Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկին Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի` Սահմանադրության օրվա առթիվ:
Մեր երկրների հարաբերությունները մշտապես աչքի են ընկել ջերմությամբ և երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքով ու վստահությամբ: Հայ և լեհ ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամությունն ամուր հիմք է մեր երկրների հարաբերությունները խորացնելու և միջազգային մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմագրավելու համար:
Վերջին տարիներին Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերություններն առավել ամրապնդվել են` ներառելով փոխշահավետ համագործակցության նոր ձևաչափեր:
Կարևորելով Լեհաստանի հետ սերտ կապերի հետագա զարգացումը՝ պատրաստակամություն եմ հայտնում հետևողական ջանքերով նպաստելու երկկողմ և բազմակողմ գործակցության ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»: