Արտերկրյա այցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն
- 1670x1113px - 650 Կբ
- 1670x1113px - 643 Կբ
- 1670x1113px - 616 Կբ
- 1670x1113px - 617 Կբ
- 1670x1113px - 475 Կբ
- 1670x1113px - 673 Կբ
- 1670x1113px - 666 Կբ
- 1670x1113px - 659 Կբ
- 1670x1113px - 726 Կբ
- 1670x1113px - 822 Կբ
- 1670x1113px - 585 Կբ
- 1670x1113px - 636 Կբ
- 1670x1113px - 668 Կբ
- 1670x1113px - 581 Կբ
- 1670x1113px - 623 Կբ
- 1670x1113px - 332 Կբ
- 1670x1113px - 276 Կբ
- 1670x1113px - 372 Կբ
- 1670x1113px - 592 Կբ
- 1670x1113px - 590 Կբ
- 1670x1113px - 595 Կբ
- 1670x1113px - 441 Կբ
- 1670x1113px - 498 Կբ
ևս 20 լուսանկար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
«Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել:
Երևի թե կարիք չկա առանձնապես խորանալու մեր հարաբերությունների բնույթի մեջ. դրանք լրիվ առանձնահատուկ բնույթ են կրում: Եվ դա դրսևորվել է դարերի ընթացքում, այլ ոչ միայն մեր և ձեր համատեղ աշխատանքի ընթացքում:
Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը:
Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության տնտեսական գործընկերների շարքում: Մենք ամենախոշոր ներդրողն ենք Հայաստանի տնտեսությունում, և կարող ենք ասել, որ այս իմաստով հարաբերությունները բավական դիվերսիֆիկացված են: Դա էներգետիկայի ոլորտն է, այդ թվում` ածխաջրածնային էներգետիկան, գազի մատակարարումը, ընդ որում` ամենացածր գնով, որով «Գազպրոմն» աշխարհում գազ է վաճառում` 150 դոլար 1000 խմ դիմաց, ատոմային էներգետիկան, ջերմային էներգետիկան:
Մենք զարգացնում ենք հարաբերությունները և մետաղագործական արդյունաբերությունում, ընդ որում` տարբեր ուղղություններով, և մեքենաշինության ոլորտում: Մի խոսքով` մենք քննարկելու հարցեր ունենք:
Հատկապես ուրախալի է, որ նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճն արդեն կազմել է 22.2 տոկոս, այսինքն` եթե այսպես շարունակվի, մենք կգերազանցենք նախորդ տարվա ցուցանիշները:
Մեր համագործակցության ծավալը մեծ է: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել` քննարկելու մեր ընթացիկ փոխգործակցությունը և զարգացման միջնաժամկետ հեռանկարները»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, նախ և առաջ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Մոսկվայի օրվա առթիվ: Ես արդեն զգացի, որ մեծ տոն է սպասվում, և ուրախ եմ, որ հենց այսպիսի մթնոլորտում եմ այցելել Մոսկվա:
Շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, ընդ որում` վերջին 4 ամսվա ընթացքում արդեն 3-րդ հանդիպման համար: Կարծում եմ, որ այսպիսի պարբերականությունն ընդգծում է մեր հարաբերությունների հատուկ բնույթը և, թույլ տվեք ասել, նաև մեր անձնական հարաբերությունների հատուկ բնույթը: Ցանկանում եմ ընդգծել, որ ի հեճուկս որոշակի հոռետեսության, որ այսօր գոյություն ունի և՛ հայաստանյան, և՛ ռուսաստանյան լրատվական տիրույթում և սոցիալական ցանցերում, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ, շատ բնական, և գլխավոր խնդիրը, որը պետք է փորձենք լուծել, մեր հարաբերությունների զարգացման համար առկա ողջ ներուժի բացահայտումն է:
Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում չկան հարցեր. Աստված հեռու պահի այդպիսի իրավիճակից, երբ հարաբերություններում չկան հարցեր, քանի որ դա կնշանակեր, որ հարաբերություն ընդհանրապես գոյություն չունի: Վստահորեն կարող եմ ասել, որ մեր հարաբերությունններում չկան անլուծելի հարցեր, և մենք այսօր կքննարկենք հարցերի շատ լայն շրջանակ:
Վստահ եմ, որ այդ հարցերը կլուծվեն` մեր դաշնակցային հարաբերությունների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների սուվերենության նկատմամբ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա: Շատ ուրախ եմ, որ ռուսաստանյան ներկայացուցիները, ամեն անգամ խոսելով մեր հարաբերությունների մասին, ընդգծում են նաև այս առանցքային հարցերը: Կարծում եմ` գլխավոր խնդիրն իսկապես մեր հարաբերություններում առկա ողջ ներուժի բացահայտումն է:
Մենք, իհարկե, ունենք փայլուն հարաբերություններ, բայց, կարծում եմ, պետք չէ դրա վրա կանգ առնել. հատկապես մեծ ներուժ ունենք քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում և ընդհանրապես հումանիտար կապերի ամրապնդման առումով: Իհարկե, մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ և սերտացմամբ. նկատի ունեմ ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև համագործակցությունը և՛ Եվրասիական տնտեսական միության, և՛ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, և՛ ընդհանրապես մյուս ոլորտներում:
