Շնորհավորական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայ մամուլի օրվա առիթով

16.10.2022

Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ:

Այս տոնը կոչված է մեկ անգամ ևս արժևորելու և նշանավորելու ազատ խոսքի դերն ու կշիռը մեր հասարակության տարբեր շերտերում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետևողական է և շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկիրը շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով:

Այս օրերին, երբ ազգովի բազմաթիվ մարտահրավերների առաջ ենք կանգնում, դրանց հաղթահարման ճանապարհին հայ մամուլը կարևոր անելիք ունի, քանի որ մամուլի առանցքային դերերից է առողջ մտածելակերպով կայուն հասարակության ձևավորումը, տարբեր ոլորտներում թափանցիկության ապահովումն ու իրականության պատշաճ իրազեկումը: Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն ունենք Հայաստանում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք այն:

Սիրելի լրագրողներ,
Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ,

Ձեր բարդ և պատասխանատու աշխատանքում մաղթում եմ արդյունավետ գործունեություն, ստեղծագործական վերելքներ, մշտապես կատարելագործվելու կամք և ձգտում:
 

← Վերադառնալ