Ներհանրապետական այցեր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ
- 1670x1113px - 591 Կբ
- 1670x1113px - 605 Կբ
- 1670x1113px - 598 Կբ
- 1670x1113px - 793 Կբ
- 1670x1113px - 563 Կբ
- 1670x1113px - 541 Կբ
- 1670x1113px - 587 Կբ
- 1670x1113px - 582 Կբ
- 1670x1113px - 278 Կբ
- 1670x1113px - 403 Կբ
- 1670x1113px - 208 Կբ
- 1670x1113px - 438 Կբ
- 1670x1113px - 326 Կբ
- 1670x1113px - 299 Կբ
- 1670x1113px - 386 Կբ
- 1670x1113px - 431 Կբ
- 1670x1113px - 422 Կբ
- 1670x1113px - 567 Կբ
- 1670x1113px - 587 Կբ
- 1670x1113px - 519 Կբ
- 1670x1113px - 539 Կբ
- 1670x1113px - 539 Կբ
- 1670x1113px - 560 Կբ
- 1670x1113px - 655 Կբ
- 1670x1113px - 663 Կբ
- 1670x1113px - 405 Կբ
- 1670x1113px - 577 Կբ
- 1670x1113px - 557 Կբ
- 1670x1113px - 430 Կբ
- 1670x1113px - 447 Կբ
- 1670x1113px - 346 Կբ
- 1670x1113px - 761 Կբ
- 1670x1113px - 667 Կբ
- 1670x1113px - 411 Կբ
- 1670x1113px - 468 Կբ
- 1670x1113px - 443 Կբ
- 1670x1113px - 520 Կբ
- 1670x1113px - 404 Կբ
- 1670x1113px - 391 Կբ
- 1670x1113px - 570 Կբ
- 1670x1113px - 563 Կբ
- 1670x1113px - 517 Կբ
- 1670x1113px - 673 Կբ
- 1670x1113px - 285 Կբ
- 1670x1113px - 384 Կբ
- 1670x1113px - 387 Կբ
- 1670x1113px - 434 Կբ
- 1670x1113px - 666 Կբ
- 1670x1113px - 621 Կբ
- 1670x1113px - 645 Կբ
- 1670x1113px - 709 Կբ
- 1670x1113px - 591 Կբ
- 1670x1113px - 807 Կբ
- 1670x1113px - 971 Կբ
- 1670x1113px - 639 Կբ
- 1670x1113px - 692 Կբ
- 1670x1113px - 888 Կբ
- 1670x1113px - 398 Կբ
- 1670x1113px - 419 Կբ
- 1670x1113px - 461 Կբ
- 1670x1113px - 460 Կբ
- 1670x1113px - 453 Կբ
- 1670x1113px - 649 Կբ
- 1670x1113px - 458 Կբ
- 1670x1113px - 503 Կբ
- 1670x1113px - 437 Կբ
- 1670x1113px - 426 Կբ
- 1670x1113px - 402 Կբ
- 1670x1113px - 535 Կբ
- 1670x1113px - 369 Կբ
- 1670x1113px - 394 Կբ
- 1670x1113px - 540 Կբ
- 1670x1113px - 605 Կբ
- 1670x1113px - 498 Կբ
- 1670x1113px - 674 Կբ
- 1670x1113px - 471 Կբ
- 1670x1113px - 525 Կբ
ևս 74 լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը մարզկենտրոն Արտաշատում հանդիպել է մարզի համայնքների ղեկավարներին և քննարկել Արարատի մարզում առկա խնդիրների լուծմանը և մարզի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը նշել է, որ այցի նպատակն Արարատի մարզում իրավիճակին և խնդիրներին ծանոթանալն է: «Արարատի մարզը Հայաստանի ամենախոշոր գյուղատնտեսական մարզերից է: Այստեղ նաև արդյունաբերական ձեռնարկություններ կան` հատկապես սննդի արդյունաբերության ոլորտի, շատ կարևոր է տեղեկանալ, թե ինչ ակնկալիքներ ունեն մարզի բնակիչները, համայնքների ղեկավարները կառավարությունից:
Ընդհանուր առմամբ ես արդեն մի քանի անգամ առիթ եմ ունեցել խոսել մեր երկարաժամկետ խնդիրների մասին, որոնք հետևյալն են. ըստ էության, մենք այսօր տեղավորվում ենք, պայմանականորեն ասած, ագրարային երկրի ձևակերպման ներքո, և մեր խնդիրն է ագրարային երկրից վերածվել արդյունաբերական երկրի, բայց դա չի նշանակում, որ գյուղատնտեսությունը երկրի այդպիսի մոդելում իր տեղը չունի: Հակառակը, մենք հույս ունենք, որ այդ պրոցեսի ընթացքում մեր գյուղատնտեսության արդյունավետությունն էականորեն կաճի: Ի՞նչ նկատի ունենք արդյունավետության աճ ասելով. առաջին հերթին, որ հողը կմշակվի ավելի ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն կտա, որ մեր գյուղացիներն իսկապես շոշափելի եկամուտներ ստանան, և հողի մշակումը դառնա իսկապես եկամտի լրջագույն աղբյուր, որպեսզի մարդիկ ոչ միայն կարողանան ծայրը ծայրին մի կերպ հասցնել, այլև իրենց աշխատանքի արդյունքն ստանալ, վայելել և բարեկեցությունն ապահովել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գյուղացիներին ժամանակակից տեխնոլոգիաներին ծանոթացնելը և դրանց ներդրման գործում նրանց աջակցելը շատ կարևոր է, բայց պետք է զգույշ լինել այդ հարցում: «Մենք չպետք է փորձենք գյուղացիներին խորհուրդ տալ, թե կովն ինչպես կթել կամ ինչն ինչպես ցանել, բայց պետք է համարձակություն ունենանք մեր գյուղացիներին ասելու, որ 21-րդ դարում արդեն հին մեթոդներով չենք հասնի այն արդյունքներին, որոնց ուզում ենք հասնել: Որևէ մեկը, իհարկե, որևէ մեկին չի կարող արգելել, որ իր այգին մշակի այնպես, ինչպես ինքն է ուզում և իր կովը կթի այնպես, ինչպես ինքն է ուզում: Բայց մենք պետք է իսկապես կարողանանք աշխատանքի արտադրողականության, բերքատվության և մնացած հարցերում ժամանակակից տեխնոլոգիաների մասին իրազեկել մեր հայրենակիցներին և, իհարկե, որոշակի ֆինանսական ծրագրերով նրանց աջակցել, քաջալերել, որպեսզի այդ տեխնոլոգիաները կիրառվեն` իհարկե, որպես առանցքային նպատակ ունենալով մեր սննդամթերքի էկոլոգիապես մաքուր լինելու հանգամանքը, որովհետև մեր գյուղատնտեսական արտադրության մրցունակության առանցքային պայմանը հենց դա է, որ մեր արտադրած գյուղմթերքը, սննդամթերքը պետք է լինի էկոլոգիապես մաքուր և համապատասխանի բոլոր բարձր ստանդարտներին», - ասել է վարչապետը:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը զեկուցել է, որ ընթացիկ տարվա սեփական եկամուտների հավաքագրման հաշվետու ժամանակաշրջանի կատարողականը կազմում է 100.2 տոկոս: 2018 թ. ավարտվել են Վեդու բժշկական կենտրոնի 32 մլն դրամի շինարարական աշխատանքները: Մարզպետը նշել է, որ 2018 թ. հրատապ ծրագրերով մարզի համայնքներում նախատեսվում է իրականացնել խմելու և ոռոգման ջրերի ոլորտում 25 ծրագիր՝ 413 մլն 800 հազ. դրամի արժեքով, որից 11-ը խմելու ջրագծերի ներքին ցանցի կառուցման ծրագրեր են` 152 մլն 930 հազ. դրամ ընդհանուր արժեքով, 11-ը՝ ոռոգման ներքին և արտաքին ցանցերի կառուցման ծրագրեր` 221 մլն 800 հազ. դրամ ընդհանուր արժեքով և 3-ը քաղաքաշինական բնագավառի ծրագրեր են: Նշվել է, որ գլխավորապես ջրային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված հրատապ ծրագրերի արդյունքում հնարավոր կլինի զգալիորեն մեղմել մարզում ոռոգման և խմելու ջրի խնդիրները:
Մարզպետը վարչապետին մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարություն-համայնքներ համաֆինանսավորման, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակում մարզի մի շարք համայնքներում իրականացվող առողջապահական, կրթական, մշակութային, քաղաքաշինական ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի վերաբերյալ: Ի թիվս մի շարք այլ ներդրումային ծրագրերի, առաջիկայում նախատեսվում է մոտ 5 մլն դոլարի ներդրում Մասիս քաղաքում` Թումո կենտրոնի կառուցման համար:
