Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

23.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավիե Բետելին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի կապակցությամբ։

Մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակի վրա՝ լավագույնս հիմք ծառայելով համագործակցության ուղղությունների առավել ընդլայնման և ամրապնդման համար։

Պետությունների բարեկամությունն ամրանում է ժամանակի արհավիրքներին դիմակայելով։ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը բազմիցս վերահաստատել է, որ հանդիսանում է Հայաստանի բարեկամը՝ անկախ քաղաքական նպատակահարմարությունից և աշխարհաքաղաքական իրողություններից։ Պատմական այս դժվարին ժամանակաշրջանում Ձեր երկրի սկզբունքային աջակցությունը վերստին փաստում է, որ ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանը միայնակ չէ։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կամրապնդենք Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունը և միջազգային հարթակներում փոխգործակցությամբ կնպաստենք մեր երկրների կայուն զարգացմանը։

Վերստին ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ»։

← Վերադառնալ