Շնորհավորական

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին

29.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով:

Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնն առողջություն, երջանկություն և առաջադիմություն բերի բարեկամ չին ժողովրդի բոլոր ընտանիքներին։

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հարաբերությունները ձևավորվել են պատմության խորքից եկող բարեկամական կապերի հիման վրա: Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում մեծապես կարևորում եմ Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը՝ հիմնված հավասարության, փոխադարձ վստահության և հարգանքի վրա:

Լիահույս եմ, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի համատեղ ջանքերով էլ ավելի ընդլայնել մեր երկու երկրների միջև ձևավորված բազմաբնույթ համագործակցությունը՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով որակապես նոր մակարդակի վրա: Այս համատեքստում կարևորում եմ նաև Չինաստանի նախագահության ներքո Հայաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպության միջև փոխգործակցության ամրապնդումը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Լի Ցյանին ուղղված ուղերձում ասված է.

«Չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ իմ ջերմագին շնորհավորանքներն ու մաղթանքներն եմ հղում Ձեզ և բարեկամ չին ժողովրդին: Մաղթում եմ, որ գալիք տարին Չինաստանի համար լինի ներդաշնակության և բարգավաճման տարի:

Մեծապես կարևորելով Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ և բազմակողմ մակարդակներում ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան՝ իմ պատրաստակամությունն եմ հայտնում այսուհետ ևս առավելագույն ջանքեր ներդնել դրանք որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու ուղղությամբ:

Հավատացած եմ, որ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նախաձեռնություններում առկա ակտիվ համագործակցությունը, բարձրաստիճան փոխայցելությունները, ինչպես նաև փոխգործակցությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում նաև՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում, կնպաստեն վերոնշյալ նպատակների իրականացմանը»:

← Վերադառնալ