Արտերկրյա այցեր

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

26.07.2018 - 27.07.2018

ևս 41 լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Կառավարության ղեկավարը հանդիպել է ՌԴ հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ:
«Ուզում եմ բոլոր գործարարներին հրավիրել Հայաստան՝ ծավալելու տնտեսական գործունեություն, ինչի համար նախկինում եղած բոլոր խոչընդոտները վերացված են և գոյություն չունեն: Կարևոր է մեկ այլ արձանագրում. այդ խոչընդոտների մեջ ամենակարևորը թերևս եղել է և տեղ-տեղ շարունակում է մնալ կոռուպցիան, չնայած ընդհանուր առմամբ, ասում են, որ ՀՀ-ում այլևս կոռուպցիա չկա, դրանք մնացորդային երևույթներ են: Վստահեցնում եմ՝ այսօր ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն առնչություն է ունենում որոշ ընկերությունների հետ և կառավարության համար կարևոր է, որ այդ պայքարը չընկալվի և չմեկնաբանվի որպես արշավ ընդդեմ բիզնեսի: «Մեզ համար կարևոր է, որ հստակ գծենք այդ գիծը, որ մեր պայքարը չի կարող լինել ընդդեմ բիզնեսի: Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, դա ասելով՝ հասկանում ենք ոչ միայն այն, որ պետական որևէ մարմին չի կարող ներդրումը փոշիացնել, այլև նկատի ունենք, որ որևէ մեկը չի կարող փայ մտնել, այդպիսի երևույթները բացառում ենք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ներդրումների հարցում կառավարությունն ընդամենն ունի մեկ պայման. ակնկալվում է, որ բիզնես գործունեությունը լինի օրինական: Վարչապետի խոսքով՝ պետությունը շահագրգիռ է նոր աշխատատեղերի ստեղծմամբ և պետական եկամուտների աճով: «Վարչապետ ընտրվելուց հետո մեկ շաբաթ անց գործարարների հետ հանդիպումներում պաշտոնապես հայտարարել եմ, որ տվյալ պահից ցանկացած բիզնես ազատվում է կոռուպցիոն որևէ պարտավորությունից: Նաև այս առումով բացառում եմ, որ որևէ ընկերության նկատմամբ տեղային մակարդակով որևէ ձևով կփորձեն միջամտություն ցույց տալ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով նոր սփյուռքի դերին՝ ՀՀ կառավարության ղեկավարը նկատել է, որ վերջինս 80-ականների վերջերից սկսած մեծ գումարներ է ուղարկում Հայաստան՝ օգնության, բարեգործության տրամաբանության մեջ, ինչը գնահատելի է և կենսական նշանակություն է ունեցել ՀՀ-ի համար: Վարչապետը Հայաստանի ժողովրդի և պետության անունից շնորհակալություն է հայտնել դրա համար և հավելել՝ պետք է այնպես անել, որ այդ գումարները ներդրվեն տնտեսական գործունեության մեջ: «Մենք ցանկանում ենք ստեղծել հնարավորություն, որպեսզի գաք և Հայաստանում ունենաք բիզնես, շահույթ ստանաք և շահույթ բերեք ժողովրդին ու պետությանը: Մենք ուզում ենք, որ դուք Հայաստանում փող աշխատեք, մեր նպատակն այն է, որ Հայաստանում փող աշխատելու հնարավորությունը լինի հնարավորինս լայն հասանելիության տիրույթում, ոչ թե նեղ շրջանակի համար: Գործարար դաշտը պետք է հասանելի լինի շատերին, և մենք այսօր կարողանոում ենք դա ապահովել: Լսում ենք կարծիքներ, թե բիզնեսն ընդմիջում է վերցրել և սպասում է առաջիկա ընտրություններին: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի են, Հայաստանում այլևս գործունեություն կարող է ծավալել այն իշխանությունը, որը հենվում է հեղափոխության արժեքների տրամաբանության վրա, Հայաստանում հակահեղափոխութուն չի լինելու և ես ինձ համարում եմ դրա երաշխավորը: Ժամանակը թանկ է և կոչ եմ անում այդ ժամանակը չկորցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով, որ օրենքներում կան խնդիրներ: Նա տեղեկացրել է, որ կառավարությունն այսօր աշխատում է Հարկային օրենսգրքի բարեփոխման ուղղությամբ, աշխատում են դաշտն ազնիվ, արդար դարձնել, կարգավորել նաև օրենսդրությունը:
Անդրադառնալով տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթություններին՝ վարչապետն ընդգծել է, որ դրացից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է: «Մեր ընդհանուր առաջնահերթությունը Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելն է, մեր նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների հիմնումը: Այսօր մեծ հետաքրքրություն կա, օրինակ՝ արևային էներգիայի պանելների արտադրության ոլորտում: Մենք ամեն ինչ կանենք, որ այդ գործարանները կառուցվեն: Երկրորդ առաջնահերթությունը, որն ուսումնասիրման փուլում է՝ ադամանդագործությունն է, ադամանդի մշակումը, որը մի ժամանակ լրջորեն զարգացած էր Հայաստանում: Հիմա ուսումնասիրում ենք, թե ինչպիսի հնարավորություններ կան: Հաջորդ առաջնահերթությունը գյուղատնտեսությունն է: Մեզ հարկավոր է այս ոլորտի նոր ընկալում. ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ այգիների հիմնումը, հակակարկտային ցանցերի արտադրությունն ունի մեծ կարևորություն: Արտահանմանը միտված ոլորտների զարգացումը մեծ նշանակություն ունի: Հաջորդ ուղղությունը զբոսաշրջությունն է ու դրան հարակից ճյուղերի զարգացումը: Այս պարագայում, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահենք Հայաստանի բնապահպանության ոլորտը. էկոլոգիապես մաքուր միջավայրի և սննդի ապահովումը շատ կարևոր է տուրիստական կենտրոն դառնալու համատեքստում»,- ասել է վարչապետը:
Դիմելով գործարարներին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը որևէ մեկին չի առաջարկում իր կապիտալը տեղափոխել Հայաստան: «Փորձեք ձեզ համար անվտանգ համարվող որևէ շեմից: Եկեք փորձենք գումարները ներդնել այնպես, որ դրանք ոչ թե սպառողական տրամաբանությամբ ծախսվեն, այլ այնպես, որ ստեղծեն ավելացված արժեք: Մենք բարեգործության տրամաբանությունը պետք է փոխենք: Բարեգործության փառաբանումը պետք է փոխարինել աշխատանքի փառաբանմամբ»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը ձախողվելու ոչ մի պատճառ չունի. «Չի լինելու ձախողում, լինելու է հաջողություն հաջողության հետևից: Հայաստանն այսօր արտաքին քաղաքականության մեջ ունի ամուր դիրքեր, ներքին քաղաքականության մեջ իշխանությունն ունի ժողովրդի կատարյալ վստահությունը, ինչն անպայման իրացնելու ենք: Ես երաշխավորում եմ, որ Հայաստանի վարչապետը կոռուպցիոն որևէ գործարքի մեջ չկա և չի լինելու, մենք ապահովելու ենք խաղի հավասար պայմաններ բոլորի համար, ձեր ընտրությունն է օգտվել դրանից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտում առկա խնդիրներին, որոնք վերաբերել են վարկային ծրագրերի արդյունավետությանը, առկա սակագներին, ինչպես նաև գազալցակայանների գործունեությանը:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է գործարարների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտների զարգացմանը, ստեղծվող պայմաններին, ներդրումային հիմնադրամի ստեղծման հնարավորությանը և այլն: Մի խումբ գործարարներ ընդգծել են, որ պատրաստվում են Հայաստանում իրականցնել ներդրումային տարբեր ծրագրեր և հավելել, որ հայրենիքում տեղի ունեցած փոփոխությունները մեծ հույսեր է առաջացրել սփյուռքի շրջանում: Նրանք Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել են նորանոր հաջողություններ՝ ի նպաստ ժողովրդի բարեկեցության ապահովման:

* * *

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին հետևել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին:
Խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման զեկույցը, այնուհետև անցել օրակարգային հարցերին: Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային և այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերի։ Քննարկվել են նաև Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանն ու գազի ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված հարցեր:
Խորհուրդը որոշել է ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կոոպերացիայի ոլորտում ինտեգրացիոն համագործակցության և արդյունաբերության գերակա ճյուղերում ներմուծման փոխարինման հարցերով:
Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի աշնանը՝ Բելառուսում:


* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում

Հարգելի գործընկերներ,
Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Անատոլիի Մեդվեդևին հյուրընկալության և այսօրվա հանդիպման բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաև Տիգրան Սուրենի Սարգսյանին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի՝ Հանձնաժողովի կողմից ամփոփված օրակարգի համար:
Մայիսին Սոչիում կայացած Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում իմ ելույթում ես հաստատեցի Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային պարտավորությունների նկատմամբ՝ այդ թվում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Նախանշեցի ԵԱՏՄ գործընկերների հետ ակտիվ համագործակցության մեր պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը՝ նպատակ ունենալով ԵԱՏՄ մասին պայմանագրի հիմքում դրված սկզբունքների կիրառմամբ հասնել ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժին, ինչպես նաև անդամ երկրների ազգային տնտեսությունների արդիականացմանն ու մրցունակության բարձրացմանը:
Նեղ կազմով նիստի ընթացքում մենք արդեն հարցերի լայն շրջանակի շուրջ կարծիքներ ենք փոխանակել: Վստահ եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելը թույլ կտա հետագայում, հաշվի առնելով մեր երկրների առանձնահատկությունները, ապահովել Եվրասիական տնտեսական միության մարմինների կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները:
Կարճ կանդրադառնամ այսօրվա նիստի որոշ հարցերին:
Թվային օրակարգի առաջխաղացումը գերակա է ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ ԵԱՏՄ-ի համար: Այս ուղղությամբ համատեղ ջանքերը կոչված են ապահովել կառավարման պետական համակարգի արդյունավետ կենսագործունեությունը, պետական ծառայությունների տրամադրման նոր մակարդակ, ինչը, վերջնական արդյունքում, կապահովի ավելի բարենպաստ պայմաններ Միության շրջանակներում հայտարարված չորս ազատության աստիճաններին հասնելու համար: Ապակենտրոնացումն ու բոլոր անդամ երկրների համար հավասար հնարավորությունների պահպանումը, ունեցած ռեսուրսների օգտագործման արդյունավետության մոնիտորինգը, երկրների իրավական առանձնահատկությունները հաշվի առնելն ու մյուս սկզբունքները, մեր կարծիքով, թույլ կտան հասնել սպասված արդյունքների: Դրան կնպաստի նաև մեր երկրներում առկա տնտեսական իրողություններով ու տեղեկատվական անվտանգության հարցերով պայմանավորված քայլերի հաջորդականության ու միջոցառումների ընտրությունը:
Այս համատեքստում խիստ օգտակար է անդամ երկրների կուտակած փորձի փոխանակումը պետության գործունեության թվային վերափոխման ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով պետական կառավարման կառուցվածքի տեղեկատվայնացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն ու անդրսահմանային գործընթացներին:
Օրինակ, Հայաստանում արդեն ձևավորվել է Թվային օրակարգի տեսլականը, որի շրջանակներում հաշվի են առնվում ԵԱՏՄ հետ ներդաշնակեցման գործընթացները: Մասնավորապես, դա վերաբերում է այնպիսի թեմաների, ինչպիսիք են ապրանքների շարժին հետևելու հնարավորությունը, միասնական թվային հարթակ-շուկաների ձևավորումը և այլն: Թվային օրակարգի շրջանակներում մենք պլանավորում ենք 2025թ.-ին հասնել այնպիսի առանցքային ցուցանիշների, ինչպիսիք են ծառայությունների մատուցման ոլորտում պետական հատվածի ծախսերի կրկնակի կրճատումը, քաղաքացիների կողմից էլեկտրոնային տարբերակով պետական ծառայությունների օգտագործման 80, իսկ բիզնեսի համար՝ 100 տոկոսանոց մակարդակի ապահովումը, բնակչության 80 տոկոսի համար լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը և այլն:
Ցանկանում եմ նաև նշել, որ «Եվրասիական շաբաթ» ամենամյա ֆորումի նախապատրաստական աշխատանքների շրջանակում, որը կայանալու է Երևանում այս տարվա հոկտեմբերի 22-24-ին, նախատեսված է «Եվրասիական թվային հարթակներ» ինովացիոն նախագծերի միջազգային մրցույթը, որի մասնակիցների թիվն այս պահին հասնում է մոտ 300-ի:
Բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում են ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերը, այլև փոխգործակցության ավանդական ուղղությունները: Առաջին հերթին դրանք այն ուղղություններն են, որոնցով պետք է դուրս գալ միասնական շուկաներ:
Կարծում ենք, որ գազի ընդհանուր շուկան նոր լիցք կհաղորդի երկրների միջև տնտեսական համագործակցությանը, կբարձրացնի անդամ երկրների ինտեգրման մակարդակն ու մրցունակությունը, սպառողների գազամատակարարման հուսալիության, հասանելիության ու որակի մակարդակը, կնպաստի Միությունում բարեխիղճ մրցակցության զարգացմանը, դրական ազդեցություն կունենա գնագոյացման համար:
Ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծման առումով ցանկանում եմ նշել, որ մասնագիտական գնահատականների համաձայն այս հարցի ներդաշնակեցումը կարող է ավարտվել արդեն այս տարի: Դրա հետ կապված կարևոր է կողմնորոշվել՝ բացառելու համար այն, որ նոր ձևավորվող մարմինն իր գործառույթներով կրկնօրինակի Միջազգային ավիացիոն կոմիտեի գործառույթները:
Եզրափակելով, ցանկանում եմ հույս հայտնել, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն ԵԱՏՄ արդյունավետության բարձրացմանն ու մեր երկրների հետևողական զարգացմանը:
Շնորհակալություն ուշադրության համար:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Հարգելի Նիկոլ Վովայի, ուրախ եմ շարունակել հանդիպումը ձեզ հետ, մենք վերջերս հանդիպել ենք ֆուտբոլի ընթացքում: Այսօր նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ավելի քան հինգ ժամ տևած քննարկումների ընթացքում կարողացանք հաջողությամբ քննարկել ոչ միայն մեր միության խնդիրները, այլ նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը, քանի որ մշտապես կան քննարկելու բաներ»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը:
Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, հաճելի է ունենալ այս հնարավորությունը: Կարծում եմ՝ Հայաստանում առկա ներկայիս իրավիճակի և ընդհանրապես մեր հարաբերությունների յուրահատկությունների համատեքստում շատ լավ և օգտակար են մեր հաճախակի հանդիպումները, որպեսզի ունենանք հնարավորություն քննարկելու մեր հարաբերությունների բոլոր նյուանսները և այն հարցերը, որոնք գոյություն ունեն, այն հարցերը, որոնք կարող են գոյություն ունենալ, անգամ այն հարցերը, որոնք գոյություն չունեն, բայց դրանց մասին շատ են խոսում: Գործնականում այդ հարցերը գոյություն չունեն, և կարծում եմ, որ բազմիցս ասել եմ՝ մեր հարաբերությունների ռազմավարությունն ու ընդհանուր գաղափարը հասկանալի է, այստեղ քննարկելու շատ բաներ չկան, բայց կարծում եմ, որ մեր այս հանդիպումները շատ օգտակար են, որպեսզի քննարկենք, թե ինչպես մեր հարաբերությունները բարձրացնենք նոր մակարդակի: Կարծում եմ և՛ Մոսկվան, և՛ Երևանը դրանում անկեղծորեն շահագրգռված են: Ուրախ եմ, որ վերջին 2,5 ամիսների ընթացքում ունեցել ենք տարբեր հնարավորություններ քննարկելու բոլոր հարցերը: Ինձ համար ակնհայտ է, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արդյունավետ և ես գործնականում չունեմ կասկածներ, որ այս բնույթը ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ»:
Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին: Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող թեմաների: Զրուցակիցները, մասնավորապես, կարևորել են ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցության արդյունավետության բարձրացումը:

* * *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի Կամսկի պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել Կոմիտասի հուշարձանի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի մոտ: Պուրակում վարչապետին դիմավորել են հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք Նիկոլ Փաշինյանին մաղթել են հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման:
Այնուհետև վարչապետն այցելել է Էրմիտաժ, որտեղ նրան դիմավորել է վերջինիս տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Նիկոլ Փաշինյանն Էրմիտաժում հանդիպում է ունեցել մշակույթի մի խումբ գործիչների հետ, այնուհետև շրջայց կատարել:
Նիկոլ Փաշինյանը մեծ պատիվ է համարել արվեստագետների հետ հանդիպումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանի և ՌԴ-ի միջև հարաբերությունները շարունակական զարգանան ու բարձրանան նոր մակարդակի: «Մեր հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի և կարծում եմ, որ դրանք հիմնված են հարուստ մշակութային կապերի վրա, որոնք գոյություն ունեն հայ և ռուս մշակութային գործիչների միջև: Այդ կապերը ոչ միայն պրոֆեսիոնալ են, այլև մարդկային. պրոֆեսիոնալ կապերն ամրապնդում են մարդկային կապերը և հակառակը: Մենք անհրաժեշտ ենք համարում մշակութային կապերի հետագա խորացումն ու կարևորում այն փաստը, որ Էրմիտաժում պահվում են հայկական հետք ունեցող բազմաթիվ ցուցանմուշներ»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի համար Սանկտ Պետերբուրգն ունի կարևոր նշանակություն. այստեղ ապրել, կրթություն են ստացել և գործունեություն ծավալել բազմաթիվ հայտնի հայեր:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է մշակութային գործիչների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են հայ-ռուսական հարաբերություններին, մշակութային փոխգործակցությանը, Հայաստանում ֆիլմարտադրության զարգացմանը, ուսանողական ծրագրերի իրականացմանը, ճարտարապետական արժեք ունեցող շենքերի պահպանմանը, մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններին:
Վերջինիս հետ կապված վարչապետն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան կապում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ և տարօրինակ համարել այն, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորում է երրորդ երկրի հետ հարաբերություններով: «Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ: Մեզ համար շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և Հայաստանն այժմ ցեղասպանությունների դեմ պայքարում առաջամարտիկներից մեկն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ցեղասպանության հարցը մեր երկրի համար ոչ այնքան հայ-թուրքական հարաբերությունների, որքան ցեղասպանության դեմ գլոբալ պայքարի հարց է: «Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց որևէ նախապայմանի»,- ընդգծել է վարչապետը:
Վարչապետը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ՌԴ ավարտվել է:

← Վերադառնալ