Անդրադառնալով խաղողի մթերման ծավալին` Գարիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ 20.09.2018 թ. դրությամբ մարզի ձեռնարկությունների կողմից մթերվել է 22797 տոննա խաղող:
Վարչապետը հետաքրքրվել է մարզում կաթիլային ոռոգման համակարգի և հակակարկտային պաշտպանության կայանների աշխատանքի մասին: Նշվել է, որ մարզում մոտ 70 հա այգի ոռոգվում է կաթիլային համակարգով, տեղադրված է 99 հակակարկտային կայան, պաշտպանության ենթակա է շուրջ գյուղատնտեսական նշանակության 7920 հա տարածք: Սակայն Սուրենավան համայնքում հակակարկտային պաշտպանության 4 զենիթային կայանից 1-ը չի աշխատել, ինչի պատճառը, մարզպետի խոսքով, կայանի՝ գազով չլիցքավորված լինելն է եղել: Դրա հետևանքով շուրջ 120 հա այգի վնասվել է, գյուղացիներին պատճառվել է 52 մլն դրամի վնաս:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած հակակարկտային կայանների արդյունավետության հարցը մշտապես քննարկվել է և ներկայում էլ քննարկվում է, բայց կա կոնկրետ օրինակ, որն ապացուցում է դրանց օգտակարությունը. խոսքը, ըստ վարչապետի, Արագածոտնի մարզում գործող «Գոլդեն Գրեյփ Արմաս» ընկերության մասին է: Կառավարության ղեկավարը նշել է, որ մեկ շաբաթ առաջ այցելել է այս գործարան, և ընկերության ղեկավարը, ներկայացնելով հակակարկտային պաշտպանության զենիթային համակարգի աշխատանքը, վստահեցրել է, որ նորմալ գազով լիցքավորելու դեպքում այս կայաններն աշխատում են արդյունավետ, և դրանց տեղադրումից ի վեր մինչ օրս ընկերության այգիները կարկտահարությունից չեն տուժել: «Եզրակացությունն այն է, որ ոչ թե կայանների աշխատանքի, այլ կայանների օգտագործման խնդիր ունենք», - նշել է վարչապետը և հանձնարարել գյուղատնտեսության նախարարին` շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ համատեղ նորից լրջորեն քննության ենթարկել հակակարկտային պաշտպանության զենիթային կայանների արդյունավետությունը, ուսումնասիրել, թե որ համայնքներում ինչ գազով են լիցքավորում և ներկայացնել տեղեկատվություն:
Կառավարության ղեկավարն անընդունելի է համարել, որ որևէ պաշտոնյայի անգործության հետևանքով որևէ համայնքում կայանը կարող է չաշխատել, այգիները վնասվեն, և տուժած ֆերմերները փոխհատուցում ակնկալեն ոչ թե կոնկրետ պաշտոնյայից, այլ կառավարությունից:
«Սուրենավան համայնքում 52 մլն դրամի վնաս է պատճառվել: Հիմա գյուղացիները, բնականաբար, ակնկալում են, որ կառավարությունը ինչ-որ սիմվոլիկ աջակցություն պետք է ցույց տա: Ես ասում եմ` ինչու՞ չպետք է փոխհատուցեն այն պաշտոնյաները, որոնք իրենց աշխատանքը չեն արել:
Հարգելի բնակիչներ, գնացեք, նախ ձեր պաշտոնյաների հարցը լուծեք, հետո նոր եկեք կառավարությունից պահանջեք, որովհետև մենք համաձայն չենք, որ ձեր աչքի առաջ թալանեն, դուք էլ սուս մնաք, հետո ասեն գնացեք կառավարությունից ուզեք, կառավարության դիմաց ցույց արեք: Չի անցնի այդ տարբերակը: Գնացեք, ձեր պաշտոնյաների հարցը լուծեք: Գյուղապետ ընտրելիս, պատգամավոր ընտրելիս, որևէ բան ընտրելիս այս ամեն ինչը հաշվի առեք», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը` ընդգծելով, որ ընդհանրապես համայնքների բնակիչները պետք է հետևեն մարզպետարանների և համայնքապետերի աշխատանքին, յուրաքանչյուրը պետք է զգա իր պատասխանատվության չափը և մասնակցություն ունենա խնդիրների լուծմանը:
Վարչապետն անդրադարձել է նաև այս տարի տեղական շուկայում լոլիկի պահանջարկին և բարձր գնի հարցին: Նշվել է, որ դրա հիմնական պատճառը եղել են հանրապետությունում անոմալ բարձր ջերմային ֆոնը և վնասակար հիվանդությունը` ցեցը: Դրա հետևանքով նախորդ տարվա 116 հազ. տոննայից 35 հազ. տոննայով պակաս բերք է ստացվել: Համայնքների ղեկավարները վարչապետին հայտնել են, որ ցեցի տարածվածությունը բավական մեծ է, և քանի որ բաց տարածքում, ի տարբերություն ջերմոցների, պայքարի արդյունավետ մեթոդներ մշակված չեն, ֆերմերները տարեցտարի նվազեցնում են լոլիկի ցանքատարածությունները:
Կառավարության ղեկավարը, ընդգծելով հարցի կարևորությունը, հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում ներկայացնել խնդրի լուծման կոնկրետ ծրագիր:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ջրի ճիշտ օգտագործման և ջրատար առուներն աղբով լցված լինելու խնդրին, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կառավարությունը խնդիր է ձևակերպել, որ Սևանը պետք է հանգիստ թողնել, իսկ դրա համար պետք է ջրային ռեսուրսները խնայողաբար օգտագործել: Այս խնդիրները շղթայաբար կապված են, և իրար հետևից լուծելով պետք է շղթան կտրենք, կոռուպցիոն սխեմաները քանդենք»:
Ամփոփելով քննարկումը` կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է աշխատել խնդիրներն ամենօրյա ռեժիմով լուծելու տրամաբանությամբ: «Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր: Քայլ առ քայլ պետք է գնանք բոլոր հարցերի լուծմանը», - եզրափակել է վարչապետը:
* * *
Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է մարզի արտադրական ձեռնարկություններ:
Վարչապետը նախ եղել է «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանում և ներկա գտնվել լոլիկի վերամշակման նոր հոսքագծի բացմանը, որի շնորհիվ ակնկալվում է մթերման և արտադրության ծավալի աճ: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել լոլիկի վերամշակման, տոմատի մածուկի, հյութերի, կոմպոտների, մրգերի վերամշակման և պահածոների արտադրամասերում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ընկերության ղեկավարությունը վարչապետին տեղեկացրել է, որ սարքավորումների և գործարանի ենթակառուցվածքի արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակում 2018 թ. ներդրվել է 3.5 մլն ԱՄՆ դոլար։ Շահագործման է հանձնվել լոլիկի վերամշակման համար նախատեսված իտալական առաջատար Cavalieri սարքավորումը, որն արտոնագրված տեխնոլոգիա է և իր տեսակի մեջ միակ հոսքագիծն է ԵԱՏՄ–ում։ Նշվել է, որ ներկայում ընկերությունն ունի ավելի քան 1000 աշխատակից (2018թ. 25 տոկոս աճ)։ Փոքր և միջին բիզնեսի հետ համագործակցության արդյունքում այս տարի գյուղհումքի մթերումը կրկնապատկվել է՝ գերազանցելով 2 մլրդ դրամը։ Արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Բելգիա, ԱՄՆ, Կանադա, Անգլիա և Ղազախստան:
Զարգացման ծրագրերի մասով վարչապետը տեղեկացվել է, որ առաջիկա 5 տարում ընկերությունը ծրագրում է կրկնապատկել արտադրության աճը (նախատեսվում է արտադրական նոր մասնաճյուղի հիմնում), 3.5 անգամ ավելացնել արտահանման ծավալը, ավելացնել արտադրատեսականին և բարելավել արտադրանքի որակը:
«Արտֆուդ»-ի ղեկավարությունը նաև կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ ներկայում գործարանում կա մոտ 100 թափուր սեզոնային աշխատատեղ` 90000 դրամ աշխատավարձով, որոնք, սակայն, չեն համալրվում, քանի որ մարդիկ չեն ցանկանում զրկվել աղքատության նպաստից: Վարչապետը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում աղքատության տրամաբանությունը աշխատանքի տրամաբանությամբ փոխելու և աշխատելը խրախուսելու ուղղությամբ:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է նաև Արարատի գինու գործարան՝ ծանոթացել խաղողի մթերման գործընթացին և ընթացիկ արդյունքներին: Նշվել է, որ 2018 թ. գործարանում նախատեսում են մթերել 14-18 հազ. տոննա խաղող, այս պահի դրությամբ արդեն մթերվել է 7 հազ. տոննա: Ընթացքի մեջ է գինու մթերման համար նախատեսված նոր տարաների տեղադրումը, որը թույլ կտա տարեկան մթերել մոտ 20 հազ. տոննա խաղող: Տեղեկացվել է, որ խաղողը մթերվում է առանց սորտային և քանակական սահմանափակումների, և վերջին 10 տարում մթերման ծավալը դինամիկ աճ է ունեցել՝ կազմելով 14-18 հազ. տոննա, իսկ իրացման ծավալը կազմել է 4-7 մլն շիշ: Աշխատանք է տարվում ոչ միայն ԱՊՀ, այլև եվրոպական շուկայում ամրապնդվելու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կոնյակի հնեցման, տեսակավորման, շշալցման, փաթեթավորման արտադրամասերում: Ընկերության ղեկավարությունը երկրի վարչապետին է ներկայացրել ընթացիկ և նախատեսվող աշխատանքները, ինչպես նաև հետագա ներդրումային ծրագրերը: Նշվել է, որ ներկայում գործարանում իրականացվում են տեխնիկական-տեխնոլոգիական մակարդակի բարձրացման, հումքի պահպանման հնարավորությունների և ծավալի ընդլայնման աշխատանքներ: Նախատեսվում է նաև ստեղծել ֆերմերային սպասարկման, աջակցման ծառայություն՝ նպատակ ունենալով թեթևացնել ֆերմերի գյուղատնտեսական աշխատանքի բեռը և ավելի որակյալ արտադրանք ստանալ: Դա նաև հնարավորություն կտա փոխել խաղողագործության մշակման կուլտուրան և սորտային կազմը և ամրապնդել ֆերմեր-վերամշակող կապը:
Վարչապետը կարևորել է Արարատի մարզում սննդարդյունաբերության և վերամշակող գյուղատնտեսության հետագա զարգացումը և նշել, որ գործադիրը պետական մեխանիզմների շրջանակում պատրաստ է աջակցել այդ գործընթացին:
Արարատի մարզ աշխատանքային այցի ավարտին վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Մասիս քաղաքի «Ինտեր ակվա» ձկնաբուծական ընկերություն, ծանոթացել արտադրական հնարավորություններին ու զարգացման հեռանկարային ծրագրերին:
* * *
Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երասխ համայնք:
Կառավարության ղեկավարը նախ շրջայց է կատարել համայնքի դպրոցում, ծանոթացել վերանորոգման աշխատանքներին: Համայնքապետը տեղեկացրել է, որ վերջերս ասֆալտապատվել է դպրոց տանող ճանապարհը, վերանորոգվել է 116 աշակերտ ունեցող կրթօջախի ճաշարանը, և ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ «Դպրոցական կայուն սնունդ» ծրագրի իրականացման համար: Նշվել է նաև, որ կառավարության որոշմամբ նախատեսվում է հրատապ խնդիրների լուծման պետական ծրագրով միջոցներ ուղղել համայնքի դպրոցի հիմնանորոգմանը և կրթօջախի մասնաշենքերից մեկում մանկապարտեզի տեղակայմանը: Շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկայում:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել համայնքի բնակչության հետ, լսել նրանց հուզող խնդիրները, որոնք վերաբերում էին սահմանապահ համայնքի համար առողջապահական, կրթական արտոնությունների տրամադրմանը, համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը և այլն:
Դիմելով Երասխի բնակիչներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Շատ բարձր ենք գնահատում այն, որ դուք այստեղ եք՝ սահմանի եզրին և պահում եք մեր սահմանը: Ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ բոլոր խնդիրների լուծումը մեր օրակարգում է: Խնդիրները շատ են և միանգամից չեն լուծվելու, բայց պետք է սկսել փոքր քայլերով կոնկրետ հարցեր լուծել: Պետք է շարունակել աշխատել, որովհետև բոլոր խնդիրները պետք է լուծենք համատեղ աշխատանքով: Մեր հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մենք, ի վերջո, կարողացանք հասնել փոխադարձ ըմբռնման, որ դա չի կարող անել միայն քաղաքական առաջնորդը: Հեղափոխությունը կարող է տեղի ունենալ այն ժամանակ, եթե մեզնից յուրաքանչյուրն իր բաժինն անի, և հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամեն քաղաքացի հասկացավ, որ իր դիրքորոշումը վճռական է՝ ինքն ուզո՞ւմ է դա տեղի ունենա, թե՞ ոչ, իր քայլն անո՞ւմ է, թե՞ ոչ: Եվ պատահական չէ, որ պրոցեսը, որը բերեց իշխանափոխության, կոչվում էր «Իմ քայլը»: Հիմա մենք ուրիշ փուլ ենք մտել. ինչպե՞ս լուծել մեր երկրի պրոբլեմները՝ սոցիալական, տնտեսական: Էլի պետք է լուծենք իմ քայլի շրջանակում. կառավարությունը պետք է իր քայլն անի, բայց քաղաքացին էլ պետք է իր քայլն անի՝ ամենապարզ հարցերից սկսած»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության հիմնական խնդիրն աշխատանքը քաջալերելն է, և յուրաքանչյուր քաղաքացի մեր երկիրը զարգացնելու ուղղությամբ կոնկրետ աշխատանք ունի անելու: Վարչապետի խոսքով՝ այժմ վերացված են գործարար հնարավորությունները սահմանափակող բոլոր խոչընդոտները, և պետք է շարունակել աշխատել այն մոդելի շրջանակում, որը դրվել է հեղափոխության հիմքում: «Մենք ոչ թե պետք է լինենք կառավարություն, որը հաց է բաժանում, այլ կառավարություն, որն օգնում է մարդուն՝ իր հացը վաստակել, որովհետև մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդն աշխատող ժողովուրդ է: Մեր բոլոր հարցերը լուծվելու են աշխատանքով, ջանքով: Այսօր պետք է տնտեսական, գյուղատնտեսական, կրթական հեղափոխություն անենք, և այդ հեղափոխության առաջնորդը ձեզնից յուրաքանչյուրն