Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին

06.04.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ ՀՀ-ՉԺՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով:

ՀՀ վարչապետի՝ Չինաստանի նախագահին ուղղված ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Հայ-չինական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և առանձնանում են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Ավանդական այս հարուստ հիմքի վրա է խարսխվել նաև մեր միջպետական համագործակցությունը, որն անցած երեսուն տարիների ընթացքում շարունակաբար զարգացել է առողջ և հաստատուն ուղիով: Հայաստանի և Չինաստանի միջև պահպանվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ամրապնդվել է փոխգործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում:

Այս երեք տասնամյակների ընթացքում մեր երկրները զգալի արդյունքների են հասել առևտրի, տնտեսության, զարգացման, անվտանգության, մշակույթի, կրթության, գիտության և այլ ոլորտներում համագործակցելիս, ամրապնդվել է հայ և չին ժողովուրդների բարեկամությունը, խորացել փոխադարձ ըմբռնումն ու ճանաչելիությունը:

Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին՝ դիտարկելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմաբնույթ փոխգործակցության զարգացումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում:

Կուզենայի հայտնել մեր երախտագիտությունը այս տարիների ընթացքում Չինաստանի կառավարության կողմից Հայաստանի զարգացմանը ցուցաբերված աջակցության համար, որը նպաստել է Հայաստանի ժողովրդի լայն շերտերի համար կարևոր խնդիրների լուծմանը։ Այս շարքում վերջին դրվագներից է COVID-19 համավարակի դեմ պայքարում ցուցաբերված օգնությունը։

Նշելով հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը` հայտնում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ միասին ջանքեր գործադրելու ապագային ուղղված հայ-չինական հարաբերություններում նոր հաջողություններ գրանցելու ուղղությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:


Նիկոլ Փաշինյանի՝ Լի Կեցյանին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերությունները գալիս են պատմության խորքից՝ ունենալով փոխադարձ վստահության ու հարգանքի ամուր հենք: Երեք տասնամյակ առաջ միջպետական հարաբերությունների հաստատումը մեր երկրներին ու ժողովուրդներին հնարավորություն տվեց բացելու նոր դարաշրջան, զարգացնելու և ամրապնդելու փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ արձանագրելով նշանակալի ձեռքբերումներ:

Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ընթացող քաղաքական երկխոսությունը և մեծապես կարևորում Չինաստանի հետ գործընկերության հետագա համակողմանի, կայուն և հետևողական զարգացումն ու ընդլայնումը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Անցած ժամանակահատվածում զգալի արդյունքներ են գրանցվել առևտրի և տնտեսության, անվտանգության, գիտության և կրթության, մշակույթի և միջմարդկային փոխանակումների և շատ այլ բնագավառներում:

Հայ-չինական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունը, որը մենք հանձնառու ենք հնարավորինս ընդլայնելու` ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր, հեռանկարային ծրագրեր: Այս առումով կարևորում ենք Հայաստանի մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը, որը զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում:

Չինաստանը Հայաստանի կողքին է եղել այս տարիների ընթացքում նաև Չինաստանի կառավարության կողմից տրամադրված անհատույց օգնության շրջանակում իրականացված ծրագրերով։ Մեր երկրների փոխադարձ սատարման և գործակցության վերջին օրինակներից է COVID-19 համավարակի դեմ համատեղ պայքարը։

Այս նշանակալի հոբելյանի կապակցությամբ կուզենայի հայտնել իմ պատրաստակամությունը Ձեզ հետ միասին ջանքեր գործադրելու հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու ուղղությամբ՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև բարեկեցություն և խաղաղություն»:

← Վերադառնալ