Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի վարչապետին

18.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լատվիայի բարեկամ ժողովրդին Լատվիայի ազգային տոնի՝ Անկախության հռչակման օրվա առթիվ։

Ավելի քան հարյուր տարի առաջ հռչակված անկախությունից ի վեր Լատվիան անցել է խոչընդոտներով լի դժվարագույն ճանապարհ՝ հաղթահարելով իր առջև ծառացած բոլոր փորձությունները, և հաջողությամբ կերտել զարգացած ժողովրդավար երկիր:

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական կապերը, որոնք հիմնված են փոխադարձ վստահության և համընդհանուր արժեքների վրա։ Մենք պատրաստակամ ենք բոլոր ոլորտներում խթանելու Լատվիայի հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև խորացնելու և ընդլայնելու գործակցությունը միջազգային տարբեր հարթակներում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Լատվիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

← Վերադառնալ