է», - շեշտել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան: Վազգեն Սարգսյանի եղբայրներ Արամ և Արմեն Սարգսյանների ուղեկցությամբ Նիկոլ Փաշինյանը շրջել է թանգարանում, որտեղ ամփոփված է Վազգեն Սարգսյան պետական, ռազմական, քաղաքական գործչի, ինչպես նաև գրողի կյանքն ու կենսագրությունը ներկայացնող պատմությունը, ապա գրառում կատարել հյուրերի հուշամատյանում։ Վարչապետը նաև տեսակցել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգսյանին:
Արարատի մարզ աշխատանքային այցը Նիկոլ Փաշինյանը եզրափակել է Արտաշատի կենտրոնական հրապարակում մարզի բնակչության հետ հանդիպմամբ: Իր ելույթում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Մարզային այցելություններում ես փնտրում եմ դաշնակիցներ՝ ոչ թե կուսակցական, քաղաքական առումով, այլ դաշնակիցներ, ովքեր պատրաստ են իրենց ուսերին կրել Հայաստանի զարգացման իրենց բաժին բեռը: Այսօր մի զարմանալի դաշնակից եմ գտել այս այցի ընթացքում, և այդ դաշնակիցն 84-ամյա բնակիչ Քնարիկ Մնացականյանն է՝ իր 90-ամյա ամուսնու հետ: Նրան հանդիպեցի Արարատի գինու գործարանի մուտքի մոտ. պարզվեց, որ իր ամուսնու հետ 7000 մետր խաղողի այգի ունեն և արդեն քանի տարի է՝ 25 տոննա խաղող են ստանում այդ այգուց և մթերում են գործարանում, ապահովում 20 աշխատատեղ՝ ունենալով այն նույն պրոբլեմները, ինչ բոլորը:
Ի դեմս Քնարիկ Մնացականյանի՝ գտա մի շատ կարևոր դաշնակից, ով չի պատրաստվում սպասել, որ որևէ մեկն իր խնդիրը կլուծի, և այստեղ խնդիրը փողը չէ: Խնդիրն ինքնագնահատականն է, աշխատանքից հաճույք ու բերկրանք ստանալը: Ապագա Հայաստանի, նոր Հայաստանի դաշնակից եմ համարում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատանքը համարում են մարդկային ամենաբարձր առաքինությունը, ովքեր չեն սպասում, որ որևէ մեկն իրենց ողորմություն կամ օգնություն կտա, այլ իրենք իրենց բարիքը կստեղծեն:
Մենք պետք է ապահովենք թոշակառուների բարձր թոշակը, աշխատողի բարձր աշխատավարձը, բայց պետք է հասկանանք, որ պետական բյուջեն ձևավորվում է պետությունում աշխատող մարդկանց աշխատանքի արդյունքից: Դա մեր կառավարության քաղաքականությունն է՝ խրախուսել աշխատող մարդուն:
2019 թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակն ավելանալու է՝ 18000 դրամից դառնալով 25000 դրամ և համապատասխանելու է նվազագույն սպառողական զամբյուղին: Բայց եթե ուզում ենք, որ այդ թոշակը դառնա ավելի շատ, պետք է երկրում աշխատանքի տրամաբանությունն աշխատի»:
Վարչապետը նշել է, որ այսօր ամենամեծ խնդիրը տնտեսության զարգացումն է, և դա պետք է անել, եթե տնտեսության հիմքում դրվի հեղափոխության տրամաբանությունը: «Կառավարությունն իր բաժին անելիքն ունի, բայց առանց ձեր բաժին աջակցության` դա չի կարող անել: Ինչպես հեղափոխությունը միայն իմ և մեր քաղաքական թիմի անելիքը չէր, այնպես էլ մեր տնտեսության, մեր երկրի հետագա զարգացումը միայն կառավարության անելիքը չէ: ՀՀ քաղաքացին ձեռք պարզող չէ, այլ ձեռք մեկնող է, որովհետև մենք պետք է բարձրանանք ու բարձրացնենք: Սա է ամենակարևորը, և մեր երկրում ամենաբարձրը պետք է գնահատվի աշխատող, բարիք ստեղծող մարդը», - ասել է Նիկոլ Փաշինյանը: