Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Միասնության օրվա առթիվ

03.10.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի ժողովրդին ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ:

Երեսուներեք տարի առաջ նշանակալի այս իրադարձությունը դարձել է գերմանացի ժողովրդի և համաեվրոպական միասնության ամրագրման խորհրդանիշը։

Գերմանիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է, մեր երկրում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընդլայնման ակտիվ աջակիցը:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև միջպետական հարաբերությունները մեծապես ակտիվացել են, տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ:

Ջերմությամբ եմ հիշում այս տարվա գարնանը Գերմանիա կատարած աշխատանքային այցիս շրջանակներում մեր հանդիպումը, որի ընթացքում կառուցողական քննարկումներ ունեցանք քաղաքական, անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, կրթամշակութային և երկկողմ հարաբերությունների այլ ոլորտներին առնչվող հարցերի շուրջ:

Մեծապես կարևորում ենք մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և գնահատում Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ու ամրապնդման գործընթացում, ինչպես նաև անձամբ Ձեր ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված հնգակողմ բանակցություններին։

Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով նոր հաջողություններ կունենանք երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների:

Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի ժողովրդին Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց:

Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան` Ձեզ հարմար ժամանակ»:

← Վերադառնալ