Արտերկրյա այցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն

13.06.2018 - 14.06.2018

ևս 79 լուսանկար

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաների:

Զրուցակիցները կարևորել են երկու դաշնակից պետությունների միջև կապերի շարունակական և հետևողական խորացումը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն ու տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային նշանակության այլ հարցեր:
«Հարգելի Նիկոլ Վովայի, մենք Ձեզ հետ վերջերս հանդիպել ենք Սոչիում: Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով համագործակցության մեծ ծավալը, կարծում եմ՝ մեր հանդիպումները պահանջված են: Շնորհակալ եմ, որ Դուք ժամանել եք, և մենք հնարավորություն ունենք միջազգային մարզական միջոցառման շրջանակում խոսել երկկողմ գործերից: Ցանկանում եմ նշել, որ Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի առևտրաշրջանառության մեջ, թիվ մեկ գործընկերն է: Նախորդ տարվա ընթացքում մեր երկրների միջև առևրտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, իսկ այս տարի նույնպես վստահորեն աճում է, մեծ հաշվով դա տեղի է ունենում ռուսական շուկա գյուղատնտեսական մթերքների մատակարարման հաշվին: Իհարկե, դրան նպաստում է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, և դա ակնհայտ փաստ է: Հույս ունենք, որ մենք կշարունակենք առաջ շարժվել այդ ուղղությամբ: Ուրախ եմ այսօր Ձեզ հետ հանդիպել, խոսել մեր հարաբերությունների ամբողջ համալիրի շուրջ, բարի գալուստ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք շնորհավորել Ձեզ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Նաև շնորհավորում եմ Ձեզ ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության կապակցությամբ, որովհետև դա համաշխարհային մասշտաբի շատ կարևոր ու մեծ միջոցառում է, և հիմա ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Մոսկվայի վրա: Շնորհակալ եմ հրավերի համար: Մենք առաջին անգամ հանդիպել ենք մեկ ամիս առաջ և այն հանգամանքը, որ 30 օր հետո կրկին հանդիպում ենք, կարծում եմ, ցույց է տալիս Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հատուկ բնույթը: Սա նաև ցույց է տալիս, որ այն հայտարարությունները, որոնք մենք արել ենք մեկ ամիս առաջ, ոչ միայն հիմնավորված են, այլ նաև հստակ իրականացվում են: Իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի միջև հատուկ հարաբերություններ են, և ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել յուրահատուկ, ես հույս ունեմ, որ այդ հարաբերություններն ավելի յուրահատուկ կդառնան: Իհարկե, մեզ համար, Հայաստանի կառավարության համար, որը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին, շատ կարևոր է նման ընդունելության արժանանալ Ռուսաստանում՝ Սոչիում, Մոսկվայում: Եվ, իհարկե, սա ընդգծում է այն մթնոլորտը, որը մեզ հաջողվել է ստեղծել այս ամիսների ընթացքում: Ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում բոլորը գոհ են այս զարգացումներով և նաև հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների, երկու պետությունների շահերի և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա: Սա շատ կարևոր է: Ինձ համար շատ կարևոր է, որ մենք ունենք և վստահ եմ, որ ապագայում էլ կունենանք հաճախ հանդիպելու և մեր հարաբերությունների օրակարգի ամբողջ շրջանակը քննարկելու հնարավորություն: Բոլորին է հայտնի, որ մեր հարաբերությունների օրակարգը շատ մեծ է, քննարկելու շատ բան կա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ տարածաշրջանային իմաստով: Իհարկե, մենք հույս ունենք դրական և կառուցողական երկխոսության և համոզվել ենք, որ մեր երկխոսությունը հենց այդպիսին է: Ես շատ ուրախ եմ դրա համար: Շնորհակալություն»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

* * *

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կարմիր հրապարակում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ովքեր ժամանել են Մոսկվա՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու նպատակով: Համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել օպերային թատրոնի համաշխարհային աստղեր:
 

* * *

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ:
Վարչապետը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և տնտեսության զարգացմանն ուղղված կառավարության առաջնահերթությունները և ընդգծել բանկային համակարգի, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից բիզնես հատվածի ազդակներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր:

* * *

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Նրան այստեղ դիմավորել են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ու հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը եղել է Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում, կատարել մոմավառություն:
Վարչապետը շրջայց է կատարել Տապան թանգարանում՝ ծանոթացել այստեղ ներկայացված հայ մշակույթին և Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող ցուցանմուշներին:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից: Վարժարանում կարող է սովորել մինչև 200 աշակերտ: Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է վարժարանում ստեղծված պայմաններին և հնարավություններին: Նշվել է, որ այն հագեցված է ժամանակակից սարքավորումներով: Վարժարանում դասավանդելու են բարձր որակավորում ունեցող դասախոսներ:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Մոսկվայի Հայրենական Մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում բացվել է Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:
Վարչապետը նշել է, որ յուրահատուկ հպարտությամբ է գտնվում համատեղ պատմության՝ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված թանգարանում՝ Հայաստանի Հանրապետության անունից հարգանքի տուրք մատուցելու Համազասպ Բաբաջանյանի հիշատակին: «Համազասպ Բաբաջանյանի անունը պատվավոր տեղ է զբաղեցնում խորհրդային խիզախ հրամանատարների շարքում: Ողջ պատերազմի ընթացքում Բաբաջանյանը գլխավորելով զրահատանկային զորքերը՝ եղել է առաջնագծում, ազատագրել հակառակորդի վերահսկողության ներքո գտնված քաղաքներ: Կուրսկի ճակատամարտից մինչև Բեռլինի ճակատամարտ հայ ժողովրդի մեծ զավակը դրսևորել է նվիրվածություն և հերոսություն, դարձել Մեծ Հայրենականի զրահատանկային լավագույն հրամանատարներից մեկը: Բաբաջանյանը կռվել է սուվորովյան ոճով, ոչ թե թվաքանակով՝ այլ խելքով: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մարշալ Համազասպ Բաբաջանյանի անունը գրվել է հայ ժողովրդի պատմության մեջ՝ հայրենիքի համար պայքար մղած քաջ մարտիկների անունների կողքին, ովքեր եղել են Բաշ Ապարանի, Սարդարապատի ճակատամարտերի մասնակիցները, որոնց 100-ամյակը Հայաստանը նշել է նախորդ ամիս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այն, որ այս թանգարանում բացվում է մարշալ Բաբաջանյանի հուշարձանը և նախորդ տարվա ընթացքում այստեղ տեղադրվել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին՝ վկայում է, որ Հայաստանը և Ռուսաստանը ոչ միայն հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմի մեծանուն հրամանատարներին, այլ նաև նրանց մասին հիշողությունը փոխանցում սերնդեսերունդ: «Մեծ Հայրենականը եղել է ծանր փորձություն Խորհրդային միության ազգերի համար, այդ թվում՝ հայ ժողրվրդի: Ճակատից չի վերադարձել բանակ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայ, այդ թվում՝ իմ պապը, ում անունն ու ազգանունը կրում եմ: Մեր պարտքն է՝ պահպանել և երիտասարդ սերունդներին փոխանցել այդ աննկարագրելի հերոսության մասին պատմությունը, ինչպես նաև անել ամեն հնարավորը՝ մեր երկրների բարգավաճումն ապահովելու համար: Այսօրվա միջոցառումը նաև մեր հարգանքի տուրքն է Հայրենական Մեծ պատերազմի թանկագին վետերաններին, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամության, փոխօգնության և համերաշխության խորհրդանիշը»,- ասել է վարչապետը:
Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու հեղինակն է Աշոտ Թադևոսյանը:

* * *

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին:

Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և այդ համատեքստում ընդգծել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ ու արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունը:
Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև էներգետիկայի, արդյունաբերության, ներդրումային և հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի:

«Հարգելի՛ Նիկոլ Վովոյի, առաջին հերթին ուրախ եմ ծանոթանալու կապակցությամբ ու ևս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու առթիվ: Հայաստանը մեր մոտ դաշնակիցն է, պետություն, որը Ռուսաստանի Դաշնության հետ անդամակցում է ինտեգրացիոն միավորումներին և ՀԱՊԿ-ին: Ընդհանուր առմամբ, մենք զարգանում ենք, ես նկատի ունեմ տնտեսությունը, սոցիալական ոլորտը: Այս առումով, կառավարությունների աշխատանքի կոորդինացումը կարևոր է և՛ Ռուսաստանի Դաշնության, և՛ Հայաստանի Հանրապետության համար: Աշխարհի առաջնությունը լավ հնարավորություն է, որպեսզի «համադրենք ժամերը», վերջերս այցելել էիք այլ միջոցառման մասնակցելու համար և հանդիպել մեր երկրի նախագահի հետ: Այժմ վատ հնարավորություն չէ դիտարկել, թե ինչ վիճակում են գտնվում մեր հարաբերությունները: Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ ասել, որ հարաբերությունները զարգանում են վստահ, դինամիկ կերպով, դա կապված է նաև նրա հետ, որ ձեր երկրի տնտեսությունը վերջին ժամանակներս ցույց է տալիս զարգացման ոչ վատ ցուցանիշներ, մեր տնտեսությունը ևս զարգանում է, ինչը նաև Եվրասիական տնտեսական միության աշխատանքի արդյունք է: Նախորդ տարվա հոկտեմբերին ես պաշտոնական այցով ժամանել եմ Երևան, մենք ստորագրել ենք մի շարք կարևոր համաձայնագրեր, այժմ արդեն կարելի է զբաղվել դրանց իրականացմամբ: Ակնկալում եմ, որ Ձեր կառավարությունը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը: Եվս մեկ անգամ ջերմորեն ողջունում եմ Ձեզ Մոսկվայում՝ կառավարության տանը»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:

«Շնորհակալություն հարգելի՛ Դմիտրի Անատոլիի: Ուրախ եմ հանդիպել և անձնապես ծանոթանալ Ձեզ հետ, ցանկանում եմ առաջին հերթին շնորհավորել անցած Ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ցանկանում եմ շնորհավորել նաև ֆուտբոլի Աշխարհի առաջնության կապակցությամբ, որովհետև դա մեծ իրադարձություն է, Ռուսաստանն այսօր ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, և ես հաջողություններ եմ մաղթում ռուսական թիմին այսօրվա խաղում և ընդհանրապես առաջնության ընթացքում: Իհարկե, մենք կարող ենք ասել, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն իրականում զարգանում են շատ լավ և շատ դինամիկ՝ ի հեճուկս այն վերլուծությունների, որոնք Հայաստանում հայտնի քաղաքական փոփոխությունների ժամանակ եղել են ռուսական, հայկական և միջազգային մամուլում: Այժմ կարող եմ վստահորեն ասել, որ մեր հարաբերությունները եղել են հատուկ, կան հատուկ և կլինեն հատուկ: Դրանում ես չեմ կասկածում և հույս ունեմ ու վստահ եմ, որ մեր հարաբերությունները կլինեն առավել արդյունավետ, և՛ տնտեսության, և՛ այլ ոլորտներում: Իհարկե, մենք արդեն հայտարարել ենք, որ Եվրասիական տնտեսության միության հետ կապված մեր գլխավոր նպատակն է միությունը և դրան մեր անդամակցությունը դարձնել ավելի արդյունավետ, որպեսզի կազմակերպությունը դառնա ավելի արդյունավետ և ավելի արդյունավետ նպաստի մեր տնտեսությունների զարգացմանը: Մենք պատրաստ ենք աշխատել այդ ուղղությամբ: Իհարկե, այդ հարցերը քննարկել ենք նաև ՌԴ նախագահի հետ: Ընդհանրապես, դա շատ կարևոր հարց է, և իրականում մենք ուրախ ենք, որ արդյունավետ աշխատում ենք այդ հարցի շուրջ: Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերությունները զարգանում են շատ պոզիտիվ, և պետք է հիմնվել այդ պոզիտիվի վրա, հիմնվել միմյանց ազգային շահերի վրա: Մենք ունենք շատ ընդհանուր ազգային շահեր, և ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան շատ արդյունավետ, ու մենք կներդնենք բոլոր ջանքերը դրա համար: Կա լավ և անհրաժեշտ մթնոլորտ, ուստի պետք է տրամադրվել արդյունավետ և դինամիկ աշխատանքի: Մենք շնորհակալ ենք Ձեր և Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

 * * *

Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:

Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների հետևողական զարգացումն ու բիզնես կապերի շարունակական ընդլայնումը:
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ նոր ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ է այդ ուղղությամբ իրականացնել անհրաժեշտ քայլեր:

* * *

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու հետևել առաջնության առաջին խաղին, որում հանդիպել են Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները:

Աշխարհի առաջնության բացմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ:

← Վերադառնալ