Ներհանրապետական այցեր

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյանը` Վանաձորի տնտեսական համաժողովում

23.02.2019 - 23.02.2019

ևս 44 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև Հայաստանի ու արտերկրի մեծաթիվ գործարարներ ու ներդրողներ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում` հետևյալն է, կարող է արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և կարող են արդյոք կառավարությունն ու ժողովուրդը հասնել մի արդյունքի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս հարցի պատասխանը ակնհատ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր հասանելիության տիրույյթում է: Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց պետք է հասկանանք, թե որոնք են դրա պարամետրերը. դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը»: Վարչապետն ավելացրել է, որ տնտեսական հեղափոխության արգասիքն առաջին հերթին բարեկեցության նոր մակարդակն է:

«Բայց ո՞վքեր են ստեղծում դա, տնտեսության մեջ, ո՞վ է որևէ արդյունքի հեղինակը: Այդ արդյունքի հեղինակը մարդն է, բացառապես մարդը, և մենք ուզում ենք մարդուն քաջալերել, խրախուսել, աջակցել, որ նա ստեղծի այն, ինչը ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է: Ինչպե՞ս ենք քաջալերելու, այո՛, նաև խոսքով: Ցավոք, մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը և դրա արժեքը: Որպես Քրիոստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ, մենք պետք է արձանագրենք, որ ի սկզբանե բանն էր, այսինքն բանը` խոսքն է, ամեն ինչ սկսվում է խոսքից, մտքերից: Բայց արդյոք միայն խոսքով, իհարկե` ոչ: Հաջորդ ամենակարևոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է` կարգավորումների, մենաշնորհների, կոռուպցիայի բացառման, օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով` քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշեց, որ ինքն իրենով պետք է փակի այն փողոցները, որոնցով հոսում է կոռուպցիան և ամենաթողությունը:

«Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի պետք է իրականացնի: Ամեն մեկը պետք է իր գործունեությամբ փակի պայմանական փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը: Մենք պետք է պայմանավորվենք, որ մենք իրար հետ պետք է անենք տնտեսական հեղափոխությունը, որովհետև փոփոխությունների մեթոդաբանությունը պետք է պահենք նույնը: Իրականում սա հեշտ չէ: Պետք է խոստովանել, որ տնտեսական կոռուպցիոն համակարգը երբեմն ունի պարզություններ, օրինակ, եթե որևէ բիզնես «փայ է» որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նշանակում է, որ պատասախանատվության կեսը կիսված է, և երբ ահազանգ լինի, որ ինչ-որ բան բիզնեսին սպառնում է, կարելի է հարկայինին միջամտել, անհարմար մրցակցի շարքից հանել: Նոր իրավիճակը տարբերվում է նրանով, որ նման ապօրինի երաշխիքներ չկան, երախիքները բոլորի համար հավասար են և ամեն մեկն իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության հետ: Որևէ մեկը նրա համար արհեստական խոչընդոտ չի կարող ստեղծել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով` տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը կարող են իսկապես կրել դուխով մարդիկ, դուխով գործարարները, ովքեր վստահ են իրենց աշխատասիրության, ազնվության, սկզբունքայնության վրա և գիտեն, որ տեսակով հաղթող են:

«Գիտեմ, որ Հայաստանում կան հաղթող բիզնեսմեններ: Իսկապես տնտեսական հեղափոխությունը դուխով մարդկանց աշխատանք է, ովքեր հավատում են իրենց մտքին, ուժերին, տաղանդին: Ուզում եմ արձանագրել, որ այսքան մարդկանց այստեղ բերել է հավատը ոչ թե իշխանության, այլ սեփական ուժերի նկատմամբ: Հավատում եմ, որ այստեղ նստած ամեն մարդ գիտի, որ ինքը հաղթող է, գիտի հարստանալ և հարստացնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին պատրաստակամության համար, ինչը շատ մեծ գրավական է: Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը: Ուզում եմ ևս մեկ անգամ հռչակել տնտեսական հեղափոխության կարգախոսը` հերիք է ինչքան նստեցինք տեղներս, վեր կենանք ու քայլեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բիզնես համաժողովի ընթացքում ներկայացվում են Լոռու մարզում տուրիզմի, գյուղատնտեսության, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ավելի քան 50 ծրագրեր, որոնք կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի հավակնոտ առաջարկներ՝ ներդրողների համար։ Համաժողովի շրջանակում կազմակերպվում են ոլորտային քննարկումներ:

Բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես՝ շուրջ 40 ընկերությունների մասնակցությամբ։ Վարչապետ Փաշինյանը շրջել է ցուցահանդեսով` ծանոթացել ներկայացված արտադրանքին:

Լոռիում անցկացվող բիզնես համաժողովը բացվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և մարզպետարանների նախաձեռնությամբ, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող այս տարվա մարզային բիզնես ֆորումների շրջանակում։ 2019 թվականին կիրականացվեն մարզերի տնտեսության ու համայնքների զարգացման ուղղված ևս 8 համաժողովներ հանրապետության մյուս մարզերում։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ծանոթացել է թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին, որոնք համակարգում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Դպրոցը կառուցվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ:

Ժամանակակից մոտեցումներով կառուցվող սեյսմակայուն այս դպրոցը կհամապատասխանի միջազգային չափանիշներին, բնական աղետների դեպքում` որպես ապաստարան, կծառայի տվյալ տարածաշրջանի բնակչությանը:

Վարչապետին տեղեկացվել է, որ դպրոցի շինաշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա մայիսին: Ուսումնական հաստատությունը կհամալրվի ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է շինաշխատանքների որակյալ իրականացումն ու ընդգծել, որ դրանք պետք է պահել մշտական հսկողության ներքո:

Դպրոցը նախատեսված է երկու զուգահեռ հոսքերով` 432 աշակերտի համար: Վարչապետին զեկուցվել է, որ երկհարկանի այս կառույցը` 3857 քմ ընդհանուր մակերեսով, բաղկացած է երեք մասնաշենքից, որոնք միացված են սեյսմիկ կոնստրուկտիվ կարերով:

Դպրոցի նախկին շենքը 88-ի երկրաշարժից ստացած բազմաթիվ վնասվածքների հետևանքով ճանաչվել է վթարային և ապամոնտաժվել է: Այսօր ուսուցումն իրականացվում է «Տեխնոսարք» գործարանի եռահարկ ադմինիստրատիվ շենքում:

Նորակառույց դպրոցը նախատեսված է ապամոնտաժված դպրոցի տարածքում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դրամ:

* * *

Տեղեկանք. Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն ԱՄՆ դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը կազմում է 18,5 մլն դոլար: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 18900 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում հանրապետությունում կառուցվելու է 46 դպրոց:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի շրջանակում մի խումբ գործարարների հետ քննարկել է տարբեր ներդրումային ծրագրեր, որոնք իրականացվելու են տնտեսության առանձին ճյուղերում: Գործարարները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց նախաձեռնությունները, որոնք միտված են նոր արտադրությունների հիմնմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:

Այնուհետև կառավարության ղեկավարը ներկա է գտնվել համաժողովի շրջանակում ներկայացված ներդրումային ծրագրերի քննարկմանը: Ծրագրերը նախատեսվում են իրականացնել գյուղատնտեսության, մեքենաշինության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ ծանոթացել ծրագրավորման ու ինժեներիայի ուսումնական լաբորատորիաների և սկսնակ ընկերությունների գործունեությանը: Մասնավորապես, վարչապետին են ներկայացվել High-Tech Gateway, Omni Code,
ArchiDutch ընկերությունների աշխատանքները` վեբ, միկրոէլեկտրոնայի ծրագրավորման, ճարտարապետական նախագծերի մշակման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը եղել է նաև ինժեներական լաբորատորիաներում, համակարգչային լաբորատորիաներում:

Տեղեկացվել է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ՏՏ ոլորտի մասնագետների համար անցկացվում են մեկամյա դասընթացներ, որոնց արդեն իսկ մասնակցել է մի քանի հարյուր մասնագետ, նրանց մի մասն աշխատանքի է անցել հայտնի ընկերություններում, այդ թվում՝ Վանաձորի մասնաճյուղերում: Դասընթացներ են կազմակերպվում այլ թիրախային խմբերի, մասնավորապես, դպրոցականների համար (10-14 տարեկան), իրականացվում են նաև համակարգչային ինժեներական նախագծման դասընթացներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տեխնոլոգիական կենտրոնի գործունեությունը և հորդորել այնտեղ տեղակայված սկսնակ ընկերություններին ներկայացնել արդյունավետ ծրագրեր, որոնց իրականացմանը կառավարությունը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփել է Վանաձորում անցկացված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի աշխատանքները և այն բովանդակային առումով կայացած համարել:

«Սա իսկապես նոր նշաձող է: Այս գաղափարը պետք է շարունակվի մյուս բոլոր մարզերում: Ներկա մարզպետները տեսան, որ այս նշաձողից պակաս հաջորդ միջոցառումները պետք է չլինեն»,- ասել է վարչապետը և շնորհակալություն հայտնել համաժողովի բոլոր կազմակերպիչներին:

Միջոցառումը ցույց տվեց, որ Հայաստանում գործարար նոր հնարավորություններ կան և մեզ մնում է աջակցել այդ հնարավորություններն իրացնելու գործում: Մենք ուրիշ նորություն էլ ունենք, «Ամերիա» բանկն իր ծառայություններն է առաջարկել, որ բոլոր ներդրումային ծրագրերի ռիսկայնության գնահատում իրականացնի, գնահատի, թե այդ ծրագրերից որոնք են ռեալ, որոնք են ուշադրության արժանի, որոնք առավել հեռանկարայինները: Մենք պայմանավորվեցինք, որ այդ գնահատումից հետո առավել ուշագրավ ներդրումային ծրագրերի վերաբերյալ կառավարությունն ինքը տեղեկատվություն կտարածի` ներդրողներ ներգրավելու համար:

Այս կարևոր քննարկման արդյունքում ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, որն իմ կարծիքով, տնտեսական հեղափոխության առումով առանցքային նշանակություն ունի: Սովորաբար Հայաստանում մինչև հիմա գործընկերային, կամ ինչպես ասում են՝ կորպորատիվ ծրագրերը, որպես կանոն, ձախողվել են:

Մարդիկ ավելի շատ խուսափում են, ասում են՝ ես իմ գործը դնեմ, իմ գլխի տերը լինեմ, ուրիշի հետ գործ չունենամ, բայց մենք այստեղ տասնյակ նախագծեր տեսանք, որոնք գործընկերային տրամաբանության մեջ կլինեն շատ հաջողակ:

Այս պահը շրջադարձային նշանակություն ունի: Հայաստանում գործընկերային տրամաբանությունը, ցավոք, հաճախ լսել ենք, որ ավարտվում է խաբելով, և Նոր Հայաստանում, այս առումով, պետք է նոր տրամաբանություն գործի: Ամեն գործընկեր պետք է առաջին հերթին բարձր պատասխանատվությամբ վերաբերվի այն գործընկերոջը, որի հետ գործ է անում: Սա շատ կարևոր է:

Պոտենցիալ ներդրողների հետ շփումներում տեսնում եմ, որ այդ իներցիան դեռ կա: Բայց կարծում եմ՝ սա հին մտածողության արգասիք է և պետք է բոլորս ջանք գործադրենք, որպեսզի Նոր Հայաստանում նոր տրամաբանություն աշխատի:

Պետք է լինի գործընկերային նոր մշակույթ, պետք է դուրս գանք խաբելու տրամաբանությունից և պետք է մարդիկ ուս ուսի տան` ընդհանուր հաջողության հասնելու, ավելի մեծ հաջողության հասնելու, նոր մարդկանց ներգրավելու և նոր մարդկանց այդ հաջողության մասնակիցը դարձնելու համար:

Սա իմ ամենակարևոր եզրակացությունն է այսօրվա մեր քննարկումից: Բոլոր գործընկերներին մաղթում եմ փոխադարձ վստահություն: Այսօր ներկաներից շատերը ցույց տվեցին, որ ունենք մարդիկ, որոնք աշխարհն ընկալում են նորովի, որոնց խնդիրն է, որպեսզի իրենց ընկալած աշխարհն իրենք կարողանան իրականություն դարձնել` իրենց գյուղում, իրենց մարզում, իրենց հայրենիքում և իրենց հանրապետությունում:

Բոլորիս հաջողություն եմ մաղթում այս ճանապարհին: Բոլոր գործընկերներին մաղթում եմ փոխադարձ վստահություն, որն այն ամենակարևոր արժեքն է, որի վրա պետք է իսկապես դողալ: Փոխադարձ վստահության վրա հիմնված ձեռնարկատիրությունն ամենահաջողվածն է, դա երաշխիք է, որ այդ համատեղ ձեռնարկը հաջողություն ունենա: Հույս ունեմ, որ առաջարկված ներդրումային ծրագրերի շրջանակում նոր մարդիկ կհանդիպեն, կհաստատեն նոր գործընկերություն, որում վստահությունն ավելի ու ավելի կբարձրանա, ինչպես բարձր է ՀՀ քաղաքացիների և նրա ընտրած կառավարության միջև առկա վստահությունը: Վստահությունն ամենակարևոր հիմքն է, որի վրա պետք է կառուցվի Նոր Հայաստանը:

Մենք այլևս այն երկրում չենք, որտեղ նորաձև է խաբելը: Մենք մի երկրում ենք, որտեղ ամենակարևոր սկզբունքը վստահությունն է ու վստահությունը չչարաշահելը, այդ վստահությունը նոր ու ավելի կարևոր արժեք ստեղծելու հիմք դարձնելը»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

← Վերադառնալ