Շնորհավորական

Հայաստան-Կանադա համագործակցությունն ունի խորացման մեծ ներուժ. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին

01.07.2021

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Կանադայի օրվա կապակցությամբ։

Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։ Այդ կապերին ուրույն ջերմություն են հաղորդում կանադահայ գործուն համայնքը և սերտ պատմական առնչությունները։ Վստահ եմ, որ մեր երկրների համագործակցությունն ունի խորացման մեծ ներուժ, և համատեղ ջանքերով հնարավոր կլինի նախանշել և իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր բազմաթիվ ոլորտներում։

Անցած տարի ողջ աշխարհն առերեսվեց դժվարությունների և մարտահրավերների։ Հայ ժողովրդի համար այն դարձավ նաև պատերազմի արհավիրքները վերապրելու տարի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանադայի կառավարությանը՝ խաղաղության վերահաստատմանն ուղղված ջանքերի և հակամարտությունից տուժածներին աջակցություն տրամադրելու համար։ Լիահույս եմ, որ Կանադան՝ որպես միջազգային իրավունքի և գլոբալ իրավակարգի ամրապնդման ջատագով, կշարունակի կառուցողական քաղաքականությունը տարածաշրջանի չլուծված խնդիրների և պահպանվող անվտանգային սպառնալիքների ուղղությամբ։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և շարունակական առաջընթաց։

Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

← Վերադառնալ