Ներհանրապետական այցեր

Նման իրավիճակներում մենք պետք է հստակ ցույց տանք, որ մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը.Նիկոլ Փաշինյան

27.05.2021 - 27.05.2021

ևս 6 լուսանկար



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզի Կութ գյուղ: ՀՀ զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀՀ ԶՈւ գործողությունները։

Վարչապետի պաշտոնակատարը Կութ գյուղում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է ստեղծված իրավիճակում անելիքների հետ կապված մի քանի կարևոր շեշտադրումներ. «Առաջինը և ամենակարևորը ՝ մեզ պետք է այս իրավիճակում համախմբվել: Ինչո՞ւ, որովհետև ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ իրար դեմ հանելու, ավելի է ոգևորվում ու ակտիվանում: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից՝ ներսում ինչ տարաձայնություններ կան և այլն, իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը: Սա շատ կարևոր է: Ընդհուպ՝ ես ուզում եմ ասել, որ այս հարցին մենք այս ընթացքում բավարար չափով ուշադրություն չենք դարձրել: Եվ այստեղ մենք, մեր բոլոր զոհերի ընտանիքները, մեր բոլոր գերեվարված հայրենակիցների ընտանիքները, մեր սահմանապահ գյուղերի բոլոր բնակիչները, Երևանի կենտրոնից մինչ համայնքներ, գյուղամեջ, մենք բոլորս մի ընտանիք ենք և մի օջախ և պետք է այս տրամաբանությամբ առաջանորդվենք: Որևէ սասանում այս առումով պետք է չլինի:

Երկրորդը՝ սթափությունը. պարզ է, որ շատ նյարդային և հուզական է իրավիճակը, բայց պետք է մենք մեր սթափությունը չկորցնենք: Եվ նաև հավասարակշռությունը չկորցնենք, որովհետև եթե սթափությունն ու հավասարակշռությունը կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել, ճիշտ կողմնորոշվել և ճիշտ որոշումներ կայացնել:

Հաջորդ ամենակարևոր խնդիրը՝ տեղեկատվությունների մեջ թացը չորից կարողանալ տարբերելն է, չգնալ ամեն տեղեկատվական հնարքի, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալ և չդարձնել մեզ:

Դարձյալ ուզում եմ ասել, այս համայնքում եմ ասում, ձեր բոլորի աչքերի մեջ նայելով եմ ասում՝ հանկարծ խնդրում եմ որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունն ինչ-որ ստվերային, մութ գործարքների մեջ է, ինչ-որ դավադրությունների մեջ է, այդպիսի բան լինել ի բնե չի կարող: Ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով ասում եմ՝ դա բացառված բան է:

Հաջորդը՝ մեր հաստատակամությունը չկորցնելն է: Այս գյուղում ապրելով, այս համայնքներում ապրելով, դուք առանց այն էլ հերոս մարդիկ եք, ես ձեզ չպետք է ասեմ, հերոս ժողովուրդ եք: Մենք բոլորս մեր հաստատակամությունը պետք է չկորցնենք, և հստակ պետք է կանգնենք մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր քաղաքացիության դիրքերում: Սա շատ կարևոր արձանագրում է, սա շատ կարևոր հանգամանք է: Եվ այս իրավիճակում, իհարկե, մենք մեր Հայրենիքի նկատմամբ էմոցիոնալ սիրով լցված ենք, բայց մենք էմոցիոնալ քայլեր պետք է չանենք: Պետք է հստակ վերլուծենք՝ ինչ է տեղի ունենում, պետք է հասկանանք ՝ ինչ է տեղի ունենում: Եվ քայլ-քայլ գնանք այս խնդիրների լուծմանը:

Հիմա ի՞նչ է տեղի ունենում: Շատ են հարցնում, ասում են՝ տեղի է ունենում այն, ինչ-որ տեղի է ունեցել: Ոչ մի նոր բան չկա՝ մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեզնից ուզում են խլել մեր պետությունը, մեզնից ուզում են խլել մեր Հայրենիքը:

Ղարաբաղի հարցը, ժողովուրդ ջան, մինչև հիմա ինչո՞ւ չի կարգավորվել: Հետ գնանք մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը, որովհետև ցանկացած կոմպրոմիս, որին համաձայնվել է Հայաստանը, այդ պահից սկսած Ադրբեջանն էլ չի համաձայնվել: Այսինքն՝ ասվել է լավ, հանուն խաղաղության, եկեք մի հատ սենց ինչ-որ մի զիջում անենք: Երբ այդ զիջումը, դե յուրե չէ, Հայաստանը պատրաստակամություն է ցուցաբերել անել, հաջորդ իսկ պահին Ադրբեջանը դա դադարեցրել է, անընդունելի է համարել՝ փորձելով ավելի մեծ զիջումներ կորզել:

Հիմա այսօրվա իրավիճակը: Այսօրվա իրավիճակը հստակ է, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Այստեղ որևէ տեսակետ, կարծիք լինել չի կարող: Եվ այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող: Որովհետև հասկանո՞ւմ եք, եթե մենք մեր սահմանը զիջենք, դա, ընդհակառակը, նրանց ավելի է ոգևորելու: Մենք ասում ենք հստակ. միջազգային իրավունքի համաձայն՝ սա մեր սուվերեն տարածքն է, և Ադրբեջանի զինված ուժերը միանշանակ պետք է մեր տարածքից դուրս գան: Եվ այստեղ է, որ մեր հաստատակամությունը պետք է հստակ երևա:

Բայց մյուս կողմից՝ մենք չպետք է թույլ տանք, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս գա: Եվ մենք այսօր առաջինը՝ դիվանագիտական եղանակներով պետք է այս օրակարգն առաջ մղենք և հստակ միջազգային պահանջ ձևակերպենք: Այսօր Միացյալ Նահանգներն ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Ֆրանսիան ընդունում է, որ սա մեր տարածքն է, և Ադրբեջանը պետք է դուրս գա, Հնդկաստանը և այլ երկրներ: Եվրամիության խորհրդարանն ընդունեց բանաձև, որտեղ այս փաստը հստակ արձանագրեց: Ռուսաստանի Դաշնությունը հստակ ընդունում է, որ սա մեր տարածքն է: Եվ այստեղ մենք պետք է մեր հետևողական, հավասարակշռված, հաստատակամ, ոչ նյարդային քայլերով հասնենք այս տարածքից նրանց դուրս գալուն:

Եվ այստեղ, կրկնում եմ, հանկարծ, խնդրում եմ, չհավատաք որևէ դավադրության տեսության: Այն, ինչ որ մենք մտադիր ենք, այն, ինչ-որ կա մեր մտքում, այդ ամեն ինչը մենք ձեզ ասում ենք: Եվ մենք հետևողական պետք է գնանք: Եվ ակնհայտ այսօրվա դեպքը տեղի է ունեցել հետևյալ կերպ. մենք սահմանին միշտ էլ, նախկինում էլ ինժեներական աշխատանքներ ենք արել, և ինժեներական աշխատանքների սահմանի կահավորման գործն ավարտելուց, ես չգիտեմ հանգամանքներն ավելի մանրամասն պետք է պարզաբանել, թե ինչ է եղել, բայց հստակ է, որ մեր 6 զինծառայողները գերեվարվել են մեր տարածքում, և նրանք պետք է անհապաղ վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը: Սա մեր հստակ և աներկբա դիրքորոշումն է: Սա է մեր ասելիքը, իմ ասելիքը, սիրելի ժողովուրդ»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Վարդենիսի քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքների ղեկավարների հետ։
 

← Վերադառնալ