Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի նորընտիր վարչապետին

25.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նորընտիր վարչապետ Ռոբերտ Գոլոբին: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սլովենիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջողություններ այս պատասխանատու գործում՝ ի նպաստ Սլովենիայի Հանրապետության բարգավաճման, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերի բարձրացման։

Հայաստանը մեծապես կարևորում է Սլովենիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ շրջանակում: Մեր երկրների միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց առանձնահատուկ ջերմությամբ և երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքով: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նոր լիցք հաղորդել մեր բարեկամ երկրների համագործակցությանը։

Օգտվելով առիթից՝ հրավիրում եմ այցելել Հայաստան՝ Ձեզ համար ընդունելի ժամանակահատվածում։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը։»:

← Վերադառնալ