Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի վարչապետ Դրիտան Աբազովիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չեռնոգորիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին ու ժողովրդին խաղաղություն և առաջընթաց։
Հայաստանը բարձր է գնահատում Չեռնոգորիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը և հաստատակամ է ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ի շահ հայ և չեռնոգորցի ժողովուրդների: Մեծապես կարևորում եմ նաև Երևանի և Պոդգորիցայի քաղաքային իշխանությունների միջև գործընկերության վերահաստատումը։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի հագեցնել և ամրապնդել մեր երկկողմ օրակարգը, ինչին մեծապես կնպաստեն նաև բարձրաստիճան փոխայցելությունները։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: