Ներհանրապետական այցեր

Վարչապետի մասնակցությամբ Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել բիզնես համաժողով

11.05.2019 - 11.05.2019

ևս 31 լուսանկար



Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին: Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, բանկային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլք:

Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի հյուրեր,
հայաստանցի և օտարերկրացի դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,
պետական այրեր,

ուրախ եմ համաժողովի կապակցությամբ, և ճիշտ արձանագրեց պարոն մարզպետը, որ Գեղարքունիքի մարզ ասելով առաջին հերթին նկատի ենք ունենում Սևանա լիճ: Դեռևս 1995-1996 թվականներին, երբ Հայաստանի նոր վարչատարածքային բաժանումը տեղի էր ունենում, այն ժամանակ կայացվեց, իմ կարծիքով և կարծում եմ` շատերի կարծիքով, ճիշտ քաղաքական որոշում, որ Սևանի ափին տեղակայված բոլոր շրջանները պետք է ընդգրկված լինեն մեկ մարզում: Սա ընդգծում էր նաև Սևանի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, և Սևանի նշանակությունն այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլև մեծացել է` ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Կարծում եմ` Սևանա լիճը մեր նաև հիմնական և ամենամեծ զբոսաշրջային ներուժ ունեցող վայրերից է, մեր երկրի ամենագեղատեսիլ վայրերից: Բայց նաև այսօր պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը և նրա շրջապատը, ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը` առանց բացառության, և ուշադիր հետազոտողը Սևանա ափերով շրջելիս կարող է հստակ արձանագրել, թե պատմական ինչ փուլեր է անցել մեր հանրապետությունը: Կարծում եմ` հիմա մեր մեծագույն խնդիրը Սևանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սևանա լիճն ընդհանրապես ունի` որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար և որպես Հայաստանի Հանրապետության կարևոր սիմվոլներից մեկը:

Սա թվով արդեն չորրորդ մարզային համաժողովն է, այսպիսի համաժողովները մենք շատ կարևորում ենք: Շատ կարևորում ենք այն առումով, որ ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրը և տնտեսական հարաբերությունների մակարդակը և որակը փոխվել են: Մենք ուզում ենք հստակ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունից իսկապես մենաշնորհային տրամաբանությունը վերացել է, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, և մենք կարող ենք բոլոր նախագծերը բաց, թափանցիկ, հրապարակային քննարկել: Մենք ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում և, դա կառավարության համար առաջնահերթություն է, բոլոր տնտեսական խաղացողների համար պետք է ապահովել հավասար պայմաններ: Ես հիմա չեմ ասում, որ արդեն իսկ ապահովվել են լիարժեք հավասար պայմաններ, որովհետև հասկանում եմ, որ մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողությունները, իհարկե, շատ բան փոխել են: Բայց մենք նաև մեկ տարվա արդյունքում նորից պետք է հետազոտենք դաշտը, հասկանանք` որտեղ են, որ մնացել են անարդարության կամ մենաշնորհային կամ արտոնյալության որոշակի դրսևորումներ, և մենք պետք է այդ դրսևորումները վերացնենք` ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, այլ հանուն Հայաստանի տնտեսական զարգացման, հանուն Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման: Այս կարգի միջոցառումները, համաժողովները իսկապես կարևոր են, որպեսզի մենք բարձրաձայն կարողանանք մտածել միասին, թե որտեղ ինչ հնարավորություններ կարող են լինել` ներդրումային և տնտեսական զարգացման:

Շատ կարևոր է իսկապես արձանագրել, որ ոչ միայն Գեղարքունիքի մարզում, նոր Հայաստանում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական չափանիշները, որովհետև բնապահպանությունը, Հայաստանի Հանրապետության համապատասխանեցումը բնապահպանական լավագույն միջազգային չափանիշներին մեզ համար իսկապես առաջնահերթություն է: Սա մեզնից պահանջում է շատ երկարատև, քրտնաջան աշխատանք, և այս աշխատանքը մինչև վերջ իրականացնելու բավարար կամք մենք ունենք:

Եվ, իհարկե, ուզում եմ ասել, որ կառավարությունն առանձնահատուկ հույս է դնում և առանձնահատուկ նշանակություն է տալիս գործարարների ակտիվությանը` ոչ միայն հայաստանցի, ոչ միայն Հայաստանից դուրս գործունեություն ծավալող մեր քաղաքացիների, այլև օտարերկրյա ներդրողների մասին է խոսքը: Ես միշտ ասել եմ և էլի ուզում եմ ասել, որ գործարարությունը նույնպես առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է. մարդ կա` լավ գիրք է գրում, մարդ կա` լավ երգ է գրում, մարդ կա` լավ շինարարություն է անում, մարդ կա` լավ քաղաքական գործունեություն է ծավալում, երրորդը մի ուրիշ շնորհք ունի: Ես ուզում եմ ասել, որ գործարարությունը նույնպես առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է, և ես համոզված եմ, որ Հայաստանում և Հայաստանից դուրս մենք ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ: Ես համոզված եմ, որ նաև օտարերկրյա պետություններում ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, որոնք հետաքրքրված են պատմական Հայաստանով` նկատի ունեմ այն Հայաստանն իր բնաշխարհով, մարդկանցով և հետաքրքրված են նոր Հայաստանով, այն նոր հնարավորություններով, որոնք ստեղծվել են նոր Հայաստանում:

Եվ ես ուզում եմ մեզ բոլորիս հաջողություն մաղթել: Մեկ տարի է արդեն անցել, ինչ Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, և մեկ տարվա արդյունքներով մենք արձանագրում ենք, որ մեր մտքերի ընթացքը ճիշտ է` մենք ճիշտ ուղղությամբ ենք գործում, ճիշտ ուղղությամբ ենք քայլում, ճիշտ ուղղությամբ ենք մտածում, և մեր մեծագույն խնդիրն է` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, գործարարներին, ներդրողներին քաջալերել, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի նրանք գան Հայաստան, հարստանան իրենք և հարստացնեն Հայաստանը:

Այնպես որ սիրելի գործարարներ, ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետությունում, ողջունում եմ ձեզ Գեղարքունիքի մարզում: Եկե’ք Հայաստան, եկե’ք Գեղարքունիքի մարզ, դրսևորե’ք ձեր ստեղծարար, գործարար տաղանդը, հարստացե’ք և հարստացրե’ք»:

Այնուհետև ցուցադրվել է «Գեղարքունիքի մարզի տնտեսական հնարավորությունները և զարգացման տեսլականը» ֆիլմը, որին հաջորդել է «Ներդրումային միջավայրը Հայաստանում» խորագրով պանելային քննարկում՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Գեղարքունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ: Քննարկվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի արտադրության, ինչպես նաև այլ ճյուղերի զարգացման հեռանկարները:

Ներկայացվել են Գեղարքունիքի մարզում հաջող իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև ներդրումային նոր ծրագրերի գաղափարները:

Համաժողովի շրջանակում բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին:

* * *

Հայաստանի Հանրապետության մարզերում ներդրումային-գործարար համաժողովները և տեղական արտադրանքի ցուցահանդեսները կազմակերպվում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ մարզպետարանների համատեղ նախաձեռնությամբ: Դրանց նպատակն է՝ մարզերի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներում ներգրավել Հայաստանում և արտերկրում ձեռնարկատիրությամբ զբաղվող գործարարների: Գեղարքունիքի մարզում անցկացվող համաժողովն այս տարվա 4-րդ մարզային ֆորումն է: Ընթացիկ տարում հանրապետության մյուս մարզերում կազմակերպվելու է մարզերի տնտեսության և համայնքների զարգացմանը նվիրված ևս 6 համաժողով։

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի է ունեցել «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովը: Ֆորումի շրջանակում կառավարության ղեկավարը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին մարզի տնտեսական զարգացման առաջնահերթություններին, Սևանա լճի շրջակայքում տնտեսական գործունեությանը, ենթակառուցվածքների բարելավմանը, աղբի հետ կապված իրավիճակին, համայնքների գազիֆիկացմանը և այլ թեմաների:

Անդրադառնալով, մասնավորապես, Սևանա լճի շրջակայքում տնտեսական գործունեության աշխուժացման հնարավորություններին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը կառավարության տեսադաշտում է և ներկայացրել այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: «Ընդհանրապես մենք պլանավորում ենք ակտիվացնել Սևանա լճի արևելյան ափում տնտեսական գործունեությունը, որովհետև կարծում ենք, որ այնտեղ շատ լուրջ ներուժ կա: Դրա համար պետության ամենակարևոր ներդրումն այն է, որ մենք առաջիկա տարիներին մտադիր ենք Սևանի շուրջ ընդհանրապես բոլոր ճանապարհները բերել պատշաճ վիճակի», - ասել է վարչապետը՝ հայտնելով, որ նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտին հասցնել 12 կմ ճանապարհահատվածի նորոգումը:

Խոսելով գազիֆիկացման հարցի մասին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ գազիֆիկացման ամեն ծրագիր պետք է դիտարկվի տնտեսական շահավետության համատեքստում: «Ընդհանրապես, կարծում եմ, որ հիմա ժամանակն է, որպեսզի գազային տրամաբանությունից դուրս գանք և ավելի մեծ ուշադրություն դարձնենք այլընտրանքային էներգետիկային, մանավանդ, Գեղարքունիքի մարզում, որտեղ արևի շատ մեծ էներգիա կա՝ և՛ էլեկտրական հոսանքի, և՛ ջրերի տաքացման, և՛ ջեռուցման համար, այսինքն` պետք է հաշվարկ անենք և հասկանանք: Այն գյուղերը, որոնք գազիֆիկացում են ակնկալում, պետք է իրենց այլընտրանք առաջարկենք», -ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև աղբի, աղբահանության խնդրին և հանգամանալից խոսել դրա լուծման կարևորության մասին. «Աղբի խնդիրը Հայաստանում ամենամեծ պրոբլեմն է: Այն լուծելու համար, իհարկե, մենք պետք է պարբերական շաբաթօրյակներ անցկացնենք, տեղական ինքնակառավարման մարմինները լուրջ պետք է աշխատեն: Բայց դրա համար կա շատ ավելի լուրջ նախապայման` Հայաստանի Հանրապետությունում պետք է ծխող և ծխախոտը գետնին գցող քաղաքացի չլինի, ջուրը խմող, շիշը նետող քաղաքացի չլինի, պաղպաղակ ուտող, թուղթը նետող քաղաքացի չլինի: Որո՞նք են աղբի կուտակման ամենամեծ կենտրոնները` այն տեղերն են, որտեղ մենք մեր ընտանիքներով գնում ենք հանգստանալու, հաց ուտելու և այլն, և ի՞նչ ենք թողնում մենք մեր հետևից: Այստեղ է հարցի լուծումը: Իհարկե, մենք հիմա աշխատում ենք, որ աղբի վերամշակման, աղբի հավաքման հնարավորինս արդյունավետ համակարգ ունենանք:

Ես արդեն ասել եմ, հրապարակային հայտարարել եմ, որ կհամարեմ, որ հեղափոխությունը շատ կոնկրետ իր վերջնական նպատակին հասել է, եթե մենք կարողանանք Հայաստանն աղբից ազատել՝ աղբից և հին ավտոմեքենաների թափքերից, որ ամենուրեք են՝ մեր գյուղերում և մեր տների առաջ: Մենք հիմա մետաղամշակման ոլորտում աշխատող տնտեսվարողների հետ նախնական պայմանավորվածություն ունենք, կարծես թե գործարք ենք կնքում և հույս ունենք, որ հարցը շուտով լուծում կստանա:

Ինչքան էլ լավ ձեռնարկություններ ունենանք, եթե Հայաստանի Հանրապետությունում աղտոտելու գործում միլիոնավոր մարդ ներգրավված լինի, իսկ աղբ հավաքելու գործում` մի քանի ընկերություն, մենք, միևնույն է, այդ խնդիրը չենք լուծի: Այստեղ մտքի հեղափոխություն է պետք, առաջին հերթին: Բայց նաև, իհարկե, մենք պետական ծրագրեր պետք է իրականացնենք և պետք է այստեղ ռազմավարություն ունենանք: Առաջիկայում նաև Հայաստանում սկսվելու է պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելուն հասարակական արշավը, որը, չեմ կարծում, թե շատ արագ, բայց որոշակի արդյունքներ կունենա»:

Ամփոփելով համաժողովի աշխատանքները` վարչապետ Փաշինյանը արդյունավետ է գնահատել քննարկումները և նշել, որ մարզային համաժողովները գնալով ավելի ու ավելի հետաքրքիր են դառնում: «Շնորհավորում եմ լավ կազմակերպված համաժողովի և արդյունավետ խոսակցության կապակցությամբ: Այս քննարկումը շատ կարևոր է, որովհետև այն մտագրոհ, անգլերենում այդպիսի բառ կա՝ brainstorm, էֆեկտ ունի: Մենք տեսանք այստեղ, թե ինչ ներուժ կա, ինչ հետաքրքիր ծրագրեր կան, և, իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այդ լավ գաղափարները, կենսունակ գաղափարները Հայաստանում իրագործվելու և դրանց հեղինակներին հաջողություն բերելու իրական հնարավորություն ունենան:

Կարծում եմ` ամեն անգամվա հետ համոզվում ենք, որ այս մարզային համաժողովների գաղափարն արդարացնում է: Սա, ի վերջո, նաև ուղիղ շփման հնարավորություն է: Իհարկե, ես չեմ ասի, թե մեր կառավարությունը փակված է և շատ հազվադեպ է շփվում քաղաքացիների հետ, բայց այսպիսի շփումները նույնպես շատ կարևոր են:

Հույս ունեմ, որ այս համաժողովի արդյունքում պոտենցիալ ներդրողներն ավելի կոգևորվեն, և ևս մեկ անգամ արձանագրեցին, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է՝ աջակցել ստեղծարար գաղափարներին, և Հայաստանի կառավարությունը շահագրգռված է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր գաղափարներ ծնվեն, առաջ քաշվեն, և ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա ներդրողներն իսկապես կարողանան իրագործել «Հարստացեք և հարստացրեք» գաղափարը: Ես կարծում եմ, որ այդ գաղափարն իսկապես իրագործելի է Հայաստանի Հանրապետությունում, և կառավարությունը ենթակառուցվածքների, հարկային դաշտի և այլ իր պարտավորությունները լիարժեք կատարելու է, որպեսզի դուք բոլորդ ձեզ զգաք պաշտպանված, հարմարավետ և անընդհատ քաջալերվեք կառավարության կողմից՝ նոր գաղափարներով ի հայտ գալու և նորանոր հաղթանակներ տանելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

← Վերադառնալ