելու ձգտմանը»:

Գիտանաս Նաուսեդան նշել է Հայաստանի ազգային անվտանգության և ինքնիշխանության պահպանման կարևորությունը և քաղաքական ուժերի միջև, հասարակության ներսում տարաձայնությունների հաղթահարման անհրաժեշտությունը ի շահ պետության: Նա կարևորել է բարեփոխումների իրականացումը և այդ համատեքստում Հայաստան-Եվրամիություն արդյունավետ համագործակցությունը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Լիտվայի նախագահն ընդգծել է, որ առաջիկա աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ հետամուտ է լինելու «Արևելյան գործընկերության» քաղաքականության հավակնոտ քաղաքական օրակարգին:

← Վերադառնալ