Դուք, իհարկե, իրավացի եք. մեր ապրանքաշրջանառության աճն այս տարի կազմել է ավելի քան 20 տոկոս, և դա շատ լավ նորություն է: Կարծում եմ` մեր հարաբերություններում լավ նորություններ շատ կան. միայն պետք է ընդգծել և որոշումներ ընդունել որոշ ուղղություններով, և, իհարկե, պետք է մտածել` ի՞նչ անել, որպեսզի մեր հարաբերությունները հետագայում էլ ավելի դինամիկ զարգանան:
Եվս մեկ անգամ շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Վստահ եմ, որ կկարողանանք պահպանել այս պարբերականությունը, որովհետև ինձ համար հաճելի է շփվել Ձեզ հետ ոչ միայն միջպետական, այլև անձնական մակարդակում: Կարծում եմ` մեզ լավ զրույց է սպասվում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
***
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Մոսկվայում հանդիպել է ռուսաստանաբնակ հայազգի գործարարներին:
Մինչ համագործակցության շուրջ քննարկումն սկսելը ՀՀ վարչապետն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներին. «Ռուսաստանի նախագահի հետ միասին արձանագրել ենք, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա որևէ խնդիր, և բոլոր հարցերի շուրջ կա ըմբռնում: Ի թիվս մի շարք այլ ոլորտների, քննարկել ենք նաև տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Սա լավ ազդակ է ձեզ համար ևս` Հայաստանի տնտեսությունում նոր ներդրումներ անելու և տարբեր ոլորտներում ծրագրեր նախաձեռնելու համար», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպման մասնակից գործարարների հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության զարգացման վերաբերյալ կառավարության տեսլականը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարվող քայլերը, ներդրումների պաշտպանության և խրախուսման, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, հարկային օրենսդրության, պետական կառավարման համակարգի բարեփոխումները:
ՀՀ տնտեսության զարգացման առաջնահերթությունների շարքում կառավարության ղեկավարը նշել է թեթև արդյունաբերության, ադամանդագործության, ոսկերչության, զբոսաշրջության, ինտենսիվ գյուղատնտեսության ոլորտները, իսկ թիվ մեկ գերակայությունը բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է: «Մենք պետք է աշխատենք Հայաստանն ագրարային երկրից տեխնոլոգիականի վերածելու ուղղությամբ, քանի որ դա բխում է մեր անվտանգությունից», -ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով ներդրումների երաշխիքներին` Հայաստանի վարչապետը նշել է, որ թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը երաշխավորված է ՀՀ օրենսդրությամբ. «Ամենակարևոր արձանագրումը հետևյալն է` որևէ բիզնես գործունեություն պետք է իրականացվի օրինականության շրջանակում: Մենք պետք է ստեղծենք համագործակցության մթնոլորտ և միասին զարգացնենք մեր հայրենիքը»: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկումներ է անցկացնում ներդրումների պաշտպանության նոր մեխանիզմների, ինչպես նաև «ներդրումային մեկ պատուհան»-ի ներդրման շուրջ` նպատակ ունենալով դյուրացնել գործարարների շփումը պետական կառավարման համակարգի տարբեր օղակների հետ և բարձրացնել պետություն-բիզնես երկխոսության մակարդակը: Ինչ վերաբերում է հարկային օրենսդրության բարեփոխումներին, վարչապետի խոսքով` գործադիրը նախաձեռնել է լուրջ փոփոխություններ` նպատակ ունենալով հնարավորինս պարզեցնել հարկման համակարգը և բարելավել գործարար միջավայրը:
Ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է նաև Հայաստան-Սփյուռք կապերի վերաիմաստավորման հարցը: «Բարեգործության տրամաբանությունը պետք է փոխարինենք աշխատանքի տրամաբանությամբ»,- ընդգծել է վարչապետը` նշելով, որ կառավարության նպատակն է` միջավայր և պայմաններ ստեղծել, որպեսզի արտերկրում բնակվող մեր հայրենակիցները Հայաստանում ներդրում կատարեն` նոր աշխատատեղեր ստեղծելու, իրենց բիզնես շահերը հաշվի առնելու և շահույթ ունենալու տրամաբանությունից ելնելով:
Որոշ գործարարների կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են նաև կոնկրետ ներդրումային ծրագրերի առաջարկներ: Կառավարության ղեկավարը հորդորել է դրանք տրամադրել ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատուներին և համապատասխան նախարարություններին` հետագա ընթացքը քննարկելու համար:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի ներքաղաքական հարցերի և զարգացումների, Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ: