Ներհանրապետական այցեր

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Արագածոտնի մարզ

21.11.2018 - 21.11.2018

ևս 55 լուսանկար



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ:

Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Արագածոտնի մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզի զարգացմանը վերաբերող հարցեր:

Մինչ տնտեսական և գյուղատնտեսական հարցերի շուրջ քննարկումն սկսելը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ասելով հետևյալը. «Ցանկանում եմ երկու շեշտադրում անել: Գիտեք, որ առաջիկայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մենք խնդիր ենք դրել, որ այդ ընտրությունները պետք է լինեն լավագույնը մեր երկրի պատմության մեջ: Լավագույն ասելով նկատի ունեմ, որ քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը: Ի՞նչ է պետք անել դրա համար.

1. Բացառել ընտրողների կամքի վրա որևէ ապօրինի ներգործություն: Գիտեք, հայտնի, վերջին տարիների ամենատարածված մեթոդն ընտրակաշառքն է, և Ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահ համակարգը շատ հստակ հանձնարարություն են ստացել, որ ընտրակաշառք բաժանելու ցանկացած փորձ պետք է արժանանա շատ կոշտ հակազդեցության: Աստված մի արասցե, որ հանկարծ որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, և այդ տեղեկատվությունը ես իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից, որովհետև կարծում եմ, որ ցանկացած նման դրսևորման և նախապատրաստության մասին ՀՀ ոստիկանությունը պետք է ունենա օպերատիվ տեղեկություններ և կանխարգելման, պրոֆիլակտիկայի մակարդակում պետք է այդ խնդիրն անպայման լուծի:

2.ՀՀ-ում կա «ընտրական ասողների» ինստիտուտ, որ ընդհուպ սեփականատերերն իրենց պատկանող ընկերություններում աշխատող մարդկանց, հիմնարկների ղեկավարներն իրենց ընկերություններում աշխատող մարդկանց, համայնքների ղեկավարներն իրենց գյուղերում ապրող մարդկանց հրավիրում են և փորձում են ինչ-ինչ լծակներով ուղղորդել կոկրետ քվեարկության: Այս երևույթը նույնպես պետք է արմատախիլ արվի Հայաստանում, որովհետև մեր խնդիրն է հստակ արձանագրել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ի վիճակի է առանց կողմնակի օգնության անել իր ընտրությունը: Ես ուզում եմ նաև իմ օրինակը բերել. ես երկար տարիներ ղեկավարել եմ Հայաստանի ամենախոշոր թերթը, եղել եմ գլխավոր խմբագիր, ընդ որում` դա եղել է ընդդիմադիր թերթ, ընդդիմադիր լրատվամիջոց, իհարկե, կոլեկտիվը շատ մեծ չի եղել, և չի եղել մի դեպք, որ ես երբևէ որևէ աշխատողի ասեմ` պետք է այս մարդուն ընտրես: Կարծում եմ` սա անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ: Քաղաքական պրոցեսի իմաստը հետևյալն է. քաղաքականությունը հրապարակային է, մարդիկ տեսնում են` ովքեր են թեկնածուները, կարդում են նրանց նախընտրական ծրագրերը կամ լսում են նրանց մեկնաբանությունները և կարող են որոշում կայացնել: Մեր խնդիրն է, որ այս ընտրություններում քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում, այսինքն` որևէ խոչընդոտ որևէ քաղաքական ուժի գործունեության, քարոզարշավի նկատմամբ պետք է տեղի չունենա որևէ տեղում: Եթե դահլիճը հասանելի է որևէ քաղաքական ուժի համար, և օրենքով էլ դա նախատեսված է, պետք է մյուսների համար էլ հասանելի լինի: Հիմա եթերի ազատությունը հանրահայտ փաստ է, և հեռուստատեսային եթերը հավասարապես պետք է հասանելի լինի բոլորին: Ինտերնետի մասին չեմ ուզում ասել, որովհետև արդեն միջազգային կազմակերպությունները Հայաստանը դասել են ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքին, և մենք այս ցուցանիշով գտնվում ենք աշխարհի առաջատար երկրների ցանկում, ինչը շատ ուրախալի է»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին, առկա միտումներին, արձանագրված ցուցանիշներին և հետագա անելիքներին: Խոսելով տնտեսության կառուցվածքային փոփոխության կարևորության մասին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ հոկտեմբերին արձանագրվել է աճի դրական միտում. «Հոկտեմբերին ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 3 տոկոս աճ: Դա տեղի է ունեցել արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության ակտիվության հաշվին, և այս ֆոնին նախորդ ամսվա անկումից հետո ունենք 12 տոկոս արտահանման աճ: Սա ցույց է տալիս, որ մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց»:

Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոլորտում լուրջ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն կա, որպեսզի առանձին վերցրած գործոնները՝ կարկտահարություն, վնասատու միջատներ և այլն, էական ազդեցություն չունենան ոլորտային ցուցանիշների և ընդհանուր առմամբ այս ճյուղի զարգացման վրա:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նախ և առաջ խոսել է հակակարկտային գործող համակարգի արդյունավետության մասին՝ նշելով, որ ԱԻ նախարարի պաշտոնակատարին հանձնարարել է ուսումնասիրելու համար դրանց աշխատանքային ցիկլը և ներկայացնել եզրակացություն: «Այս պահին առկա տեղեկատվության հիման վրա կարելի է ասել, որ այդ կայաններն արդյունավետ կարող են աշխատել, եթե պատշաճ կառավարվեն: Մանավանդ եթե տեղական արտադրության են, և մենք շարունակենք զարգացնել այդ ուղղությունը, կխթանենք տեղական արտադրությունը և հակակարկտային արդյունավետ պաշտպանություն կունենանք», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է ոռոգման համակարգի խնդիրներին և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրային ռեսուրսների պահպանման կարևորությունը և խոսել նախկինում իր կողմից հիշատակված «ստվերային այգիների» մասին: «Պարզվում է՝ Հայաստանում կան 20 հեկտարանոց այգիներ, որոնք 1996 թվականից ոչ մի կոպեկ չեն վճարել ոռոգման ջրի համար: Ես ասել եմ՝ կան «ստվերային այգիներ», որոնք հաշվառված չեն, և նաև սա է պատճառը, որ ոռոգման ջրի կորուստը մեր երկրում կազմում է 60-80 տոկոս: Սա աբսուրդ է, և այս խնդրին շատ արագ պետք է անդրադառնալ», - ասել է նա: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է փոքր ՀԷԿ-երի կողմից ջրային ռեսուրսների օգտագործման հարցին՝ նշելով, որ մոտ 187 փոքր ՀԷԿ-երում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է՝ 150-ում ջրաչափ տեղադրված չէ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ նշված խնդիրների լուծումը կարևոր է գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից, և դրանց լուծումը գտնվում է կառավարության առաջնահերթությունների շարքում, քանի որ գյուղատնտեսությունը եղել է և մնում է ռազմավարական ճյուղ:

Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է կառավարության կողմից նախաձեռնվող ներդրումային ծրագրերին: «Այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներում քննարկման փուլում է 500 մլն դոլարի ներդրումային փաթեթ՝ հիմնականում արտադրության ճյուղում, և այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել գործարանների կառուցման առումով, եթե 2019 թ. ընթացքում բարեհաջող իրականացվեն, մեր երկրի տնտեսական կերպարը 180 աստիճանով կփոխվի: Խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է, և կառավարությունն ամեն ինչ կանի՝ դա իրականություն դարձնելու համար», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին՝ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ասել է. «Տնտեսության զարգացման առումով մեր ռազմավարությունը մնում է նույնը` աշխատանքի խրախուսումը: Երկար տարիներ Հայաստանում խրախուսվել է աղքատությունը, որովհետև այն ժամանակ գործող քաղաքական համակարգին ձեռք է տվել, որ մարդիկ լինեն աղքատ և կաշառք վերցնեն: Մեր նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն լինի նա, ում ուզում է իշխանություն տեսնել ժողովուրդը: Սրա համար ՀՀ քաղաքացին պետք է լինի բարեկեցիկ, և մենք ուզում ենք քաջալերել աշխատանքը: Պետք է նպաստների համակարգը փոխենք այնպես, որ այն խրախուսի մարդկանց աշխատել, ոչ թե աղքատ մնալ»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական փոփոխություններից հետո վերացվել են մենաշնորհները, անհավասար պայմանները, և այսօր չկա գործունեության որևէ տեսակ, որն արգելված է: Առաջիկայում բացվելու է շաքարի երկրորդ գործարանը, ստեղծվում են պայմաններ, որ մարդն արժանապատիվ աշխատանքով ապրի: «Աստվածաշնչում ասվում է` «քո քրտինքով վաստակիր քո հացը»: Այս տրամաբանության մեջ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություներից հետո պետք է վերաձևակերպենք մեր անելիքները: Մենք փոքրաթիվ, բայց փոքր ժողովուրդ չենք: Մենք մեծ ժողովուրդ ենք, մեր առջև դնում ենք մեծ խնդիրներ և դրանց լուծման համար պետք է աշխատենք օր ու գիշեր` հանուն մեր երկրի, հանուն մեր երեխաների ապագայի: Մեր երեխաները պետք է ապրենք ազատ և երջանիկ Հայաստանում», - խոսքը եզրափակել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է համայնքների ղեկավարների հարցերին, որոնք վերաբերում էին ոռոգման ջրի պահանջարկի ապահովմանը, գյուղատնտեսության ապահովագրությանը, մշակութային ծրագրերի իրականացմանը և այլն: Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզպետարանի և համայնքների միջև արդյունավետ աշխատանքային մթնոլորտի առկայությունը, որը կարևոր է առկա խնդիրների վերհանման, լուծման և զարգացման ուղղությամբ հետագա անելիքները քննարկելու առումով:

Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակում նաև այցելել է մարզի ձեռնարկություններ՝ շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերություն և Ապարանի թռչնաբուծական և խոզաբուծական ֆերմերային տնտեսություն:

Շրջայցի ընթացքում վարչապետի պաշտոնակատարը ծանոթացել է ներդրումային ծրագրերի ընթացքին, արտադրական ծավալներին և զարգացման հեռանկարներին:

Նշվել է, որ շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերությունն ավարտել է արտադրական նոր գործարանի շինարարությունը: Ֆրանսահայ գործարարները կատարել են լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում, ինչի արդյունքում ստեղծվել են նոր աշխատատեղեր. ներկայում ընկերությունն ունի 32 աշխատատեղ: Արտադրանքն իրացվում է տեղական շուկայում, իսկ 2018 թվականին ընկերությունը սկսել է նաև ապրանքատեսակների արտահանումը Մոսկվա:

Իսկ Ապարանի ֆերմերային տնտեսության գործունեության վերաբերյալ կառավարության ղեկավարի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ իրականացվել է 2 մլն եվրոյին համարժեք ներդրում, տնտեսությունն ունի 40 հազար թռչուն և 1000 գլուխ խոզ: Արտադրված հավկիթն իրացվում է տեղական շուկայում, իսկ խոզի մսի իրացումը նախատեսվում է որոշ ժամանակ անց:

Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է ներդրումային ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել և աջակցել տնտեսության զարգացմանը, բիզնես գործունեության ընդլայնմանը միտված ծրագրերին:

* * *

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Աշտարակ և Ապարան քաղաքների բնակչության հետ: Աշտարակցիներին ուղղված իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
ողջունում եմ ձեզ: Սրանք զուտ խոսքեր չեն, որովհետև, այո՛, այս հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը մեր քաղաքական, քաղաքացիական և ազգային հպարտությունն է, որովհետև հպարտությունը, ինքնասիրությունը, ինքնությունն ամենակարևորն են, մնացած հարցերը տեխնիկական խնդիրներ են: Ի՞նչն է եղել մեր երկրի պրոբլեմը. մեր երկրում քաղաքացին իրեն տեր չի զգացել: Ի՞նչ է փոխվել մեր երկրում. քաղաքացին իրեն տեր է զգում: Եվ ես չգիտեմ` դեռ ի՞նչ հաջողություններ և անհաջողություններ կունենա մեր կառավարությունը, բայց գիտեմ մի բան, որ Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին այդ հպարտությունը, այս հաղթանակն այլևս երբեք իր ձեռքից բաց չի թողնի:

Վարչապետները, կառավարությունները, Ազգային ժողովներն անցողիկ են, մնայունը քաղաքացին է, մնայունը դուք եք, մնայունը այս երեխաներն են: Եվ երբեք Հայաստանի քաղաքացին իր իրավունքը, իր արժանապատվությունը, իր ձայնը, իր հզորությունը ոչ ոքի չի զիջի, որովհետև Հայաստանի քաղաքացին պատասխանատու է ոչ թե կառավարության առաջ, Հայաստանի քաղաքացին պատասխանատու է ապագա սերունդների առաջ: Մենք կերտել և կերտում ենք մեր այսօրը, բայց մենք պետք է կերտենք նաև մեր երեխաների այսօրը, այսինքն՝ վաղվա օրը: Եվ մեր ամենամեծ խնդիրը մեր խեղճությունը, հուսահատության զգացումը ճեղքելն է: Մենք ճեղքել ենք այդ հուսահատության զգացումը, ժողովուրդը հաղթել է, ժողովուրդը քաղաքական առումով հաղթել է, բայց ժողովուրդը խնդիր ունի իրեն հաղթած զգալ նաև տնտեսական առումով: Մենք ասում ենք, որ քաղաքական այս հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը: Մենք այս ընթացքում լցրել ենք մեր հոգիների, մեր գիտակցության փոսերը: Առաջիկայում մենք պետք է լցնենք մեր ճանապարհների փոսերը, մեր պատերի փոսերը, մեր երկիրը պետք է դարձնենք ծաղկուն:

Բայց ես էլի անընդհատ այդ նույն բանն եմ շեշտում և ուզում եմ, որ այս փուլում մենք այս արձանագրումը շատ պինդ և ամուր անենք, որովհետև ինչպես տեղի ունեցավ հեղափոխությունը. Ես, այդ թվում այս հարթակից 10 և ավելի տարիներ տարբեր առիթներով խոսելու, ելույթ ունենալու առիթ ունեցել եմ և միշտ ասել եմ ընդհանուր առմամբ նույն բանը՝ հեղափոխությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ մի քայլ անի հանուն այդ հեղափոխության հաղթանակի: Հեղափոխությունը տեղի ունեցավ ոչ թե այն ժամանակ, որ ես կամ մեր քաղաքական թիմը ինչ-որ քայլ արեցինք, որովհետև մենք այդ ընթացքում անընդհատ էլ քայլեր անում էինք, ճիշտ է, գուցե մի քիչ ոչ այնքան ճշգրիտ, ընթացքում մենք էլ հղկվեցինք, բայց, ի վերջո, հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ձեզնից յուրաքանչյուրն իր քայլն արեց: Հեղափոխությունը մենք չենք արել, հեղափոխությունը դուք եք արել: Սա մեր հաղթանակը չէ, սա ձեր հաղթանակն է: Մենք ընդամենը ուրախ ենք, որ կարողացել ենք, պատիվ ենք ունեցել ծառայել ձեր հաղթանակին, որովհետև ես միշտ իմ քաղաքական առաքելությունը համարել եմ ծառայելը և ասել եմ ու ասում եմ. մեր մեծագույն առաքելությունն է հող դառնալ մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ամուր կանգնեն մեզ վրա, ուղղեն իրենց մեջքը և պարզ ճակատով հպարտ քայլեն դեպի հզոր պետություն, դեպի երջանիկ անհատ:

Եվ ես եկել եմ ձեզ ասելու, որ այլևս չհավատաք նրանց, ովքեր փորձում են համոզել, որ մենք փոքր, խեղճ, անօգնական ժողովուրդ ենք: Մենք դեռևս փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մենք մեծ ժողովուրդ ենք: Մենք եղել ենք մեծ ժողովուրդ, կանք և լինելու ենք մեծ ժողովուրդ, որովհետև մեր հոգին հզոր է և անկոտրում, որովհետև անցել են Ցեղասպանության, կոտորածների, աղքատության, հետապնդումների միջով, մենք չենք կոտրվել և հաղթել ենք, մենք չենք կոտրվելու և հաղթելու ենք: Մենք մեծ ժողովուրդ ենք և մեզ մեծ ապագա է սպասվում, որովհետև մենք այսօրը կարողացել ենք դարձնել մեծ, մենք կարողացել ենք այնպես անել, որ այսօր աշխարհի ցանկացած անկյունում Հայաստան ասելիս հասկանում են հզոր, հպարտ ժողովուրդ, որ առանց մի զոհի կարողացել է անել մի բան, որ ուրիշ երկրներում անցել է տասնյակ հազարավոր զոհերով, իրար կոտորելով:

Վերջին անգամ այս խոսքերը ես ասել եմ հեղափոխության օրերին, բայց հիմա առաջիկայում ավելի հաճախ պիտի ասեմ այդ խոսքերը: Շատ երկար ժամանակ Հայաստանում քննարկվում էր այն, որ ժողովուրդը չի հավատում ոչ մի քաղաքական գործչի, չի հավատում ոչ մի քաղաքական ուժի: Ես միշտ ասել եմ և հիմա էլ ասում եմ. պետք չէ, որ դուք հավատաք մեզ, մեր խնդիրը չէ, որ դուք հավատաք մեզ, մեր խնդիրն է, որ դուք հավատաք ձեզ, հավատաք ձեր ուժին, հավատաք ձեր տաղանդին, հավատաք աշխատասիրությանը, հավատաք հզորությանը, որովհետև դուք հզոր եք, Հայաստանի քաղաքացու վիզը պետք է ծուռ չլինի: Մենք հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է ամենաբարեկեցիկ և հզոր երկրներից մեկն աշխարհում, բայց դա լինելու է ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ տեղից ինչ-որ հարուստ մարդիկ այսպես աջուձախ, կներեք այս բառիս համար, շաբաշ են բաժանելու, այլ դա լինելու է այն պատճառով, որ մենք ստեղծելու ենք անհրաժեշտ պայմաններ, որ Հայաստանի ամեն քաղաքացի ի վիճակի լինի իր արդար քրտինքով, իր արդար աշխատանքով իր հացը բարեկեցությունը, հարստությունը վաստակել:

Մենք ասում ենք, որ Հայաստանն այլևս աղքատության երկիր չէ, Հայաստանի Հանրապետությունը հարստության երկիր է: Մենք հնարավորություն ենք ստեղծելու, որ Հայաստանի քաղաքացին հարստանա և հարստացնի, աշխատի և իր աշխատանքով ստեղծի այն արդյունքը, այն երկիրը, այն եկամուտը, որ մեզ անհրաժեշտ է մեր ազգային երազանքներն իրականացնելու համար:

Մենք փոքրաթիվ ենք, բայց մենք այլևս չենք քչանալու, մենք շատանալու ենք: Մենք այլևս չենք ասելու՝ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք ասելու ենք ՝ մենք շատ ենք և մեզ հայ են ասում, մենք հզոր ենք և մեզ հայ են ասում, մենք հաղթող ենք և մեզ հայ են ասում: Հայի անունը, Հայաստանի անունը ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա ու ամեն տարվա հետ ավելի ու ավելի բարձր է հնչելու ողջ աշխարհում, որովետև մենք Նարեկացու ժողովուրդն ենք, Մարշալ Բաղրամյանի, Տիգրան Մեծի, Հովհաննես Թումանյանի ժողովուրդն ենք: Մենք մի ժողովուրդ ենք, որ հոգնել ենք կորցնելուց. հոգնել ենք հայրենիք կորցնելուց, երկիր կորցնելուց, իրար կորցնելուց, իրար սերը և հարգանքը կորցնելուց: Մենք այլևս ձեռք ենք բերելու և ունենալու ենք նոր նվաճումներ, և դրա համար ընդամենը հարկավոր է մի բան, որ դուք, ձեզնից յուրաքանչյուրը գիտակցեք ձեր ուժը, գիտակցեք ձեր հզորությունը, գիտակցեք ձեր մեծությունը, որովետև տեսեք ինչ արեցիք դուք: Դուք արեցիք մի բան, որ աշխարհի բոլոր վերլուծական կենտրոնները համարում էին անհնար. ասում էին՝ Հայաստանում իշխանափոխություն չի կարող տեղի ունենալ: Եկեք խոստովանենք՝ ձեզնից շատերն էին այդպես մտածում, ասում էին, որ չի կարող լինել: Եվ մեր դերը եղել է ընդամենը մի բանում. մենք օգնել ենք ձեզ, որ դուք հասկանաք, թե ինչքան հզոր եք: Եվ ես ձեզ սիրում եմ ձեր հզորության համար, ես հավատում եմ ձեզ և խոնարհվում եմ ձեր հզորության առաջ:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»:

Ապարանցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերհիշել է այն օրը, երբ Ապարանով անցնելիս հանդիպել է նրանց. «Ես հիշում եմ, թե մենք ինչ խոսեցինք և պայմանավորվեցինք, որ հաղթելու ենք: Մենք միասին հաղթեցինք: Գիտեք, կապ չունի՝ քանի ամիս է անցել ապրիլ-մայիսից: Ամեն անգամ առիթ կա ձեզ շնորհավորելու, որովհետև շատերին թվում է, թե հաղթանակն այն էր, որ երկրում կառավարություն կամ վարչապետ փոխվեց: Հաղթանակը դա չէր, այլ այն, որ դուք որոշեցիք, որ այդ փոփոխությունը պետք է տեղի ունենա, և ով պետք է լինի վարչապետ: Հեղափոխության առանցքային իմաստը դա էր, որ դուք որոշեցիք, և սրանից հետո միայն դուք եք որոշելու: Կառավարությունները փոխվելու են, վարչապետները փոխվելու են, Ազգային ժողովները փոխվելու են, չի փոխվելու մի բան՝ սրանից հետո դուք եք լինելու որոշողը, թե ով լինի վարչապետ, ով լինի Ազգային ժողովի պատգամավոր: Սա է հեղափոխությունը, սա է ձեր հաղթանակը, և ձեր հաղթանակն անշրջելի է»:

Անդրադառնալով դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Հայաստանի բոլոր քաղաքացիներին, բոլոր ընտրողներին ցանկանում եմ մի բան ասել. ոչ մեկին թույլ չտաք, որ ձեզ ասեն, թե դուք ում ընտրեք, ոչ մեկին իրավունք չտաք՝ կլինի գործատու, ղեկավար, ով ուզում է լինի, որովհետև դուք ինքներդ պետք է որոշեք, թե ում ընտրեք: Հետևեք քաղաքական պրոցեսներին, քարոզարշավին, ասելիքին, ձեզ, մեր երկրին և դուք ինքներդ որոշում կայացրեք: Մեր երկրի բոլոր դժբախտություններն սկսել են նրանից, որ մեր ժողովրդին ազատ ընտրության հնարավորություն չի տրվել: Մենք ասում ենք, որ ընտրակաշառք բաժանողի ձեռքը, բառի փոխաբերական իմաստով, կկտրենք: Որևէ մեկը չփորձի Հայաստանի քաղաքացուն նվաստացնել 5, 10 կամ 20, թեկուզ 100 հազար դրամ, թեկուզ 1000 դոլար առաջարկելով, որովհետև Հայաստանի քաղաքացու ձայնը գին չունի: Դա բացարձակ արժեք է, և թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ ասի, թե ում ընտրեք. ինքներդ որոշեք, որովհետև ում ընտրեք՝ նա կընտրվի: Հայաստանում այլևս չի լինելու այնպես, որ դուք մեկին ընտրեք, ընտրվի ուրիշը: Դրա երաշխավորը ոչ միայն ես եմ, ոչ միայն մենք ենք, այլև դուք եք առաջին հերթին, որովհետև առաջին հերթին դուք եք երկրի հետագա ճակատագրի կրողները»:

Խոսելով հեղափոխության հետագա քայլերի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է «Հայաստանի քաղաքացին ինքնիշխան է, իշխանության կրողն է, և դուք եք ձևավորելու: Ես ասել եմ՝ ինչո՞ւ եմ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև դուք այդպես եք որոշել, որ պահին դուք կորոշեք, որ ես չպետք է լինեմ Հայաստանի վարչապետ, ես չեմ լինի Հայաստանի վարչապետ: Ես ասում եմ բացառված է՝ մեզ մոտ երբեք իշխանություն պահել հասկացություն չկա, որովհետև իշխանությունը մերը չի, որ մենք պահենք կամ չպահենք: Իշխանությունը ձերն է, և դուք պետք է պահեք ձեր իշխանությունը: Եվ դա լինելու է հեղափոխության հաջորդ կարևոր փուլը: Ամեն քաղաքացու ձայնը սրբազան է, որովհետև ամեն քաղաքացին իր ձայնով որոշում է կայացնում երկրի հետագայի համար»:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանն այլևս չպետք է լինի աղքատության երկիր, և կառավարության դերակատարությունն է հնարավորություն ստեղծել, որ մարդիկ աշխատեն և արդար քրտինքով վաստակեն իրենց հացը: «Ինչպես արել ենք քաղաքական հեղափոխություն, այդպես էլ պետք է անենք տնտեսական հեղափոխություն՝ յուրաքանչյուր քաղաքացուն հնարավորություն տալով աշխատել, արդյունք ստեղծել, իր ընտանիքի բարեկեցությունը վաստակել:

Մենք հերոսների, հաղթանակների ժողովուրդ ենք, և այն ժամանակ, երբ թվում էր, թե հուսահատությունը հաղթել է վերջնականորեն, քաղաքացին հաղթեց վերջնականորեն: Եվ սա մեր ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ չէ: Երբ Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերը տեղի ունեցան, որևէ բանական մարդ չէր կարող ասել, թե այդ ճակատամարտերում մեր ժողովուրդը հաղթելու հնարավորություն ունի, որովհետև բոլոր չափանիշներով մենք պետք է պարտվեինք այնպես, ինչպես պիտի պարտվեինք ապրիլ-մայիսին: Աշխարհի բոլոր վերլուծական կենտրոններն ասում էին, որ հնարավոր չէ, այնտեղ չի կարող ժողովուրդը հաղթել: Բայց մենք հաղթեցինք, որովհետև հնարավորն անելը մեզ այլևս հետաքրքիր չէ: Մենք ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է սրանից հետո մեզ համար հնարավոր դառնալու: Սա է մեր պատմական և քաղաքական առաքելությունը: Եվ մենք, այո՛, մի ժողովուրդ ենք, որ սրանից հետո մեզ չի հետաքրքրելու հեշտ նպատակներ դնել և այդ նպատակներին հեշտությամբ հասնել: Մենք մեր առաջ դնելու ենք մեծ նպատակներ, դժվար նպատակներ և հասնելու ենք այդ նպատակներին, որովհետև մենք հզոր, հաղթանակած, ազատ և երջանիկ ժողովուրդ ենք, մենք խեղճ ժողովուրդ չենք, մենք փոքր ժողովուրդ չենք: Մենք արել ենք ամենադժվարը՝ մենք հաղթել ենք մեր խեղճությանը, մենք հաղթել ենք մեր հուսահատությանը, մենք հաղթել ենք մեր դժբախտությանը: Ուրեմն մենք այլևս անպարտ ենք և որևէ մեկը մեզ չի կարող հաղթել ներսում, թե դրսում»,- իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը:

← Վերադառնալ