Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական նամակ է հղել Մոլդովայի նախագահին

18.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Հայաստանի և Մոլդովայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի տիկին Սանդու,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Համոզված եմ, որ մեր երկու պետությունների փոխհարաբերությունները, որոնք խարսխված են հայ և մոլդովացի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, հետագայում ևս կշարունակեն ամրապնդվել և զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով։

Հայաստանի և Մոլդովայի միջև երկկողմ հարաբերությունների խթանման գործում իր ուրույն ներդրումն է ունեցել Մոլդովայի հայ համայնքը, որը ցայսօր էլ շարունակում է կամրջող դեր խաղալ։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Մոլդովայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»:

← Վերադառնալ