Շնորհավորական
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առիթով:
Այս տոնը դարձել է բելառուս ժողովրդի քաջության և հերոսության խորհրդանիշ, Հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրվածության վառ օրինակ:
Համոզված եմ, որ հայ-բելառուսական ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն ուղենիշ ծառայել մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում:
Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,
օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»: