Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

13.05.2018 - 14.05.2018

ևս 30 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Սոչիի օդանավակայանից վարչապետն ուղևորվել է Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցի, որի մոտ նրան դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավային հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը, տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նրանք ջերմորեն ողջունել են Նիկոլ Փաշինյանին և մաղթել հաջողություններ ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության ընթացքում: Կառավարության ղեկավարը կատարել է մոմավառություն և ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարերի մոտ:

Դիմելով հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Բոլորիդ ողջունում եմ եղբայրական Ռուսաստանի Սոչի քաղաքում և ցանկանում ասել, որ հպարտ եմ ձեզնով: Ողջ քաղաքական մեր գործընթացի ընթացքում զգացել եմ ձեզնից յուրաքանչյուրի շունչը, աջակցությունը, և այս հաղթանակը ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակն է, սրանից հետո հայ ժողովուրդը լինելու է հաղթող, հայ ժողովուրդն ի վերջո վերադառնալու է իր հայրենիք: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել եղբայրական Ռուսաստանին, որ նման պայմաններ են ստեղծվել հայ ժողովրդի համար, բայց ուզում եմ նաև ասել, որ մեր նպատակը մեծ հայրենադարձությունն է, մեր նպատակը հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, հոգևոր, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետությունում կենտրոնացնելն է և նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը: Ես Ռուսաստանի հայ և ռուս գործարարներին կոչ եմ անում գալ Հայաստան և անել ներդրումներ, ստեղծել աշխատատեղեր, որովհետև հիմա արդեն նոր Հայաստան է, որտեղ յուրաքանչյուր ներդրում պաշտպանված է լինելու, և որևէ ներդրում չի լինելու սպառնալիքի ներքո: Այսօր մեր երկրի, հայ ժողովրդի հեղինակությունը բարձր է ավելի քան երբևէ, և ստեղծված են բոլոր պայմանները, որ մենք ապրենք ու երջանիկ լինենք մեր հայրենիքում:

Ամենակարևորը, որ ուզում եմ ասել. իսկապես դուք այստեղ էիք, բայց իրականում Երևանում էիք՝ Հանրապետության հրապարակում, ձեզնից շատերը նաև ֆիզիկապես, որովհետև ես այսօր այստեղ տեսա բազմաթիվ մարդկանց, որոնց վերջին անգամ հանդիպել էի Երևանի Հանրապետության հրապարակում: Ուզում եմ ասել, որ երջանիկ եմ ձեր երջանիկ աչքերը տեսնելով, հպարտ եմ ձեր հպարտ աչքերը տեսնելով, ծառայում եմ ձեզնից յուրաքանչյուրին, և որևէ մեկը չկասկածի, որ մեր պայքարն ամեն անգամ, ամեն օր, ամեն շաբաթ, ամեն տարի նոր հաղթանակներ է բերելու Հայաստանին, հայ ժողովրդին և Արցախին: Եվ ուրեմն հայ ժողովուրդը համախմբած է Հայաստանի Հանրապետության շուրջ, հայ ժողովուրդը համախմբված է հայրենիքի շուրջ և վճռական է, լի էներգիայով՝ շենացնելու, ծաղկեցնելու, հզորացնելու Հայաստանը և Արցախը: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ խոնարվում եմ ձեր առաջ, հպարտանում եմ ձեզնից յուրաքանչյուրով, սիրում եմ ձեզնից յուրաքանչյուրին և համբուրում ձեզնից յուրաքանչյուրին:

Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ք դուք և ձեր երեխաները, որ շատ շուտով ապրելու եք ազատ և երջանիկ Հայաստանում: Չկա որևէ կասկած, որ հայ-ռուսական հարաբերությունները լինելու են շատ ավելի ամուր, ավելի դաշնակցային և եղբայրական»:
 

***

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունեցել ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-մոլդովական հարաբերությունների մակարդակը և կարևորել հետագա զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը:

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել երկկողմ տնտեսական փոխգործակցությանը և ընդգծել, որ այն չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: «Մենք պետք է համապատասխան քայլեր իրականացնենք տնտեսական ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այդ առումով, կարևորում եմ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու առաջիկայում նիստի անցկացումը»,- ասել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Մոլդովայում դեսպանություն բացելու ՀՀ կառավարության որոշումը վկայում է այն մասին, որ մեր երկիրը պատրաստ է նոր ազդակ հաղորդել երկկողմ կապերին:

Իգոր Դոդոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պատոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ պաշտոնավարման ընթացքում: Մոլդովայի առաջնորդը նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը դինամիկ զարգանում է և հույս հայտնել, որ փոխշահավետ կապերը կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել:

Նիկոլ Փաշինյանը և Իգոր Դոդոնը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-մոլդովական համագործակցության օրակարգը: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը` մինչ այժմ երկու երկրների միջև ստորագրված շուրջ երկու տասնյակ համաձայնագրերին ու պայմանագրերին ավելացնելով նորերը:

***

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին: Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:

***

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

«Հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք ողջունել ու ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանդիպման սկզբում ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր և դաշնակից, դա վերաբերում է և՛ տնտնտեսական փոխգործակցությանը, և՛ անվտանգության հարցերին: Դուք գիտեք, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը, ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում է արտասահմանյան ներդրումների գրեթե 35 տոկոսը: Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է առևտրաշրջանառության 25 տոկոսի աճ, և առաջանցիկ տեմպերով աճում են ոուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38 տոկոս: Սա շատ լավ դինամիկա է, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այն, այլև բազմապատկել: Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչ այժմ: Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում, սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով, և՛ անվտանգության ոլորտում, և՛ տնտեսական զարգացման»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

«Վլադիմի՛ր Վլադիմիրի, շնորհակալություն ջերմ խոսքերի համար: Հաճելի է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում իմ ընտրվելուց մի քանի օր անց հնարավորություն ունեմ հանդիպելու Ձեզ հետ, քանի որ կարծում եմ, որ կան քննարկվելիք հարցեր, բայց այն, ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերություններին քննարկման ենթակա չէ: Սկզբունքորեն կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում Հայաստանում կա կոնսենսուս, և հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը ոչ ոք երբևէ չի դրել, և կարծում եմ, չի դնի կասկածի տակ: Մենք տրամադրված ենք և լի էներգիայով՝ նոր թափ հաղորդել մեր հարաբերություններին և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական ոլորտներում: Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում և այլ բնագավառներում: Այժմ Ռուսաստանից շատ զբոսաշրջիկներ են ժամանում Հայաստան, ինչը հաճելի է: Կարծում եմ՝ Հայաստանը դուր է գալիս ռուս զբոսաշրջիկներին, հայերին նույնպես շատ է դուր գալիս տեսնել այդքան զբոսաշրջիկներ Երևանում: Մենք շատ բարձր ենք գնահատում այն բալանսավորված դիրքորոշումը, որը Ռուսաստանն ուներ մեր ներքաղաքական ճգնաժամի ընթացքում և ես կարծում եմ, որ դա շատ կառուցողական դիրքորոշում էր, ինչը բարձր է գնահատվում ոչ միայն մեր կառավարության, այլ նաև հայ հասարակության կողմից: Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ անցած տոների կապակցությամբ, հետաքրքրիր էր հետևել Կարմիր հրապարակում անցկացված շքերթին: Մենք շատ տպավորված ենք այն ձեռքբերումներով, որոնք այժմ ունի ռուսական ռազմարդյունաբերական համալիրը: Եվս մեկ անգամ շնորհակալություն այս հնարավորության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

← Վերադառնալ