Շնորհավորական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
2023 թվականը մեր աչքի առաջ ահա հալվում է, և 2024 թվականը րոպեներ անց մեր տները կմտնի ջերմեռանդ պատանու նման:
2023 թվականը նույնպես փակում ենք բարձր տնտեսական աճով և նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր 2023 թվականին աշխատել են, ստեղծագործել աշխատանքի մեջ, ավելացված արժեք ստեղծել և վճարել օրենքով նախատեսված հարկերը:
Նախևառաջ այդ մարդկանց շնորհիվ է, որ զինվորականների և ուսուցիչների աշխատավարձերը կրկնապատկելու հնարավորություն ենք ստացել և այսօր մեր երկրում 450-ից մինչև 500 հազար դրամ աշխատավարձով ուսուցիչներ ու շարքային կազմի զինվորականներ կան:
Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ մենք կարողացել ենք Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած մեր քույրերի և եղբայրների առաջին անհրաժեշտության կարիքները հոգալ:
Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ կարողացել ենք Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակները համապատասխանեցնել նվազագույն պարենային զամբյուղին:
Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ երրորդ տարին անընդմեջ հունվարի 1-ից կբարձրանա գիտաշխատողների աշխատավարձը:
Աշխատանքի մեջ ստեղծագործող, նոր գաղափարներ առաջ բերող, այդ գաղափարների իրագործման պատասխանատվությունից չվախեցող մարդկանց շնորհիվ է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 190 հազար աշխատատեղ է ստեղծվել:
Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող այդ մարդիկ արժանի են գովասանքի ու շնորհակալության, և հույս ունեմ, որ 2024 թվականի բերած ջերմեռանդությունը նոր լիցք, նոր ուժ, նոր գաղափարներ կհաղորդի նրանց:
Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,
Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ 6-րդ անգամ եմ Ամանորյա ուղերձով ձեզ դիմում: Եվ միասին անցած մեր այս ճանապարհին հետհայացքը ցավի, ափսոսանքի բայց և հպարտության զգացումներ է հարուցում: Ցավի և ափսոսանքի մասին շատ ենք խոսել և խոսում, բայց Ամանորյա այս երեկոյին ուզում եմ իմ խոնարհումն ու հպարտությունն արտահայտել բոլորիդ և յուրաքանչյուրիդ հասցեին, որ անտանելի բեռներ ունենալով մեր ուսերին, կարողացանք ու կարողանում ենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը տանել անկախության ու ինքնիշխանության ամրապնդման բարդագույն ճանապարհով:
Մեր անցած ճանապարհի մասին մտածելիս հասկանում եմ, որ այս պատմությունը սխալ և ճիշտ որոշումների ըմբռնումներից անդին է և մենք ընթանում ենք որքան էլ դաժան, բայցևայնպես միակ հնարավոր ճանապարհով, որը մեզ հնարավորություն կտա պետություն ժառանգել մեր սերունդներին:
Այս ճանապարհի մեծ մասն անցել ենք, բայց առջևում նոր փորձություններից ու դժվարություններից ապահովագրված չենք և մեզ հարկավոր է չսասանվել, չերկմտել անկախ պետություն ունենալուևւ այդ պետությունը մեր սերունդներին ժառանգելու մեր վճռականության մեջ:
Նաև ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ և յուրաքանչյուրիցդ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած մեր բոլոր քույրերից ու եղբայրներից այն ցավի համար, որ վերջին տարիներին ապրել եք:
Ներողություն խնդրում եմ ոչ այն պատճառով, որ ձեր առաջ որևէ հանցանք եմ գործել կամ թեկուզ մեկ ակնթարթ մոռացել ձեր առաջ ունեցած պատասխանատվությունն ու որևէ պարտավորություն, այլ որովհետև գիտեմ, թե ինչ եք զգում և նույնը զգում եմ ես:
Բայց այս զգացումը որևէ կերպ չի կարող սասանել պետության ղեկավարի իմ պարտքը, որից բխում է, որ իմ բոլոր որոշումներն ու գործողությունները պետք է բխեն Հայաստանի Հանրապետության պետական շահից: Այս է պատճառը, որ ես առաջնահերթ եմ համարում մեր տարածաշրջանում մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խորացման բանաձևեր գտնելը և շարունակելու եմ վճռականորեն ընթանալ այդ ճանապարհով՝ հանուն պետության, հանուն ապագայի, հանուն սերունդների:
Պետության ղեկավարի պարտքից է բխում, որ անհոգնել ու անընդհատ կրկնեմ, որ մենք շատ բաներ պետք է ավելի ու ամբողջական հասկանանք, շատ բաներ պետք է նայենք ու վերանայենք՝ անշրջելիորեն հասկանալու համար, որ հայրենիքը պետությունն է:
Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ:
Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, վճարիր հարկերդ:
Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, բարելավիր կրթությունդ:
Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, աշխատանքով կերտիր քո ու քո երկրի բարեկեցությունը, հարստացիր և հարստացրու:
Սա է Հայաստանի Հանրապետության պետական շահը: Այն ուղենիշ ու առաջնորդող պետք է լինի բոլորիս համար և համոզված եմ՝ 2024 թվականը, այդ ջերմեռանդ պատանին, պետության ու պետական ըմբռնման խորհրդանիշ է դառնալու մեզ համար:
Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,
Լցրեք բաժակները և հոտնկայս խմենք Հայաստանի Հանրապետության կենացը:
Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: