Ներհանրապետական այցեր

Վարչապետին են ներկայացվել Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. աշխատանքային գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ ծրագրերը

06.09.2023 - 06.09.2023

ևս 103 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Գյումրիում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Շիրակի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պաշտոնատար այլ անձինք:

Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի վերաբերյալ նշվել է, որ աճը 2021 թվականի համեմատ 2022 թ.-ին կազմել է 16.3 տոկոս. 2022թ.-ին փաստացի հավաքագրվել է 3 մլրդ 346.3 մլն դրամ:

Տեղեկատվություն է ներկայացվել 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 203 ծրագիր, 435 ենթածրագիր: Այդ ժամանակահատվածում իրականացված 175 ծրագրերի համար, ընդհանուր առմամբ, հատկացել է 8.9 մլրդ դրամ: Մասնավորապես, իրականացվել են հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝ ջրամատակարարում/ջրահեռացում, ասֆալտապատում, գազիֆիկացում, մանկապարտեզների, հասարակական շենքերի նորոգում, մեքենասարքավորումների ձեռքբերում և այլն: 2023 թվականի համար հաստատվել է 32 ծրագիր, 130 ենթածրագիր՝ 9 մլրդ 500 մլն դրամի:

Մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 210 հազար 976 հա, որից 15 հազար հա-ն՝ ոռոգվող: 76 հազար հեկտար ցանքատարածություններից մշակվել է 46 հազար 084 հա հողատարածք, ինչը 5 հազար հեկտարով ավելի է 2021 թվականի համեմատ: Հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացվել են, մասնավորապես՝ 3,8 մլրդ դրամի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, 1 մլրդ 302 մլն դրամի ցորենի արտադրության ծրագիր, 32 մլն դրամի տավարաբուծության ծրագիր, 123.4 մլն դրամի գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ և այլն: Նախորդ տարվա ընթացքում ապահովագրվել է 1700 հեկտար այգի և ցանքատարածություն, 2021-ի 1400 հա-ի համեմատ:

Քաղաքաշինության ոլորտում 2022 թվականի ընթացքում պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով իրականացվել են 23 մլրդ 725 մլն դրամի կապիտալ ներդրումներ: Մասնավորապես՝ բնակարանաշինության ոլորտում իրականացվել է 2.7 մլրդ դրամի ներդրում, կրթական, մշակութային և մարզական օբյեկտների շինարարություն՝ 2.9 մլրդ դրամի, ջրամատակարարում և ջրահեռացում՝ 1.9 մլրդ դրամի, ճանապարհաշինություն՝ 7.8 մլրդ դրամի, գազամատակարարում՝ 486.7 մլն դրամի և այլն:

Հաշվետու ժամանակահատվածում ճանապարհաշինության ոլորտում իրականացվել են 62 կմ միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, որից 51.78-ը՝ հանրապետական նշանակության: Ընթացքի մեջ է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը, ընթացքի մեջ են Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման շինաշխատանքները:

Մարզում գործում է 27 բժշկական հաստատություն, որից 6-ը մատուցում է հիվանդանոցային, 22-ը՝ արտահիվանդանոցային ծառայություն, 1-ը՝ շտապ բուժական օգնության կայան է։ Բժշկական հաստատություններից 15-ը գտնվում է լավ վիճակում, վերանորոգման կարիք ունի 7-ը, իսկ վերակառուցման կարիք՝ 5-ը: Վերջիններս վերակառուցման աշխատանքներն ընդգրկված են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրում և այդ նպատակով կհատկացվի ավելի քան 2 մլրդ դրամ:

Շիրակի մարզում գործում է նախադպրոցական կրթության 124 հաստատություն, որտեղ հաճախում է 5425 երեխա: 2018-2022 թթ. կառուցվել է 6, նորոգվել 2, վերակառուցվել 11, հիմնանորոգվել 1 մանկապարտեզ: 2023 թ. կառուցվում է 9, նորոգվում 10, վերակառուցվում 1, հիմնանորոգվում 7 մանկապարտեզ: Տարածքի բարեկարգման աշխատանքներ են իրականացվում 10 մանկապարտեզում, գույք է ձեռք բերվել 23 մանկապարտեզի համար:

Մարզում առկա դպրոցներից 49-ի շենքային վիճակը գնահատվում է բավարար, իսկ 91-ն ունի վերանորոգման կարիք: Հիմնանորոգման, կառուցման կարիք ունի 22 դպրոց, մարզադահլիճի կառուցման՝ 32 դպրոց: Նախորդ տարվա ընթացքում սկսվել են երեք մոդուլային դպրոցների կառուցման աշխատանքները: Պարտադիր ատեստավորում է անցել 1124 ուսուցիչ, կամավոր՝ 156: Նախորդ տարվա ընթացքում բարելավվել են 22 դպրոցների շենքային պայմանները: Կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» կառուցելու ծրագրի շրջանակում Շիրակի մարզում ընթացքի մեջ են 5 դպրոցների և 15 մանկապարտեզների կառուցման ծրագրերը:

Անդրադարձ է կատարվել Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներին, որոնց արդյունքում նախատեսվում է ոռոգել 23 հազար հեկտար հողատարածք: Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերաբնակեցնել Ջրաձոր բնակավայրի ընտանիքներ, նոր գյուղի կառուցման շինաշխատանքները մեկնարկել են:

Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության, մշակույթի և սպորտի բնագավառում զարգացումներին:

Զեկուցվել է, որ տարբեր ծրագրերի շրջանակում Շիրակի մարզում կապիտալ ներդրումները հասնում են 60 մլրդ դրամի:

Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետը նախ անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտի զարգացումներին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բուսաբուծության և անասնապահության նախկին անարդյունավետ ձևերը պակաս մրցունակ են, գյուղացիները պետք է ժամանակակից գյուղատնտեսության ծրագրերից օգտվեն, որոնք իրականացնում է Կառավարությունը: «Մենք պետք է քաջալերենք բարձր գնային սեգմենտի մշակաբույսերի արտադրությունը»,- ասել է գործադիրի ղեկավարը: Վարչապետը կարևորել է նաև սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը, սպանդանոցների գործունեության խթանումը:

Վարչապետը հետաքրքրվել է նաև գործազուրկների և առկա աշխատատեղերի թվաքանակի վերաբերյալ և հանձնարարել, որպեսզի ակտիվ աշխատանքներ տարվեն վերապատրաստման ծրագրեր իրականացնելու և առկա աշխատատեղերին մարդկանց կարողությունները համապատասխանեցնելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև առողջապահական հիմնարկների ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտությունը: Վարչապետը, խոսելով մանկապարտեզների կառուցման մասին` անհրաժեշտ է համարել հանրապետությունում մսուր մանկապարտեզների ընդլայնումը: «Կրթության, առողջապահության ոլորտում որակյալ ներդրումների իրականացումը մեր առաջնահերթ խնդիրներից մեկն է»,- շեշտել է կառավարության ղեկավարը: 

***

Շիրակի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Մ-1, Երևան - Գյումրի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին, որի 1,8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են այս տարի, ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ: Ծրագրի ընդհանուր արժեքը 443,5 մլն դրամ է, որը հատկացվել է պետբյուջեից:

Հաջորդիվ վարչապետն այցելել է Աշոցք բնակավայրի պուրակ, որի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2022թ., ավարտը նախատեսվում է մինչ տարեվերջ: Աշոցք խոշորացված համայնքի շուրջ 10600 շահառուի համար կառուցվող 3730 քմ ընդհանուր մակերեսով պուրակի առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են, որի համար պետական բյուջեից հատկացվել է 17,212 մլն դրամ, կատարվել է 2-րդ փուլի աշխատանքների 60 %-ը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 121 մլն դրամ է, որի 45%-ը հատկացվել է պետբյուջեից:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են Արեգնադեմի դպրոցի կառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2021թ., ավարտը նախատեսվում է այս տարի: Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 645 մլն դրամ է, որը հատկացվել է պետբյուջեից:

Վարչապետը ծանոթացել նաև այս տարի մեկնարկած Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքներին: Ծրագրով նախատեսում է վերականգնել և կառուցել Կապսի կիսակառույց ջրամբարը, որը գտնվում է Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա՝ Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 60 մլն խոր.մ ծավալով ջրամբարի կառուցում: «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1» ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 94.8 մլն եվրո, այդ թվում վարկային միջոցներ՝ 68.5 մլն եվրո։ Ջրամբարի կառուցմամբ կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող շուրջ 17,000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Ջրամբարը հնարավորություն կստեղծի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հա-ով, իսկ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի շուրջ 6600 հա հողատարածքների ոռոգումը մեխանիկականից փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 11 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա։ Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը տեղափոխել՝ Հայաստանի անկախության ընթացքում կառուցվող նոր գյուղ:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր սպորտային համալիրի կառուցման շինհրապարակը: Աշխատանքները մեկնարկել են 2021թ., ավարտը նախատեսվում է 2026թ.: Շիրակի մարզում հանրապետական նշանակություն ունեցող սպորտային համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները. մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6,5 մլրդ դրամ:

Գործադիրի ղեկավարն այնուհետև եղել է Գյումրիի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում, որն այսուհետ նոր շենքային պայմաններում մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի շուրջ 55 հազար շահառուի։ Կենտրոնի շինաշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի փետրվարին: Նոր կենտրոնը հնարավորություն կտա սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատանքները դարձնել առավել համակարգված, օպերատիվ։ Կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է 392,4 մլն դրամ, հնարավորություն կտա բնակիչներին մեկ հարկի ներքո օգտվել սոցիալական ապահովության, զբաղվածության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։

Հաջորդիվ վարչապետն այցելել է Գյումրիի բժշկական կենտրոն, եղել ուռուցքաբանական, նյարդաբանական և կաթվածի բաժանմունքներում, ծանոթացել ինվազիվ սրտաբանության ծառայության մանրամասներին: Ինվազիվ սրտաբանության ծառայությունը հագեցած է վերջին սերնդի անգիոգրաֆիկ սարքավորմամբ, ինչը հնարավորություն է տալիս մարզում մատուցելու բարձրակարգ բուժօգնություն և ծառայություն: Նշված ծառայությունը միակն է մարզում: Ուռուցքաբանական բաժանմունքի համար վերջերս ձեռք են բերվել նաև արյան դոնորի բազկաթոռներ, որը հնարավորություն է տվել հիվանդներին առավել հարմարավետ պայմաններում ստանալու քիմիոթերապևտիկ սեանս: Նյարդաբանական և կաթվածի բաժանմունքը համալրվել է նորագույն սարքավորումներով: Ծրագրի ընդհանուր արժեքը 129 մլն 828 հազար դրամ է:

Մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է 490 քմ մակերեսով, 2 խմբի՝ 50 սաների համար նախատեսված տիպային մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 264 մլն դրամ է, որի 30 %-ը համայնքի բյուջեից համաֆինանսավորման չափն է, իսկ 70%-ը՝ պետբյուջեից հատկացվող գումարի չափը։ Աշխատանքները մեկնարկել են 2022 թ. և կավարտվեն մինչ տարեվերջ։ Իրականացվել են շենքի արտաքին պատերի ջերմամեկուսացման աշխատանքներ, ընթացքի մեջ են տանիքի կառուցման, ներքին հարդարման, բակի բարեկարգման աշխատանքները։ Մանկապարտեզի գույքը նախատեսվում է ձեռք բերել սուբվենցիոն ծրագրով։

Վարչապետը ծանոթացել է նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի մասնաշենքի մեկնման սրահի ընդլայնման աշխատանքներին, որոնք մեկնարկել են 2023թ.: Մեկնման սրահի արդիականացման ներդրումների ծավալը կազմում է շուրջ 500 մլն դրամ: 2021թ. սեպտեմբերի 16-ին շահագործման էր հանձնվել օդանավակայանի նոր ժամանման սրահը: Այն ավելի քան 2 անգամ մեծ է նախկին ժամանման սրահից, ունի ժամում 1 չվերթ սպասարկելու հնարավորություն, որն անհրաժեշտության դեպքում հետագայում հնարավոր է ավելացնել մինչև 3 անգամ՝ օդանավակայանի փաստացի թողունակությունը տարեկան 250.000 ուղևորից հասցնելով 700.000-ի: Ամբողջովին հիմնանորոգվել է օդանավակայանի վազքուղին, ներդրվել է նոր լուսային համակարգ: Նոր ժամանման և կառուցվող նոր մեկնման սրահները հնարավորություն կունենան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևորի: Զուգահեռ վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաև օդանավակայանի հին շենքի 700 քմ տարածքում, որտեղ նախատեսվում է տարածքներ տրամադրել նաև պետական ծառայություն մատուցող կազմակերպություններին: «Շիրակ» օդանավակայանում ընդհանուր ներդրումը կազմում է 17 միլիոն ԱՄՆ դոլար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև ՎՄ-1, Երևան - Գյումրի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Ազատան բնակավայրի 5,7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2023թ., ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 260 մլն դրամ է:

Նիկոլ Փաշինյանը եղել է Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի թիվ 2 դպրոցի կառուցման շինհրապարակում: 1,5 մլրդ դրամ արժողությամբ աշխատանքներն իրականացվում են Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Աշխատանքները մեկնարկել են 2022թ., ավարտը նախատեսվում է 2024թ.-ի ապրիլին: Ազատանի միջնակարգ դպրոցը բաղկացած է 2 մասնաշենքերից։ Մասնաշենքերից մեկը կառուցվել է վերջին տարիներին, իսկ երկրորդը՝ 1988 թ.-ին և գտնվում է վատ վիճակում։ Ծրագրի շրջանակում նախատեսված է նոր կառուցված մասնաշենքի հարևանությամբ կառուցել 6 նոր մասնաշենք՝ ունենալով մեկ վայրում ժամանակակից կրթական պայմաններին համահունչ դպրոց։ Նախատեսված է փոխարինել նաև նոր կառուցված մասնաշենքի ջեռուցման համակարգը։ Կառուցվող մասնաշենքերի նախագծային հզորությունը նախատեսված է 560 աշակերտի համար, ևս շուրջ 300 աշակերտ կարող են հաճախել գոյություն ունեցող մասնաշենք։ Ներկայումս Ազատանի միջնակարգ դպրոցում սովորում է 702 աշակերտ։

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածի շինաշխատանքներին: Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շուրջ 75% միակողմանի երթևեկելի է: Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ։ Ծրագրի արժեքը 74 մլն եվրո կամ 38,9 մլրդ դրամ է։ Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ ընթանում են ճանապարհի անվտանգության էլեմենտների տեղադրման աշխատանքներ։

Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրում Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է 610 քմ ընդհանուր մակերեսով մշակույթի տունը։ Աշխատանքները մեկնարկել են 2021 թ.-ին, ավարտը նախատեսվում է այս տարի։ Կատարվել է աշխատանքների 80%-ը, պետբյուջեից հատկացվել է 27,7 մլն դրամ։ Իրականացվել է շենքի պատերի մասնակի ամրացում։ Ներկայումս ընթանում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ։ Նախատեսվում է նաև կառուցել ջեռուցման համակարգ։

Զեկուցվել են նաև Հ-21, /Հ-75/ - Հոռոմ - Արթիկ - Ալագյազ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 4,9 կմ երկարությամբ հատվածի 2022թ.-ին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքների մանրամասները. շինաշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարի: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 94 մլն դրամ է:

Նշվել է նաև, որ ավարտվել են Անի համայնքի բնակավայրերի ներհամայնքային ասֆալտապատ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2021 թ.-ին հիմնանորոգվել է Ձորակապ-Մարալիկ ճանապարհի 580 գծմ երկարությամբ հատվածը։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 134 մլն դրամ է, որի 60%-ը համայնքի բյուջեից համաֆինանսավորման չափն է, իսկ 40%-ը՝ պետբյուջեից հատկացվող գումարի չափը: ՀՀ պետբյուջեից վճարվել է 33,5 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզի տարբեր համայնքներում հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետի այցը Շիրակի մարզ ավարտվել է:

← Վերադառնալ