Ներհանրապետական այցեր

Վարչապետը ծանոթացել է Սիս գյուղի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին և ներկա գտնվել Ռանչպարի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը

03.12.2019 - 03.12.2019

ևս 20 լուսանկար

Արարատի մարզի Սիս գյուղի 10-ամյա բնակիչ Սամվել Հովհաննիսյանի խնդրանքը ՀՀ վարչապետին՝ իրականություն է դարձել: Ամիսներ առաջ նա դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գյուղի գլխավոր ճանապարհն ասֆալտապատելու խնդրանքով: Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանն այցելել է Սիս՝ ծանոթացել կատարված աշխատանքներին:

Սիս համայնքի՝ Հ12 մարզային նշանակության 2,4 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է 153,6 մլն դրամ։

«Մենք հիմա ճանապարհ ունենք, հետո գյուղապետի հետ գյուղի բյուջեով մեր երազած գյուղն ենք ստեղծելու: Այս ճանապարհի հարցը բարձրացրեցի, որովհետև գլոբալ հարց էր գյուղի համար, դրա համար էլ դիմեցինք հարգելի պարոն Փաշինյանին ու տեսնում ենք արդյունքը: Ախր, այդ ճանապարհն այնքան մեծ խնդիր էր, գյուղացիները միշտ խոսում էին, ասում էին այդ մասին, ես էլ մեծերից սովորեցի: Հիմա այլևս ուրիշ բան չեմ խնդրելու վարչապետից, մնացածը մենք ենք անելու: Շատ պլաններ ունենք»,- նշել է 10-ամյա Սամվելը:

Այնուհետև վարչապետն այցելել է Արարատի մարզի Ռանչպար համայնք, որտեղ ներկա է գտնվել տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզը կառուցվել է բարերար, ռուսաստանաբնակ Մամիկոն Կարապետյանի միջոցներով:

Ժամանակակից չափանիշներին համապատասխանող և ամբողջությամբ նոր գույքով համալրված կրթօջախի բացման արդյունքում համայնքում կստեղծվի 8 աշխատատեղ: Մանկապարտեզում կգործի 1 խումբ՝ 25-ից 28 երեխայով:

 

← Վերադառնալ