Ներհանրապետական այցեր

Վարչապետը մասնակցել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին

27.05.2019 - 27.05.2019

ևս 23 լուսանկար



 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաթևում մասնակցել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սյունիքի մեծարգո մարզպետ, կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, մարզպետներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, լրագրողներ, հյուրեր,

Իրականում ճանապարհին մտածում էի, թե որ տարբերակով սկսեմ իմ ելույթը, որովհետև մի քանի տարբերակ էի մտածել, բայց դուք ձեր խոսքով կանխորոշեցիք` խոսելով խենթ գաղափարների մասին: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում` հենց մեծ բանավեճն է խենթության և իրատեսության միջև: Մեր քաղաքական խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնել մի այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին, ովքեր գիտեն, որ այդ գաղափարները կարելի է իրագործել Հայաստանի Հանրապետությունում:

Այս ամենն ընդամենը հայտարարություն չէ, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում և այն ինչ շարունակում է տեղի ունենալ, ըստ էության այս գաղափարի իրագործումն է: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա՝ կապ չունի, թե ինչ մակարդակի ջանք է դա, որովհետև այն, ինչ մենք ունենք իրականում, նախ ունենում ենք որպես գաղափար: «Տաթևեր»-ը, որը Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է, մի խումբ մարդկանց գաղափար է: Եվ մեր մեծագույն խնդիրը Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս շատ մարդու ստեղծագործելու, մտածելու, երազելու և այն իրագործելու համարձակությամբ օժտելն է:

Այս մարզային ֆորումները հենց այդ նպատակին են ծառայում, որպեսզի այդ ուղերձը հղենք բոլոր մարզերի բնակիչներին, որովհետև տնտեսական զարգացումը հենվում է առաջին հերթին անհատների վրա: Իհարկե, շատ կարևոր է խոշոր ներդրողների մուտքը Հայաստանի Հանրապետություն, բայց իմ համոզմամբ նրանք առաջին հերթին գնում են տաղանդավոր մարդկանց հետևից: Մեր խնդիրն է ցույց տալ, որ Հայաստանում ապրում են տաղանդավոր մարդիկ, ովքեր կարողանում են միջավայր ստեղծել ուրիշների երազանքների իրականացման համար: Ողջունում եմ այսօրվա համաժողովը և հաջողություն եմ մաղթում բոլորիս մեր այս կարևոր առաքելությունն ի կատար ածելու գործում: Հայաստանի Հանրապետությունում ապրում են տաղանդավոր մարդիկ, մեր խնդիրն է այնպես անել, որ նրանք հավատան և հաղթեն»:

Ներդրումային համաժողովի նպատակն է՝ Սյունիքի մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում ու արտերկրում ձեռնարկատիրություն իրականացնող և բիզնես շահեր հետապնդող գործարարների: Այն ուղղված է ներդրումային միջավայրի ակտիվացմանը, բիզնես ոլորտում նորանոր, փոխշահավետ գործակցային կապերի հաստատմանը:

Համաժողովի շրջանակում ներկայացվում են Սյունիքի մարզի ներդրումային գրավչությունը և ներուժը, արդեն հաջողություն գրանցած ու ընթացքի մեջ գտնվող բիզնեսի օրինակներ, գրավիչ ներդրումային ծրագրեր, որոնց թիվը հասնում է 20-ի։

Բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Վարչապետ Փաշինյանը շրջելու է ցուցահանդեսով` ծանոթանալու մարզի տեղական արտադրությանը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի աշխատանքները:

Մասնավորապես, վարչապետը շնորհավորել է համաժողովի մասնակիցներին դինամիկ ֆորում անցկացնելու կապակցությամբ և արձանագրել մի քանի առանձնահատկություններ այսօրվա քննարկումներից:

«Առաջինը՝ մենք տեսանք, որ Սյունիքի մարզում իսկապես շատ մեծ պոտենցիալ կա: Այստեղ մենք տեսանք առաջարկներ և նույնիսկ գործունեություն, որը վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին, այստեղ տեսանք հետաքրքիր, գյուղատնտեսական, զբոսաշրջային ծրագրեր: Այստեղ, իսկապես, շատ կարևոր է, որ մենք կարողանանք ստեղծել թե՛ օրենսդրական, թե՛ կառուցակարգային, թե՛ բարոյահոգեբանական այնպիսի միջավայր և պայմաններ, որպեսզի մարդը ոգևորվի իր աշխատանքից և ուրիշներին ոգևորի աշխատել: Առանց աշխատանքի հնարավոր չէ որևէ հարց լուծել, առանց աշխատանքի հնարավոր չէ բարեկեցություն ստեղծել, և սա ամենակարևոր արձանագրումն է:

Մենք պետք է իրար վարակենք աշխատելու ցանկությամբ, աշխատելու էներգիայով, մենք պետք է հավատանք մեր ապագային, որովհետև այն մեր ձեռքերում է, որովհետև մեր ապագային հավատալ՝ նշանակում է ինքներս մեզ հավատալ: Ես համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հավատա առաջին հերթին ինքն իրեն: Մեր ընդդիմադիր ժամանակներից այդ դիսկուրսը կա. ընդդիմությանը հավատում են, չեն հավատում, իշխանությանը հավատում են, չեն հավատում: Առաջին հերթին մարդը պետք է հավատա ինքն իրեն, իր ստեղծարար ուժին և մեր առաքելությունն այն է, որ մենք պետք է ոչ թե գործենք այնպես, որ մարդիկ մեզ հավատան, մենք պետք է գործենք այնպես, որ մարդիկ իրենք իրենց հավատան, որովհետև իրենք իրենց հավատալով է, որ ամեն անգամ իրենք կարողանան էֆեկտիվ կառավարություն ստեղծել, էֆեկտիվ ԱԺ ձևավորել, էֆեկտիվ տեղական ինքնակառավարման մարմիններում լինել: Մեր մեծագույն առաքելությունն այն է, որ մարդիկ՝ ՀՀ քաղաքացիները, հավատան իրենք իրենց: Այն պահին, երբ որ մենք հավատում ենք մեր քաղաքացիներին, մեր ժողովուրդը հավատում է ինքն իրեն, ինքը հաղթում է:

Մեր ժողովրդի, մեր պետության, մեր քաղաքացիների հաղթանակի միակ գրավականն այն է, երբ ամեն քաղաքացի և ժողովուրդը հավաքականություն է, ինքն իրեն հավատում է: Ես ուրախ եմ, որ այս դահլիճից, այս բեմից մենք տեսանք բազմաթիվ մարդիկ, ովքեր առաջին հերթին հավատում ենք իրենք իրենց: Մեր ամենօրյա առաքելությունն է, որպեսզի այդ մարդիկ իրենց ամեն օրվա հետ, ամեն ժամի, ամեն շաբաթվա հետ ավելի ու ավելի շատ հավատան, որովհետև ինչքան իրենք իրենց են հավատում, այնքան ավելի շատ հավատում են մեր ընդհանուր հայրենիքի այսօրվան և ապագային, որը մենք իրար հետ քայլ առ քայլ կառուցում ենք և կառուցելու ենք: Մեզ բոլորիս եռանդ եմ մաղթում և բոլորիս լավատեսություն եմ մաղթում և որևէ կասկած չկա, որ ՀՀ քաղաքացին իր հաղթարշավը շարունակելու է և դա ավարտ այլևս չի ունենալու: Ամեն նոր հաղթանակից հետո մենք նոր հաղթանակ ենք պատրաստելու և կերտելու, որովհետև դա մի աստիճան է, ամեն աստիճան ոտք դնելը մեր նախապատրաստությունն է մյուս աստիճանին ոտք դնելու: Այնպես որ մեր քայլը ոչ թե պետք է լինի ուղղակի առաջ, այլ նաև դեպի վերընթաց:

Այսօր իմ քայլը հանուն Սյունիքի մարզի ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն արել է, անում է և կանի իր քայլը հանուն Սյունիքի մարզի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի Հանրապետության:

Շնորհակալություն»:

Նշենք, որ համաժողովի շրջանակներում ներկայացվել են մի շարք ներդրումային ծրագրեր և ստորագրվել դրանք կյանքի կոչելու վերաբերյալ փաստաթղթեր:

← Վերադառնալ