Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նորընտիր նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերին: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆիլիպինների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Այս տարի մեր երկու պետությունները նշում են դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Բարձր եմ գնահատում հայ-ֆիլիպինյան հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսության և փոխշահավետ համագործակցության վրա։
Պատրաստակամ եմ աշխատել Ձեզ հետ՝ ընդլայնելու և խորացնելու Հայաստանի և Ֆիլիպինների միջև համագործակցությունը: Միաժամանակ վստահ եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները կհասցնենք էլ ավելի բարձր մակարդակի:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ֆիլիպինների բարեկամ ժողովրդին` բարօրություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: