Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

26.05.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ երկրի ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Հարևան և բարեկամ Վրաստանի անկախ պետականության անխախտ ուղին կարևորվում է հայ և վրաց ժողովուրդների՝ սեփական ինքնությունը և հոգևոր արժեքները դարեր շարունակ պահպանելու, պատմության դժվարին շրջափուլերում միմյանց նեցուկ լինելու և բարեկամության ոգուն ու էությանը հավատարիմ մնալու առումով:

Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև հարաբերությունների հիմքում առկա բազմոլորտ փոխգործակցության արդյունավետ փորձն ապագայում ևս անհրաժեշտ ջանքերի ներդրմամբ կհամալրվի փոխշահավետ ձեռքբերումներով և նորանոր նվաճումներով՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության և տարածաշրջանային առկա մարտահրավերների հաղթահարման ու առաջընթացի:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ Վրաստանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և հարատև խաղաղություն»:

← Վերադառնալ