ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մեր բարեկամ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Գոհունակությամբ պետք է նշել, որ մեր ժողովուրդների միջև հազարամյա պատմություն ունեցող կապերը նոր լիցք են ստացել հատկապես վերջին տարիներին: Դրա լավագույն վկայությունն է օրեցօր աճող և զարգացող փոխշահավետ համագործակցությունը տարբեր բնագավառներում: Ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, արդյունավետ գործում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովը, սերտ համագործակցություն է ձևավորվել կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության, առևտրատնտեսական և այլ ոլորտներում։
Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի, հայոց պատմական սրբավայրերի և հայկական ժառանգության հանդեպ։
Հուսով եմ, որ երկուստեք ջանքերի շնորհիվ մենք նորանոր հաջողություններ կգրանցենք՝ ի բարօրություն մեր բարեկամ երկրների և ժողովուրդների:
Ձերդ գերազանցություն,
Հայաստանում չափազանց կարևորում են բարեկամ Հնդկաստանի՝ տարեցտարի աճող հեղինակությունն այսօրվա արագ փոփոխվող աշխարհակարգում, քանի որ խաղաղասեր և ժողովրդավարական Հնդկաստանը դրական դերակատարություն կարող է ունենալ աշխարհի և մեր տարածաշրջանների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների արդար լուծման գործում:
Հայաստանը, ինչպես և նախկինում, պատրաստ է օժանդակել բարեկամ Հնդկաստանին տարբեր միջազգային հարթակներում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն։»: